ԳլխավորՊոեզիաՄանկականԱրձակԻմ մասինԿապ


Պոեզիա

****
Քնած լռության մեջ իմ արթուն սենյակի,
Այսօրվա հուշը քո սիրով եմ ծրարում,
Քամահար ծառերն են խշշում իմ նամակի,
Մութը պատուհանից ինձ պես չի հեռանում:
Կեսգիշերը անց է,հասցե է կորցրել
Որոնումից հոգնած անունով մի քամի,
Հուշերիս պահոցի բանալին եմ գտել`
Թեքված սպասումի լուսավոր մի ժամի:
Քո դեմքի գծերը,ձայնդ լուսաբողբոջ,
Դեռ խառնում եմ անցած իմ օրվա ճերմակին,
Հանդիպելով նորից  անմեղ ու հեզ կնոջ,
Ստվերդ ամաչեց մերկությունից կրկին:
Ծրարում եմ հուշը իմ լուսե երեկվա`
Հոգնությամբ գիշերվա ուշ ու լռին ժամի,
Ստվերդ հեռացավ քամու թևին ահա`
Թողնելով ինձ համար ծրարներ մի քանի:

*****
Գարուն է ու `գարնանաբույր
Սիրով մեկ լի ողջ աշխարհի,
Լաց ու ծիծաղի մեջ մաքուր,
Մանկան նման մեծավարի:
Աչք է շոյում գույնը կանաչ
Նվերի պես Ամանորի,
Ասես աշխարհն ապրում է հաշտ
Գարնան համար ու բոլորի:
Ասես ձմեռ չի էլ եղել,
Ծաղկած ծառը մշուշ չունի,
Ոչ առել է,ոչ էլ`տվել,
Գարնան տոն է, տոն է նորի...

****
Ցածր են թռչում ծիծեռնակները.
Տանիքներին մոտ,մոտիկ բներին,
Ճվճվում, ուրախ տալիս են թևին
Տրտմած օրվա կուտակ հոգսերը:
Երկինքն առել են ծծմեր ամպերը,
Հազար ու մի աչք բաց ստինքներին,
Աչքակապերը հողոտ ձեռքերին
Ճամփա են պահում ծառ ու ծիլերը:
Օդը լարված է ջութակի նման,
Ասես թե մեկը համերգ է տալու,
Լացով է գործն իր առաջ տանելու
Արթնացած օրը հանց մանուկ լալկան:
Պայթում է լուսե բողբոջի նման
Երկնքից ընկնող կաթիլն առաջին,
Թաց է ճիչն հողի մի նոր արթնացման,
Բաց են աչքերը այտերի պաչին:
Մեռնելու վախը թաղել է սերմը,
Հողի մեջ ծիլը կունենա երկինք,
Գարունը մանուկ մի ոտաբոբիկ,
Բռնել է արդեն վարար անձրևը...

******
                        Վ.-ին
Քեզ տեսնելու խինդի հույսով
Ես տրվել եմ թափառումին,
Դիտմամբ անցել քո փողոցով,
Հավատալով հանդիպումին:
Պատահական կանվանեի,
Թե որ ճամփիս ելնեիր դու,
Ժամին հաստատ կնայեի,
Կշտապեի` իբրև թե տուն:
Դեռ սիրում եմ ,-չէի ասի,
Ու երբեք էլ չեմ ասել քեզ,
Չէի թողնի մտքովդ անցնի
Մատնել հանկարծ աշխարհին մեզ:
Իմ առաջին սերն էիր դու,
Վախենում եմ անունդ տալ,
Մեզ վիճակված բախտ էր`երկու
Ճանապարհով մենակ գնալ:
Քո փողոցում պատահական
Թափառումով մի օր էլի,
Մեկն անունդ տվեց լալկան,
Ինչ իմանար`չգիտեի:
Կյանքդ ժխտեց այնքան թեթև,
Ասես ուրիշ սուտ չէր գտել,
Քո փողոցն էլ չեկավ ինձ հետ,
Փակուղի էր ճամփես մտել:
Ծաղկուն կյանքդ`կյանք նոր մտած
Վթարվել է`բախվել մթին,
Մտքերի մեջ`մտքով անցած
Մոռացել է դարձի ուղին:
Չէ, չեմ վարժվում ես այդ ստին,
Առաջվա պես իմ հեռվում կաս,
Մեռնումներիս կյանքերով հին,
Հուշերիս  պես  մոտ ու անհաս....

*****
Հուշի ոտնահետքի անձրևաջուրը տաք
Ծարավը չկոտրեց իմ պապակ մտքերի,
Ժամանակի փոշին հուշատետրի իմ փակ
Թևերի հևքն ուներ մեռնող թիթեռների:
Ծունկը դանդաղ ծալեց օրս վազքից հոգնած`
Այդպես աղոթում են`հայցում ներում,
Իմ նորելուկ սիրո մարմինը բարուրած
Քո հայրության հույսով օրորվում էր վերում:
Հեգ կարոտս հաճախ երկնքին է փարվում
Լույս երկունքի ճիչով հղի իմ կուսության,
Հուշդ արցունքները սրտիս մեջ է այրում.
Հեծկլտոցն եմ լսում հաճախ իմ մենության:

*****
Նորելուկ բանաստեղծությունս
Երեկ թևաբախ օդ բարձրացավ,
Աչքերիս դեմ մշուշ էր ու մեգ,
Նինջն իմ կոպերին ծանրացավ:
Կվերադառնա,-մտածեցի,
Համբույրս է նրա շուրթերին,
Անունը մտքումս քնեցի,
Չանսացի հուշի բողոքին:
Զուր է հեգ գրչիս ջանքն այսօր
Թղթերին`ճերմակից ուշաթափ,
Թռչունն իմ  որտեղ է մոլոր
Ետ ընկել երամից թևաթափ:

*****
                  Նա չէ? եզակի...
                   Գ.Գալստյան


Նա,ում մարմինը խոցված էր ցավով,
Ով դատապարտյալ` կյանքից մի փշուր
Տանում էր իր հետ` խնկումի սովոր,
Նա, ում մարմինը բժշկվեց խոսքով,
Այն տասից մեկը`հոգով միշտ մաքուր,
Ով իր հավատի ետևից գնաց,
Նա էր միակն ու եզակին միակ,
Որ ինձ հարազատ իմ կամքով մնաց:
Ու թե բորոտի նզովքով կրկին
Զարկվեր մարմնի ծաղկումը ուրախ,
Հավատացած եմ,Նա է եզակին,
Որ չի նզովում-ով տվել է մահ..

****
Վարդագույնից էր հագիդ, թովիչ էիր դու,
Պատանեկան հմայքդ`  հասուն տարիքի,
Հանց կիսավեր տաճարի գմբեթ մենք երկու,
Աղերսով էինք կյանքի նայում երկնքին:
Ես փորձում եմ ժողովել պահերը ծաղկած,
Իմ արյան մեջ մոռացած հուզմունքը սրտիս,
Աղջկա պես միամիտ սիրտս հավատաց,
Թե շատ վաղուց մոռացված խոստում էիր ինձ:
Որ ամեն ծաղկած գարուն վարարում ունի,
Հեղեղումը հույզերի նոր հուն է գտնում,
Լինելունը`թող բարի լույսի պես լինի,
Մեռնումով է ծաղկումը չէ որ կրկնվում...

*****
Երես տվեք ինձ,շատ բան չեմ ուզում,
Մանուկ օրերիս պատրանքը ապրեմ,
Ազնիվ է մանկան խռովք ու հուզում,
Աշխարհն իմ հոգսից մի քիչ թոթափեմ:
Մի քիչ թռվռան`ծիծաղեմ սրտանց,
Մի ասեք,որ ես հասուն եմ վաղուց,
Թե որ դուր չգա,բամբասեք կամաց,
Սիրտս նեղվում է ծուռ խոսք լսելուց:
Իմացած եղեք,շատ չեմ անհամեստ,
Մի թաշկինակով կարող եմ խաղալ,
Թաշկինակը ետ առնելն էլ է հեշտ,
Ես ինձ չեմ պահում իրերը օտար:
Ինձ երես տվեք` մի քիչ մանկանամ,
Գիշերվա մթնում արև նկարեմ,
Առավոտյան ես տատիկ կդառնամ,
Թոռնիկիս պարտեզ ես պիտի տանեմ:

****
                         
   ...Այն սգակիր մարդկանց,
                               որ դեգերում են մունջ...
                            ....Նեցուկ դառնանք թող,
                            որ մնան անգայթ,ամուր...
                                           Արտաշես  Արամ


Այն սգակիր մարդկանց,որ դեգերում են մունջ,
Որ զարկվեցին երեկ ձեռքով չարի,
Չտանք նոր ցավ այսօր, չթողնենք անտերունչ,
Մտածելով`ցավին  սովոր է, կտանի:
Չթողնենք վերքի պես փակվի սիրտն էլ նրանց,
Անապատի տոթը լցվի նրանց հոգին,
Ցավը տերը գիտի,վերքը տիրոջն է հանց,
Գութը վիրակապենք մենք նրանց մորմոքին:
Նեցուկ դառնանք,թող որ մնան անգայթ,ամուր,
Բորոտների նման չօտարենք մեզանից,
Թող չճոճի նրանց ձեռքով Աթիլլան սուր,
Թող կրակը չընկնի խիղճը տիրոջ ձեռից:
Այն սգակիր մարդկանց,որ դեգերում են մունջ,
Չգտնելով կորցրած թևերն ու երկինքը,
Նրանց կարոտանքի ծովին տամ սիրահունչ,
Երգիս նվիրումի արևաշող կիրքը:

****
Քեզ համար չի խփել սիրտս ոչ մի անգամ,
Թեպետ իմ ժպիտն եմ քեզ շռայլել,
Բացակա է եղել իմ մեջ քո մեծ ներկան,
Ինձ համար չես փայլել,դու չես փայլել:
Որոնումի ճամփին սպասումները նոր
Սիրո ծնունդով են կյանքն իմ խաչել,
Սեր եմ երգել անգամ ես քնի մեջ իմ խոր,
Քաղցած մանկան նման աչք եմ բացել:
Կարոտս չի եղել քո պատկերով կողքիս,
Վերջին հույսի նման ես կլինեմ քոնը,
Երգելու համար է ընտրել իմ բախտը ինձ,
Պիտի խախտեմ ի ցույց դրած քո անդորրը:

****
Իմ կերած խնձորի կորիզը`կանաչ ծառ,
Իմ ծառի խնձորից տեսնես կերավ Աստված,
Դրախտի մեջ տեսնես կա դժոխքի կասկած,
Իմ կերած խնձորի կորիզը`կանաչ ծառ:
Հիշողության մեջ թող ճամփեն երկար մնար,
Որ ծառիս ստվերում հանգստանար Աստված,
Իմ կերած խնձորի կորիզը`կանաչ ծառ,
Իմ ծառի խնձորից տեսնես կերավ Աստված :


*****
Իմ ապրած կյանքը ինձ սուտ է թվում,
Անցյալիս հուշով ներկայում դեռ կամ,
Ապրելու քաղցը Աստծու պես անմահ,
Իմ ապրած կյանքը ինձ սուտ է թվում:
Վաղվա հույսով եմ ես այսօր մնում,
Երեկվա պարտքը ես վաղը կտամ,
Իմ ապրած կյանքը ինձ սուտ է թվում,
Անցյալիս հուշով ներկայում դեռ կամ:

*****
Գտածս օտար մեկի երազն էր,
Նրա ոսկու փայլից մնացի սուս,
Տիրոջ ետևից ճամփեն  կվազեր,
Գտածս օտար մեկի երազն էր:
Արթնացա, տեսածս երազ էր,
Իրականը ցավն էր հոգուս,
Գտածս օտար մեկի երազն էր,
Նրա ոսկու փայլից մնացի սուս:

*****
Ինձնից դուրս, խիղճ իմ,չես կարող ապրել,
Իմ արյան կանչին ես էլ եմ  գերի,
Դժվար է առանց վեր տանող թևի,
Ինձնից դուրս, խիղճ իմ, չես կարող ապրել:
Իմ ձեռքով հաշիվ չես փորձել մաքրել,
Քանզի կամքով ես գործել առ վերին,
Ինձնից դուրս, խիղճ իմ, չես կարող ապրել,
Իմ արյան կանչին ես էլ եմ գերի:

******
Աչքակապերից միտքն իմ չի մթնում,
Քո դիմակների գաղտնիքը գիտեմ,
Երբ դու քնած ես,նրանք են արթուն:
Խաղում ես <խաչյալ>,քոնը չէ դերը,
Խաբկանքի համար պետք է վճարել,
Ծուռ մեխեր են հանց անսեր բառերը:
Ասում ես `դու ես իմ փրկությունը,
Դիմակով էլ ես մնում սատանա,
Խաչի հետ իմն է և զորությունը...

*****
Թակեցին իմ տան դուռն այսօր
Ինձ անծանոթ այր ու մի կին,
Կառչած Աստծո գրյալ խոսքին
Թակեցին իմ տան դուռն այսօր:
Տապան ենք մենք`ասին` մի նոր,
Տեղ չէր տալիս նավն իմ մտքին,
Թակեցին իմ տան դուռն այսօր,
Ինձ անծանոթ այր ու մի կին:

*****
Հոնքը կախ է երկնքի,
Հայացքը` մոլոր,
Մշուշն հեռու ճամփեքի
Եկվոր է քոչվոր:
Լույսը աղջիկ է ասես
Տանը մնացած,
Սիրտը բոխչա չի` բացես
Խինդով սպասված:
Օդն անձրևից է խեղդվում,
Տապան չմտավ,
Հողն էլ թրջված մտքերով
Խմորում է կավ:
Արև ծագեց երկնքում,
Խոսք ուներ տված,
Օրը աչքերն է սրբում
Լացից խռոված:

****
Տկարությունն իմ հոգու բոցե շապիկ է հագել,
Փակում եմ ես կոպերով պղտոր աչքն իմ հայելու,
Հուշերը իմ արթնացած հույզերի դուռն են թակել,
Տառապանքը իմ հոգու`մտքիս,չէ,չի  ներելու:
Նա ընկել է սար ու ձոր`անցած ուղին գտնելու,
Ինձ են նայում նկարից մայր ու երեք փոքրիկներ,
Սիրտս խոցվում է կրկին`ցավը ես եմ տանելու,
Երկրաշարժից մազապուրծ այրի կին ու որբուկներ:
Խիղճս հալվող մոմի պես արտասվում է մեղավոր.
-Դուք գեղեցիկ եք այնքան,աշխարհը դա չգիտի,-
Հույսի շողը թագակիր ունի ճամփա լուսավոր,
Բախտի թեքված անիվը արդարացում թող փնտրի:
Չհասցրի,որ երկնեմ ձեր պես տասը երեխա,
Որբությունն իմ արգանդում երրորդ որդիս իմացավ,
Չարանում է թե սիրտն իմ,շշնջում եմ`Տեր,մեղա,
Կորցնելու սարսափը աղոթքիս հետ մեծացավ:
Այդ օրվանից ես`այրի-մայր-անունդ ինձ վրա,
Փոքրիկներիդ կարոտը որդիներիցս եմ առնում,
Դուք մնացիք որպես հուշ,իմ այսօր,վաղվա ներկա,
Ձեր չորսին էլ իմ արյան կաթիլով եմ ճանաչում...

****
Վառ արև չեմ Ադամին, ոչ էլ`վարդ լուսին,
Մինչ թվացյալ դրախտն է ինձ աչքով անում,
Երբ իմ կավը տրվել է բոցեղեն լույսին,
Ու այրվելու կիրքը կույր էլ չի ձևանում:
Ու մնում եմ `ականջս կանչի հարազատ,
Սպասումիս իմ արյան կաթիլը տալով,
Իմ կարոտի երկինքն է վերում աստղազարդ,
Որ գալիս է դեռ ինձ հետ նույն ճանապարհով:
Բաց չեմ թողնի միամիտ փեշը իմ ճամփի,
Օրապահիկ իմ հացը փշրել եմ քաղցած,
Հավատում եմ,չի ծնկի սև ամպ ու զամպի,
Հավատում եմ հավատիս, լինի `ուշացած:
Քամին փոշի է գտնում իմ ճանապարհին,
Լույսի համար է աչքիս կոպը ծանրանում,
Ես փնտրում եմ իմ թագը,մեկ էլ`մատանին,
Թեպետ բախտիս անունը գաղտնիք է մնում:
Խաբկանքը միշտ ցանկալի վատնում է շռայլ,
Հաճախ լսում եմ կանչող ինձ հարազատ ձայն,
Հասմիկները կծաղկեն իմ ճամփին դժվար,
Ու կմնամ ես ընդմիշտ ինքս ինձ նման:
Ես արև չեմ Ադամին,ոչ էլ` վարդ լուսին,
Ու իմ ծառը անմեղ է տենչով ծաղկումի,
Հավատում եմ հավատիս երկրային հույսին,
Դափնեպսակ է կրում լույսն իմ անունի..

*****
Ես քո աչքերի մեջ պիտի չնայեի,
Մանանա էր կապույտ երկնքից իջնում ցած,
Իմ աղավնուն քաղցի պիտի խնայեի,
Թող չիմանար, որ նա երազիս էր խաբված:
Պիտի չպահեի տարիքը իմ գաղտնի,
Հրեղեն թռչուն էր միտքս ճամփից առաջ,
Հիսուն տարին երգ է կիսադեմով դարի,
Ժամանակի գետը ունի ծովի  շառաչ:
Պիտի չպահեի գույնը քո աչքերի
Խարույկվելու պատրաստ իմ հույզերի ծոցում,
Կրակապաշտ սերն իմ մոգ է կրքոտ պարի,
Մինչ կապույտն աչքերիդ լեզու կառներ բոցում...
Ես քո աչքերի մեջ պիտի էլ չնայեմ,
Ծովի պես կապույտ է երկինքը միամիտ,
Իմ աղավնուն քաղցի հույսով պիտի պահեմ,
Մինչ երկնանա հույզի մի նոր փրփուր ալիք:

****
Կանչող կնոջ պես արև է այսօր,
Թեև խաբելու պատրանք ես չունեմ,
Հոգիս ամպած է ու մտամոլոր,
Ծիածան գնամ դրսում որոնեմ:
Գարուն է արդեն,բայց թաց ձյուն դեռ կա,
Ձեռնոցս մաշված գետնին եմ նետել,
Ով ինձ իր սրտի բանալին կտա
Ու կհավատա,որ ես եմ գտել:
Իմ ու Աստծո մեջ կնքված դաշինքի
Ծրարը ամպե նավում մոռացա,
Անհաշտ եմ նայում դեմքին երկնքի,
Բացված ծրարը դատարկ ստացա:
Օրը խաբվում է իր մայրամուտին,
Բոսորագույնը մթնում նոսրացավ,
Անուն չեմ դնում նրա մորմոքին,
Սիրելու տենչից ինձ պես տաքացավ...

****
Մշուշվեց հայացքս արտասուքից,
Թաց օրվա վարակիչ տխրությամբ
Քամելով խեղճությունը մարմնից:
Ես մտովի գնում եմ մեռնելու,
Թևաթափ է հուղարկավոր հոգիս,
Նորից է իմ դարձին մնալու:
Շրջվել է դեմքս հայելում ունայն,
Ծածկում եմ ինձանից տխրությունը
Հավատափոխ` տոնին հարության:

*****
Ուժ կգտնեմ իմ մեջ քեզ էլ չփնտրելու,
Որ խաչյալ մարմինդ իմ արյամբ չաղաղակի,
Նոր հառնումիդ համար ես էլ չեմ այրվելու,
Տաճարիս դուռը հին դու քո ձեռքով փակիր:
Զարկերակն հավատիս կշոշափեմ թաքուն,
Ինձ համար թող ոչ ոք չկանգնի աղոթքի,
Ջուրն իր ճամփեն գիտի,նա կունենա նոր հուն,
Ես դեռ դարձի չեկած մի անառակ որդի:
Երկինքն ու երկիրը ինձ մոտիկ են այնքան,
Մինչ եղել է հեղեղ, էլի է լինելու,
Ես չեմ ուզում մտնել մեկ ուրիշի տապան,
Ուժ կգտնեմ, գիտեմ, տապանն իմ շինելու...

****
Մեկն ինձ սիրո խոսք ասաց,
Թրթիռը հասավ ականջիս,
Աշխարհը` թվաց սրտաբաց
Գալիս է փարվելու կրծքիս:
Մայր մտնող արևը վառման
Շողերով աչքերս կապեց,
Օրվա հետ կրակներ հանգան,
Երկինքն ինձ աստղերով խաբեց:
Աշխարհի կոպը ծանրացավ,
Լուսինն էր վերևից հսկում,
Մտքերով ընկած հեռացավ`
Չգտանք մենք իրար մթնում:

*****
Իմ պատուհանի չափ է երկինքը,
Դրսի կողմից է այն վարագուրում,
Իմ տան խորհուրդը մտքում օրորում,
Հետո թևաբաց վազում իմ գիրկը:
Այսօր կապույտ է գույնը աչքերի,
Մի սիրելու չափ կապույտ վերցնեմ,
Այսօր իմ երգին կապույտ հագցնեմ,
Բերկրանքը ապրեմ ճախրող թևերի:
Այս կանգնած օդի համար եմ դողում,
Թրթիռը սրտիս չմնա անտես,
Անդորրն իմ ներսի խշշա ծովի պես,
Ալիքվի կապույտ երկինքը ծոցում:
Իմ պատուհանից կախ է երկինքը,
Վարագույր չունեն պատերը իմ տան,
Թեթևամիտ է իմ երգի մուսան,
Ես կտակում եմ նրան իմ կիրքը...

****
             Մայր իմ անուշ  ու անգին...
                           Ե.Չարենց

Մայր իմ բարի ու անգին,
Արդ դարձել ես դու մի բուռ,
Հույս ու հավատ իմ ճամփին,
Իմ խղճի վանք ու մատուռ:
Մայր իմ, մայր իմ միշտ բաց դուռ
Իմ առաջ ու իմ մանկան,
Աստծո գառ ես, պաշտպան սուր,
Աղն ես հացի իմ հոր տան:
Պարգևի պես լուսերես
Դու և կյանք ես, և`օրհնանք,
Թող որ լինեմ այսօր քեզ
Գթության քույր, մայր իմ թանկ:
Մայր իմ, մայր իմ միշտ բարի
Լույսի նման անկաշառ,
Բոլոր մայրերն  աշխարհի
Մեկ էլ դու ես մինուճար...

***
Վաղը տոն օր է, վաղն ութն է մարտի,
Կանանց սրտով է օրը բացվելու,
Սեր կխոստանա  <կարմիրը> վարդի,
Ձնծաղիկ կտա օրն ինձ այցելու:
Բոսորագույն է այսօր երկինքը,
Մայրամուտին է լույսը շիկանում,
Ամպերը ասես ստինք են լիքը,
Գարունը`մանուկ, նոր է արթնանում:
Վաղը տոն օր է, կգա Ցետկինը,
Ես նրան էսպես`Կլարա,- կասեմ,
Կպարպենք գինու շշի կարմիրը,
Հարության տոնին հետո կսպասեմ:
Վաղը տոն օր է, վաղն ութն է մարտի,
Կանանց սրտով է օրը անցնելու,
Թող չնեղանա  <կարմիրը> վարդի,
Ձնծաղիկ է իմ հոգում բացվելու...

****
Սրտիս օտար մի տղամարդու հետ
Աստվածաշունչը անկամ թերթեցի,
Երգ-երգոցը տաք սիրո անմար երգ,
Ժպիտով կամա նրան գերեցի:
Նա էլ ինձ ասաց, թե գեղեցիկ եմ,
Որ գեղեցիկ եմ ոնց Մոնա Լիզա,
Իմ սիրով ծովն իր փոթորկից փրկեմ,
Ու իմ արևն իր երկնքում շողա:
Նա ինչ իմանար բաց ծով չեմ մտել,
Ափ վազող ջուրն ինձ թրջել է միայն,
Շատերին եմ իմ ժպիտով գերել,
Կհասկանա ինձ լոկ Մոնա Լիզան:

****
Մորս կոշտացած ձեռքերի քնքուշ
Հպումը` կուզեմ Աստված իմանա,
Ունենա անհոգ մանկության մի հուշ,
Ձեռքի հացն ուտի, ինչպես մանանա:
Տարածվի անուշ բույրը լավաշի,
Մորս սրտի պես`աչքս կշտանա,
Թող հոգսը Աստծո միտքը չմաշի,
Երբ թոնրի ծուխը երկինք բարձրանա:
Աղոթքի լույսը հոգու մեջ պահում`
Մայրս, երբ օրը հետը չի գալիս,
Աստված, քո անվամբ մայրս է գոհանում,
Երբ ես եմ նրան սառը ջուր տալիս:
Երբ բախտի տեղակ քեզնից նեղանա,
Մորս չափսոսաս սիրուդ մանանան,
Մայր չունես, մի օր մայրս կիմանա,
Աստված, ինձ նման ունեցիր նրան...

****
Հացը կուլ չի գնում, պանդուխտ է իմ որդին,
Հայրենիքից հեռու`օտարի երկրում
Դրամ է վաստակում, հոգսիս բեռը մտքում,
Մեկը մոր պես սիրով լիներ որդուս կողքին:
Դեռ երեկ էր կարծես,որբ էինք մենք երկու,
Մոր ու մանկան ճամփին սառը ջուր եմ ցողում,
Արևահար է դեռ ճամփեն փոշոտ հողում,
Կանչում է կարոտն իմ,ինչպես անքուն կկու:
Հեռաձայնում եմ ես, խոսում հետը որդուս,
Բայց չեմ ասում նրան իմ կարոտի մասին,
Թե ոնց եմ հոգոցով նայում իմ կուշտ հացին,
Ու մեղքն իմ անոթի գցում վիզը հոգուս:
Հացը կուլ չի գնում, տանը չէ իմ որդին,
Հայրենիքից հեռու` Մայր- Հայրենին մտքում,
Օտար երկնքի տակ տունը  շուտ է ցրտում,
Հայրենիքը լիներ մոր ու որդու կողքին...

*****
Ծնող լինելու պես դժվար`
Դժվարին կյանք է,
Տարիների թիվն անհնար
Հանց ակնթարթ Է:
Ծառի նման` կապված արար
Երկնքի շողին,
Կանաչ կյանքի սիրուն խոնարհ`
Արմատի հողին:
Ծնողին երբ են հասկացել,
Ոնց սիրած մանկան,
Սերը հաճախ է խեղճացել,
Նման լքված տան:
Ծնող լինելու պես դժվար`
Քաղցր տանջանք է,
Չես կարող ապրել քեզ համար,
Փորձառու ջանք է....


****
Կոշտ ձմռան ցուրտ օրը
Ճաք էր տվել դրսում,
Ճերմակ կիրք էր, որը
Ձյունի տակ չէր մրսում:
Մերկությունը ծառի
Երկնի աչքն էր խոցում,
Ծերության չափ բարի
Երգ կար սիրո ծոցում:
Ճռվողյունին հավքի
Լույսն էր դառնում քավոր.
-Երբ Աստծուն չես գտնում,
Սաղմոս է հարկավոր:
Ձեռքը տաք էր մեկի`
Մյուսին հաց տալով,
Մուրհակ էր անմեկին
Տարին`շահած պահով:
Օրը տուն էր տանում
Խորհուրդը հին խոհի,
Կիրակի էր ծաղկում
Համբերանքում զոհի...

*****
                 Ունեցած-չունեցածը մի երգ էր...
                                      Ա.Մարտիրոսյան


Նվիրում եմ երգեր
Ինձ անծանոթ մարդկանց,
Աշխարհին սրտաբաց
Նվիրում եմ երգեր:
Աղոթքի պես`ի Տեր,
Խոսքի շուրթով ծաղկած,
Նվիրում եմ երգեր
Ինձ անծանոթ մարդկանց:

******
Իրիկնանում է ամռան արևշատ օրը,
Վաղուց հորանց տուն չեկած աղջկա նման
Դժվարությամբ է թողնում լույսն իր բոլորը:
Ոտքը կախ է`չի ուզում անտես հեռանա.
Ծիծեռները երգելով ճամփա են գծում,
Իրիկնացող < այսօրը> որ վերադառնա:
Այնպես մեղմ է ու քնքուշ իրիկնամուտը,
Անարև երկինքի տակ օդն էլ չի ջերմում,
Մոռացված ստվեր է հանց խարխափող մութը,
Որքան հեշտ է աշխարհը երկնքին մերվում....

****
Լիալուսինը ձնագնդի պես
Ճերմակ է մթնում,
Իմ պատուհանից նայում ինձ ու քեզ`
Իրեն չի գտնում:
Սառը լուսատուն աչքիս փայլի մեջ`
Արևն իմ մտքում,
Կարող ենք ապրել այսպես մի տան մեջ,
Նաև` երկնքում...

*****
Թե խուփի տակ են կրակը պահում,
Լեզվակը բոցի երկինք չի հասնի,
Ծուխը կխեղդի կոկորդը խոսքի,
Թե խուփի տակ են կրակը պահում:
Առանց կրակի օջախ չի դառնում
Տունը`թե անգամ պատերն են ոսկի,
Թե խուփի տակ են կրակը պահում,
Լեզվակը բոցի երկինք չի հասնի:

****
Իմ ապրած կյանքը իմն էլ է եղել,
Հուշերիս կծիկն ունի բեկման կետ,
Քայլերս ակամա ճամփա են շեղել,
Մենակ չեմ այսօր իմ երեկվա հետ:
Ինչ որ տեղ,գիտեմ,սխալ եմ ապրել,
Օրհնյալ է ցավը,որ հույս է ծնում,
Միանձնուհու պես ինքս իմ մեջ փակվել,
Ու էլ`աշխարհում իմն ինձ էր մնում:
Որ ավելանամ մաս-մաս լինելուց,
Որ երգով ցավին ու ինձ բաժանեմ,
Որ չդադարեմ մարդուն սիրելուց,
Խլածաղկի պես անուններ պահեմ....

*****
Ես որոշել եմ,որ պիտի պարտվեմ,
Քեզ եմ պարզելու գավաթն հաղթողի,
Փռվել ոտքի տակ` նման մայր հողի,
Ես որոշել եմ,որ պիտի պարտվեմ:
Ծաղկի նմանակ`մութի դեմ փակվեմ,
Սիրտս բացելով մի փոքրիկ շողի,
Ես որոշել եմ,որ պիտի պարտվեմ,
Քեզ եմ պարզելու գավաթն հաղթողի...

***
Ժպիտ իմ դիմակի գերող,
Տվայտանքն իմ հոգու պահիր,
Ցավի դեմ խաբկանքի դու քող,
Անարցունք աշխարհին նայիր:
Մի տրվիր, չտրվել խոստումին,
Պահերը դառնում են մտափոխ,
Ծխում է մեր ծանոթ անցուղին
Պատրանքը արևի լուսաշող:
Էլ չասել ոչ մի խոսք,ոչ մի բառ,
Սափորիս ջին-ոգուն կանչող,
Խեցու մեջ ծովի հուշն է վառ,
Չխոսկան սիրո պես հառաչող:

*****
Չիմացա ինչ եմ անելու,
Թանկը քո,կյանք,չիմացա,
Աշխարհի թովչանքին հլու`
Վայելքից նրա հեռացա:
Օրերը գարունքս առած`
Հեռացան,ախ,ուր,չիմացա,
Իղձերս`աստղեր սառած,
Նրանք ինձ,թե ես ուրացա:
Չիմացա էժանն ու թանկը,
Լուսանցքում այս ինչ եմ անում,
Երազի նման է կյանքը,
Արթնանալ եմ անվերջ ջանում:

****
Ցանկանում եմ քեզ սիրո խոսք ասել,
Տոնի առիթով`օրը վարդանա,
Խոսքը,որին դու շատ ես սպասել,
Խոսքը,որ ասես լինի մանանա:
Ուզում եմ խոսքով քեզ սիրտս բացել,
Տոնական գինի մեր հացն ունենա,
Այս օրվան ես էլ շատ եմ սպասել,
Թող վաղվա օրը լինի առօրյա:

*****
Դու գարնան եղանակ`
Խոստումներով ամռան,
Ես աշնան գոլ երկինք`
Սառը մտքերի մեջ:
Ես վերջին լույս մի կիրք,
Մոխրի տաք պահող պեծ,
Դու թեժ բոցով կրակ`
Օջախ չունեցող տան:
Ես էլ,դու էլ`բախտով
Ճամփորդներ ենք երկու,
Գտած նույն երազով
Կապված ենք մեկմեկու:
****
Մաքրություն  անելիս
Մաքրողն է կեղտոտվում,
Գործը բուռ է մտնում
Մաքրություն անելիս:
Փոշուց աչքն է լալիս,
Միտքը ջուր է ծեծում,
Մաքրություն անելիս
Մաքրողն է կեղտոտվում:
***
շարունակությունը` 5-րդ  էջում


1 2 3 4 5

var container = document.getElementById('nativeroll_video_cont'); if (container) { var parent = container.parentElement; if (parent) { const wrapper = document.createElement('div'); wrapper.classList.add('js-teasers-wrapper'); parent.insertBefore(wrapper, container.nextSibling); } }