ԳլխավորՊոեզիաՄանկականԱրձակԻմ մասինԿապ


                          ԼՈՇՏԱԿ  ԱՆՈՒՆՈՎ ՓՂԻԿԸ
Լոշտակ էր փղիկի անունը,որովհետև ականջները նման էին Լոշտակ բույսի տերևներին՝   տափակ ու լայն:Բացված հովհարի էլ էին նման,բայց արդեն  մեկ էր, թե էլ  ինչի էին նման Լոշտակի ականջները,կարևորը` անուն ուներ և գլխի վրա  լայն ու մեծ ականջներ: Ոչինչ էլ չկար զարմանալի-իր մայրն ու հայրն էլ ունեն իր ականջների նման ականջներ,տատն ու պապն էլ,երևի նրանց մայրերն ու հայրերն էլ էին իր ականջների նման ականջներ ունեցել: Ինչ լավ էր,որ Կնճիթիկ չէր իր անունը:Չէ որ ինքն էլ բոլոր ցեղակից փղերի նման երկար կնճիթ ուներ:Ահա, մայրը բարձր ծառի ճյուղից տերևներ է  պոկում:Ինչ լավ է երկար կնճիթ ունենալը,-ինքն իրեն ուրախացավ Լոշտակ փղիկը և ինքն էլ սկսեց տերևներ պոկել:Հա,գիտեր,բոլոր փղերն էլ բուսակեր են՝տերևներ են ուտում,խոտ են ուտում,մրգեր էլ:Նա ընդօրինակում էր մորն ու հորը,տատին ու  պապին:Նրանց նմանվելու ցանկությունից շատ էր ոգևորվում:Իսկ ինչու չնմանվել նրանց:Ինքը լավ ընտանիք ունի՝միշտ միասին,միշտ համախմբված:Պետք եղած ժամանակ կարող էին օգնության ձեռք մեկնել միմյանց:Չէ,ուզում էր ասել՝ կնճիթը մեկնելով կարող են հասնել օգնության:Տատի մանկության մասին գիտեր՝նա էր պատմել:Իր փիղ տատի մորը սպանել են մարդիկ՝ չվախենալով մորատատի հսկա տեսքից:Ախր իր ցեղի ծնունդը ծանրամարմին ու խոշոր է՝տոննաների հասնող կշիռ ունեցող: Ասում են,թե մորատատի փայլուն ու գեղեցիկ ժանիքների համար մարդիկ իրար հետ կռիվ են տվել՝ թշնամացել :Իր փիղ տատը այն ժամանակ իր պես խնամքի ու օգնության կարիք ունեցող փղիկ է եղել:Նա ողջ ընտանիքի ուշադրության կենտրոնում է մեծացել:Հիմա տատն իմաստուն ու մեծ փիղ է:Ընտանիքը նա է առաջնորդում կեր ու ջուր հայթայթելիս:Ընտանիքի մեջ մեծանալը ուղղակի հրաշալի էր՝լավ գիտեր Լոշտակ փղիկը: Ավագ փղերը կարողանում էին հեռու մնալ թշնամիներից:Նրանք վտանգն զգալուն պես կնճիթները փող արած փողհարում էին:Չէ,պետք է գնալ մայր փղի պոչին կպած,թէ չէ մեկ էլ տեսար մի վատ բան պատահեց,-մտածում էր Լոշտակ փղիկն ու մոր պոչից պոկ չէր գալիս:Մի օր այնպես պատահեց,որ ջուր խմելու համար  մոր հետ մտավ տիղմոտ ջրափոսը:Մտավ ու դժվարացավ տիղմից դուրս գալ:Մայրն իրեն փոխանակ օգնի,ավելի էր հրում տիղմի մեջ:Չէ,չէ,նա դա դիտմամբ չէր անում:Պարզապես կանգնել էր իր ճամփին և առաջ գնալու տեղ չէր թողել:Դե էլ ինչպես համբերեր իր փիղ տատը ու զայրացած չմիջամտեր՝ կոպիտ հրելով  անփորձ մորը մի կողմ:Փիղ տատը  ամուր կնճիթը մեկնելով  իրեն՝  դուրս  քաշեց  տիղմի միջից:Հա,հա,շատ լավ է,երբ ընտանիքում ես մեծանում,շատ բան ես սովորում մեծերից ու պաշտպանված ես զգում քեզ:-Հրաշալի է,որ քեզ սիրում են,-մտածեց Լոշտակ անունով փղիկը  ու  հասկացավ, թե  ինչքան շատ է սիրում ինքն  իր  ընտանիքը:
                      ԿԱՆԱՉ-ԿԱՆԱՉ ԲԱՑԱՏՈՒՄ
Կանաչ-կանաչ բացատում նապաստակներ են ապրում:Ապրում են գոհ և զվարթ:Թռչկոտում են այս ու այն կողմ,կանաչ խոտ են արածում:Մթին քնում են նրանք,արևին՝ բարև,- ասում :Կանաչ-կանաչ բացատում նապաստակները խաղեր են խաղում, թաքչում գիշատիչ թռչուններից ու գազաններից:Շատ քիչ էր պատահում, որ մոտակա անտառը մտնեին՝բացատում ուտելի շատ բան կար:Բայց մի օր անտառից նրանց մոտ եկավ կզաքիսը:Թեպետ նա մարմնեղ չէր և ավելի փոքր էր,քան նապաստակներից որևէ մեկը,բայց նապաստակների համար վտանգավոր թշնամի էր:Նրանք զգուշանում էին կզաքիսից:Բայց որքան էլ զգուշանային,հնարամիտ կզաքիսը  նրանց տեղը գիտեր և արդեն աչք էր դրել նապաստակներից մեկի վրա:Կանաչ-կանաչ բացատում սրտաճաք վազում էր նապաստակը,փորձելով փախչել  իրեն հետապնդող կզաքիսից:Նա վազում էր ուղիղ,հետո աջ էր վազում,հետո նորից հետ էր վազում:Քիչ-քիչ փոքրանում էր կզաքիսի և նապաստակի միջև ընկած կանաչ-կանաչ բացատը:Նապաստակը վազելուց այնքան էր հոգնել,որ  ոտքերը էլ  չէին  լսում իրեն.էլ ինչ աջ կամ ձախ,էլ ինչ ուղիղ:Նապաստակն այնքան էր ուժահատվել,որ կզաքիսը հասավ նրան և տապալեց գետնին:Ոչ մի նապաստակ օգնության չեկավ`ասես նրանք չկային կանաչ բացատում:Մինչդեռ կզաքիսը՝ իր զոհի ետևից վազելիս, նրանցից մի քանիսին քսվելով անցավ : Կզաքիսը միայն մի նապաստակի էր տեսնում,որին նպատակ էր դրել բռնել:Եվ դա նրան հաջողվեց: Մյուս նապաստակներին նա ասես չէր էլ տեսնում:Կզաքիսը  լսել էր երևի, որ երկու նապաստակի ետևից ընկնողը՝ ոչ մեկին  չի բռնում:                        
                                                                  ՀԻՆԳԸ
Էվիտան արդեն կարող էր մենակ իջնել բակ  խաղալու:Մորեղբոր Կարինկային մեկ-մեկ հետն էր տանում:Նրանք համարյա տարեկիցներ էին:Արդեն համարյա իրար հետ  չէին կռվում:Էվիտան իրեն մեծ էր համարում,մանավանդ՝ մի տարով էլ մեծացավ:Մանավանդ՝ մոտ էր ծննդյան տարեդարձի օրը: Էվիտայի ծննդյան տարեդարձն էր:Նա թեպետ հաշվել գիտեր մինչև հարյուրը,բայց հինգ տարեկան էր:Ռետինե,նկարազարդ փչովի հինգը կախված էր պատի ճակատից:Հինգին նայելիս Էվիտայի սիրտը ուրախությունից ուռչում էր:Բոլորն էին նայում իր հինգին:Բոլոր հյուրերը առանց հարցնելու գիտեին իր տարիքը:Գիտեին,որ ինքն այսօր հինգ տարեկան է:Մինչև ծննդյան տոնակատարության ավարտը իր Հինգը մնաց պատի ճակատից կախված:Արդեն ուշ ժամ էր,հանդիսասրահից տուն պիտի գնային:Իր Հինգն էր,իր հետ պիտի տուն տաներ:Հազիվ էր կարողանում գրկել՝ Հինգն իրենից մեծ էր:Դեռ գետնին չդրած,Կարինկան հեծնեց  Հինգին:Այնպես էր նստել նրա  մեջքին,ասես ձի նստած լիներ:Դա իր Հինգն էր,և եթե պետք էր հեծնել,ապա դրա իրավունքը միայն ինքն ուներ:Մի լավ քաշքշեցին Հինգին:Տանը, մահճակալի գլխամասում, Էվիտան հարմարեցրեց  Հինգին,որ հանգիստ քնի:Հաջորդ օրը Կարինկային հաջողվեց նորից հեծնել նրան:Հիմա արդեն Էվիտան էլ էր հեծնում Հինգին՝ հեռու հրելով Կարինկային:Կարինկան չէր ուզում հասկանալ,որ սա Էվիտայի Հինգն է:Նա Էվիտային մի կողմ հրելով ինքն էր թափով տեղավորվում Հինգի մեջքին:Չդիմացավ Հինգը նրանց քաշքշոցին ու պայթեց,մեջտեղից երկու կես եղավ:Նրա կիսված տեսքից հիասթափվեցին աղջիկները:Նա կես-կես պետք չէր նրանց:Հիմա նրա վրա ոչ Էվիտան էր նայում,ոչ՝ Կարինկան:Հիմա  էլ կռիվ չէին տալիս նրա համար: էվիտան ու Կարինկան ասես չէին տեսնում Հինգին: Հիմա նա այլևս Հինգ չէր:    

                                ՊԻՆԳ  - ՎԻՆԸ
Ծնողներն իրար էին գլորում իրեն,երբ դեռ ձվի մեջ էր:Նրանք հերթով տաքացնում էին ձուն,որ ինքը ձվի ներսում չմրսեր:Նրանց փորի վրայի բնում,որ կաշվի շերտով հաստ ճարպաշերտ էր, շատ ապահով էր:Լսում էր,թե ինչպես են անուն փնտրում իր համար: -Վին,Վին կանվանենք մեր պինգվինիկին,երբ  նա դուրս գա ձվից,-առաջարկում էր մայրը: Հայրը ուրիշ անուն չգտնելով` համաձայնում էր:Հետո ,հաջորդ օրը ամեն ինչ նորից էր սկսվում: -Վին կանվանենք մեր ձագուկին ,-գտած ասում էր մայրը: Ու նորից առանց հակառակվելու < հա >էր ասում հայր պինգվինը:Լսում էր,բայց  ծնողներին արձագանքել չէր կարողանում,քանի որ դեռ ձվի մեջ էր:Երբ վերջապես ճեղքեց ձվի կեղևն ու լույս աշխարհ եկավ,արդեն անուն ուներ: -Վին,-գորովալից ձայնում էր մայրը: -Վին,-սիրալիր էր հայրը: Վին պինգվինիկը շատ ուրախացավ,երբ աշխարհ մտավ  ու տեսավ,որ մենակ չի:Նա բացի ծնողներից,տեսավ պինգվինիկների մի ամբողջ մանկապարտեզ:Նրանք բոլորն էլ իր նման  բաց գույնի աղվամազով պատված մարմին ունեին:Իսկ աչքերի շուրջը սև շրջանակներ`իսկը ակնոցներ,իր ակնոցների նման:Հայր ու մայր պինգվիններն էլ նման էին նրանց հայրերին ու մայրերին`մեջքներին ասես մուգ  գույնի թիկնոց կրեին,գլուխները ածուխոտ էին,իսկ կրծքավանդակից մինչև փորի տակը`ձյունագույն էր: -Իսկը Պինգվինաշեն է այս սառուցյալ աշխարհը,-մտածեց Վինը:Հա,էլի, աչքը ինչքան կտրեր`սառույց էր ու ձյուն էր, ու մեկ էլ  պինգվիններ-պինգվինններ:Ինչքան էլ մայրիկն ու հայրիկը նրան ստիպեին կրկնել Անտարկտիդա անվանումը,մեկ է,նրա համար այս վայրի անունը Պինգվինաշեն էր մնում: Վաղուց քաղցած էր,ուտել շատ էր  ուզում:Մայրիկն ու հայրիկն էլ էին քաղցած լինում:Մայրիկն ու հայրիկը հերթով  էին  գնում որսի ու վերադառնում` կտնառքում բերած ձկով կերակրում իրեն:Մի անգամ հայրիկը գնաց որսի ու չվերադարձավ:Ասում են ծովառյուծներն ու շնաձկները նրանց ջրային թշնամիներն են:Էս համատարած սառույցների վրա էլ բևեռային սպիտակ արջերից  պրծում չկար:Որ մանկապարտեզի վրա են  հարձակվում,էլ  չեն  հարցնում` ով-ով է… Աչքը ջուր կտրեց մոր վերադարձին սպասելով:Այս անգամ նա ուշանում էր:Վերադարձած մամաների մեջ Վինը իր մորը չգտավ:Ուզում էր տխրել. -Չլինի շնաձկան բաժին է դարձել,-դեռ չէր հասցրել  մտածել բոլորի մեջ այդքան մենակ մնացած Վինը,մեկ էլ տեսավ ուրիշ մամաներ,որոնք կորցրել էին իրենց  ձագուկներին, նկատել են իրեն:Նրանք խոշոր քայլերով գալիս էին դեպի Վինը: -Վայ,վայ,վայ,-վախեցավ Վինը,-սրանք ինձ ոտնատակ կտան`իրենք էլ չհասկանալով ինչ են անում:Վինը սկսեց  լեղապատառ փախչել:Նա փորձեց մտնել հանգիստ կանգնած մամաներից մեկի փորի տակ:Բայց այնտեղից գլուխը դուրս հանեց ուրիշ պինգվինիկ. -Զբաղված է,-հասկացավ Վինը:Ու մեկ էլ զգաց,որ մեկն  իրեն  կոպտորեն ձգեց:Մի քանի ակնթարթ աչերի դեմ աշխարհը մթնեց,հետո մարմնին հաճելի ջերմություն զգաց:Զգուշորեն վիզը ձգեց ու գլուխը  դուրս հանեց: -Ահա,այն վազող մամաները,-նկատեց Վինը,- ձեռնունայն ու գլխիկոր ետ էին գնում:Դե,նրանք շատ էին ուզում մայրիկ մնալ:Վինը հասկացավ,որ ինքը պաշտպանված է:Նրան  կերակրեց   պաշտպան  պինգվինը:Այս նոր մայրիկը ասես իր մայրիկը լիներ`շատ հոգատար էր Վինի հանդեպ:Իսկ գուցե  նա հենց  իր մայրիկն էր:Իր անունն էլ գիտեր: Վինը ինքնամոռաց ուրախ էր….    
ԱՅԼԵՎՍ-ԽԱՇԽԱՇ

Եղավ այնպես, որ նույն այգում` հարևանաբար,կողք-կողքի ապրում էին  ցորենի հասկն ու կակաչը: -Կակաչը գիտեր իր վառ գույնի մասին և իր գերող ուժի մասին:Նա հմայում էր իր տեսքով ու  գրավում:Իսկ ցորենի հասկի կողմը չէր  էլ ուզում նայել: -Սա ինչ է ցցվել իմ կողքին,-նեղվում էր կակաչը և  մտքովը չէր էլ անցնում բարևել ցորենի հասկին: -Նա արժանի չէ իմ բարևին,-մտածում էր կակաչը գոռոզաբար: Ցորենի հասկը խոնարհաբար բարևում էր,իսկ նա ձևացնում էր,որ չի նկատում: Մի օր հասկն ասաց,որ ինքը լցված հատիկներ ունի,որ սպասված ու ցանկալի է:Կակաչը,որ  կարծում էր,թե նա անպետքի մեկն է`զգաստացավ: -Մի թե իրենից ավելի է կարևորում մարդն այս փշոտին,չէ որ ես ծաղիկ եմ,-չարացավ կակաչը ու այտերն այրվեցին:Մի թե այս բույսն ավելին կարող է լինել, քան իր ծաղիկն ու սերմնատուփը,-և նա քիչ մնաց պայթեր նախանձից: Հիմա առավել ևս չէր ուզում նկատել հասկի գոյությունը,ինչ մնաց թե բարևեր: -Ես կթմրեցնեմ մարդու միտքն ու մարմինը,կլինեմ քնաբեր նրա ցերեկներում և գիշերներում: Նրա մտքի մեջ միայն ես կլինեմ, նա կմնա  ինձանով գերված,-որոշեց կակաչը:
Եվ այլևս նա դարձավ Խաշխաշ …  
ԳՆԴԼԻԿ ԲՈՔՈՆԻԿԸ ՎԱՌԵՑ ԱՂՎԵՍԻ ԼԵԶՈՒՆ...
Տատիկն ու պապիկը ինձ կփնտրեն,ու երբ չգտնեն` շատ կտխրեն,-մտածեց պատուհանագոգից գլորվող Գնդլիկ Բոքոնիկը:Բայց աղվեսին տեսնելու ցանկությունը քանի որ մեծ էր,շարունակեց գլորվել ճանապարհով: -Հեքիաթում աղվեսը խաբում է ինձ:Ես չեմ ուզում այլևս խաբվել այդ խորամանկին,-որոշեց Բոքոնիկն ու  առաջ սլացավ: -Աղվես, որտեղ ես,-կանչեց Բոքոնիկը: Նա ուզում էր րոպե առաջ տեսնել աղվեսին: -Այստեղ եմ,անուշս,- թփուտներից ձայնեց աղվեսը:Այ քեզ հաջողություն,-մտածեց նա: -Ինձ շուտ կեր,-ասաց Բոքոնիկը:Թե չէ հիմա գայլը կմոտենա ու դու սոված կմնաս: Աղվեսը հիշում էր,որ հեքիաթում Բոքոնիկին ուտելու համար ստիպված էր խորամանկել:Գիտեր,որ  ինքն աշխարհի ամենախորամանկ աղվեսն է ու ցանկացավ նման լինել հեքիաթին: -Իսկ դու ինձ համար կերգես` լեզվիս վրա նստած,-հարցրեց աղվեսը Գնդլիկ Բոքոնիկին: -Կերգեմ,կերգեմ,այն էլ ինչպես կերգեմ:Միայն թե շուտ դուրս հանիր լեզուդ,-ձայնեց Բոքոնիկը:
-Ամեն ինչ ճիշտ է`հեքիաթային,-մտածեց աղվեսն ու լեզուն դուրս հանեց:
Գնդլիկ Բոքոնիկը հոպ արեց ու թռավ նրա լեզվի վրա:
 -Այ,այ,այ, օգնեցեք, լեզուս այրվեց,օգնեցեք,-ձայնը գլուխը գցեց աղվեսն  ու վազեց ջուր փնտրելու,որ հովացնի բերանը: -Բոքոնիկը  գլորվեց գետնին ու արածից գոհ  սկսեց երգել.
Ճիշտ է,տատիկից փախա,
Ճիշտ է`պապիկից փախա,
Բայց աղվեսին դաս տվի,
Այրվում է լեզուն հիմա:
Առանց տատիկ`տխուր է,
Առանց պապիկ`տխուր է,
Հեքիաթն ինձնից լուր չունի,
Տունդարձիս ճամփան ուր է:
Ուր է տունդարձիս ճամփան,-հարցրեց Գնդլիկ Բոքոնիկը  ու բռնեց ճամփի փեշից: Երբ հասավ տատիկի ու պապիկի տանը,նա նստեց պատուհանի տակ , խոր շունչ քաշեց ու երգեց.
-Ճիշտ է,տատիկից փախա, Ճիշտ է`պապիկից փախա, Բայց աղվեսին դաս տվի, Այրվում է լեզուն հիմա:
-Սա մեր Բոքոնիկն է,-ձայնեց պապիկը տատիկին` պատուհանից դուրս նայելով:Ախր ես ոնց կարող էի  տեսած չլինել նրան:
Պապիկը մինչ այդ փնտրել ու չէր գտել Բոքոնիկին,նա նույնիսկ պատուհանի տակ էր նայել:
-Ախ ծերություն,ծերություն,աչքի լույս չի մնացել  ,-հոգոց հանեց պապիկը: Մինչև  պապիկը կգնար ու տուն կտաներ Բոքոնիկին,տատիկը ուրախ-ուրախ սեղան գցեց: -Արդեն հովացել է,-ձայնեց պապիկը տատիկին...

ՊԱՏԱՀՄԱՄԲ
 Ամբողջ տունը տակն ու վրա արեց`աչքաուլունքը չկար ու չկար:Նորից նայեց տան անկյունները,որ աչքից հեռու էր ու աննկատ:Չէ,այնտեղ էլ չկար,ոչ մի տեղ չկար:Ագռավը սկսեց կռռալ. -Էս ինչ տուն է,մի բան չես կարողանում դնել,դեռ չդրած`կորչում է:Որ մեկդ եք վերցրել,-դիմեց նա Ագռավուհուն ու ձագերին: Ագռավուհու կռնչոցը կիսաձայն փշրվեց կոկորդում:Ձագերը քննող հայացքով իրար նայեցին: _Մոլոն է վերցրել,-հանկարծ բարձրաձայն հայտարարեց Կոլոն: -Ես չեմ վերցրել,-նեղացավ Մոլոն: -Դու ես վերցրել,բա ինչ եղավ տանից,-շարունակեց պնդել Կոլոն: -Ուրեմն դու ես վերցրել,-համարձակվեց հուշել Մոլոն: -Այ քեզ հիմար աղջիկ,-զայրացավ Կոլոն,-ու կտուցով խփեց քրոջ գլխին: -Կըռռռ,-ցավից կռնչաց քույրն ու սա էլ խփեց եղբոր մեջքին: Բնի մեջ իրարանցում սկսվեց:Ագռավուհին ստիպված էր խառնվել` կարգի հրավիրելու համար երկու  ձագին էլ կտցահարեց:Նրանք աշխարհից խռոված անկյուն քաշվեցին:Կորցրած իրի ափսոսանքը սրտի մեջ Ագռավը դուրս եկավ տանից: Կոլոն ու Մոլոն չէին դադարում բացահայտ  կասկածել մեկմեկու`կռռալ  իրար վրա:Ագռավուհին  ընկավ մտքերի մեջ`ով էր եկել-գնացել իրենց տուն,ով գողացած կլինի: -Գուցե մոտիկ ընկերը տարավ,գայթակղվեց ու տարավ,-անցավ մտքով: Փորձեց հիշել աչքաուլունքը`կարմիր-կապույտ գույներով ,կլոր ու փայլուն…Չէ,չէ,հիմա ավելի լավ կհիշի.դեղին ու կանաչ ու կարմիր ու կապույտ…շատ սիրուն էր:Հա,երևի գայթակղվել են ու գողացել:Զայրույթի մի ալիք փոթորկեց սիրտն ու հոգին:Պետք չէ հապաղել,հենց հիմա կգնա ու ետ կբերի:Չտան`զոռով կվերցնի,թող փորձեն չտալ:Այնպիսի կռվտուք կսարքի նրանց բնում,այնպիսի իրարանցում, որ գողունը կմոռանան… Չարացած դուրս թռավ բնից: -Դուք ել ձեզ  ընկեր եք համարում ,հա,-բարձր կռնչաց նա,այնպես բարձր,որ աշխարհը լսի:Ետ տվեք մեր  աչքաուլունքը,թե չէ երկինքը գլխներիդ կփլեմ: Ընկերուհին ու ընկերը երիտասարդ զույգեր էին:Ոչինչ չհասկանալով նայեցին իրար: -Ինչ ես հիմարացել ,ետ տուր մեր աչքաուլունքը,-կռռաց Ագռավուհին ու խփեց ընկերուհու աչքին: Սա ցավից անզոր կռավոցով պահվեց իր զույգի թիկունքում:Սկսեցին պաշտպանվել ագռավուհու հարձակումներից: -Ոնց թե դու իմ սիրելիի աչքին խփես`դե առ քեզ,ստացիր: Ուժեղ հարվածից Ագռավուհին շշմեց:Հազիվ կարողացավ տան ճամփան գտնել: Տանը նստած շարունակում էր դեռ կասկածել:Ով ասես մտքովը չէր անցնում,ով ասես կարող էր գողանալ աչքաուլունքը:Ախր այն շատ գեղեցիկ էր,աչք ծակելու չափ փայլուն ու գեղեցիկ: -Իսկ եթե լճափին ապրող մարդն է տարել,-հանկարծ անցավ մտքով:Երեկ նրա բադերի ձվերից է գողացել :Գուցե իմացել է, եկել ու նա էլ իրենց աչքաուլունքն է գողացել,-մտածեց Ագռավուհին ու աչքերի առաջը սևացավ:Նրա դեմ մենակ չի գնա,կսպասի իր զույգին`միասին հարձակման ծրագիր կմշակեն ու ցույց կտան այդ խելոքին: Երբ  Ագռավը եկավ տուն, Ագռավուհին անմիջապես հայտնեց տեղի ունեցած-չունեցածի մասին:Մարդու վրա հարձակվելու իր պլանը արձագանք չունեցավ:Ագռավը  փորացավ ուներ ու տնքում էր ցավից: -Դու ինչ է,չես ուզում ետ վերցնել մեր աչքաուլունքը,-կռնչաց Ագռավուհին: -Մի կռկռա,հանգիստ թող ինձ,-ցավից խեղճ-խեղճ ձայնեց  Ագռավը: -Ինչպես թե,-չկարողացավ հանգստանալ Ագռավուհին,-մեր աչքաուլունքը, հրաշք գույններով,աչք ծակող փայլով` հանգիստ թողնենք ուրիշին?:Ոչ մի դեպքում,ես թույլ չեմ տա:Ես կգնամ ու այն ետ կբերեմ տուն,-վճռական կռռաց նա: -Մեռնում եմ ցավից,-Ագռավուհուն ձայնեց Ագռավը:Փորիս ցավից մեռնում եմ:Նոր հիշեցի`երեկ տուն գալիս, ճանապարհին… պատահմամբ… կուլ եմ տվել…. -Ինչն ես կուլ տվել,-չհամբերեց Ագռավուհին: -Երեկ,-տնքաց Ագռավը,-մարդուց գողացած աչքաուլունքը`  կտուցիս տուն գալիս, ճանապարհին… պատահմամբ կուլ եմ տվել…
                    ԱՊՐԵՍ , ԲՈԲԻ ….
Բոբին և Բաբան սովորում էին ծառ բարձրանալ:Բոբին արդեն կարողանում էր տասնյակ մետրերով բարձր-բարձր  ծառեր մագլցել: -Մեկ,երկու,այ այդպես,ապրես Բոբի,ապրես Բաբա,-խրախուսում էր մայր արջը: Բոբին ու բաբան ստիպված էին մագլցելով բարձրանալ աշխարհի ամենաբարձր ծառը: -Տեսնես ինչու է մայրիկը մեզ ստիպում այսքան չարչարվել,-սրտնեղվում էր Բոբին  ու  Բաբայից դանդաղ  էր  մագլցում ծառը: -Վայ,էս ուր ենք հասել, հիմա ոնց պիտի գետնին իջնենք,-ծառի վերևից ներքև նայելով վախեցավ Բոբին: Բոբին ու Բաբան զգուշորեն իջան բարձր-բարձր,աշխարհի ամենաբարձր ծառից: Նրանք այնքան նման էին մայր արջին:Նրանց մորթն էլ գորշ գույն ուներ,ինչպես մայր արջի մորթը:Նրանք կարողանում էին գլորվել`չվնասվելով,կարողանում էին ծառ բարձրանալ,կարողանում էին մայրիկի հետ հատապտուղներ հավաքել: Ջան,ինչ լավ էր,մայր արջը կիսել էր գետնին տապալված փտած մի ծառաբուն,հիմա Բոբին ու Բաբան էլ կմասնակցեն խուճապահար  մրջյունների համտեսին:Ինչ կա որ,նրանց համար սովորական բան է մրջյուններ,բզեզներ,թրթուրներ,նույնիսկ գորտեր ու ձկներ ուտելը:Բոբին շատ հետաքրքրասերն էր,նա ինքն էլ էր  պոկոտում ծառաբնի կեղևը: -Այո,ստացվում է մրջյունների որսը: Բոբին այնքան էր տարվել մրջյուններով,որ չնկատեց էլ ,որ մայր արջն ու Բաբան կողքից հեռացել են:Անսովոր խշխշոց լսելով Բոբին շրջվեց:Նրան էր մոտենում խոշոր մի գազան,որն իսկի նման չէր  իր մորը :Նա ավելի խոշոր մարմին ուներ,նրա  մորթը ավելի բաց  գույնի էր:Աչքերի գույնը տեսնել Բոբին չէր էլ ուզում:Նա զգաց  միանգամից,որ այդ կենդանին գազան է և մոտենում է,որ պատառոտի  իրեն:Քիչ էլ`հիմա կհասնի Բոբիին ու կհոշոտի նրան:Բոբիի մտքովն էլ չանցավ վազել-գտնել մորը:Նա այնպիսի արագությամբ բարձրացավ աշխարհի ամենաբարձր ծառը, որ գազանը չհասցրեց բռնել նրան: -Մըըռ, մըըռ,-սուր ձայնով  կանչում էր Բոբին: Չէ,մայրը նրան չէր լսում,թե չէ կհասներ օգնության:Բոբին ծառի վրա մնաց այնքան ժամանակ, մինչև այդ վայրենին հեռացավ:Նա իջավ ծառից ու վազեց մոր ու քրոջ մոտ,որ մոտերքում  հատապտուղներ էին ճաշակում:Որքան շատ էր նա սիրում մորը,որքան քաղցր էր նա Բոբիի համար:Երբեք այդպես համով չէր կերել մայրական կաթը:Բոբին կատարվածի մասին ոչինչ չասաց  մայր արջին ու Բաբային:Միասին այնքան երջանիկ էին….    
ՀԵՔԻԱԹ ԵՐԵՔ ԹԶՈՒԿՆԵՐԻ, ՓԹՓԹԻԿԻ ՈՒ ԱՐՋԻ ՄԱՍԻՆ
Կար հեքիաթային մի լճակ:Կապույտ երկնքին էր նման լճակի հայելին:Ափերի ավազը մանր-մանր էր,ասես ծովափի ավազ լիներ:Լճակի կողքին աճում էր հրաշք մի անտառ`բարձր,բարձր ծառերով:Որքան էլ  արևը  քիթը խոթեր անտառի խորքերը,մեկ է,չէր կարողանում ամեն ինչ տեսնել.անտառը խիտ էր ու գաղտնի տեղեր շատ ուներ:Կային լճակը,անտառը,արևը:Կար տնակ անտառից քիչ հեռու,լճակից քիչ հեռու,որտեղ կարող էին ապրել մեծերն ու փոքրերը:Հենց այդ տնակում էին ապրում չորս ընկերները`Փթփթիկը և երեք թզուկները:Փթփթիկը թզուկներից շատ մեծ էր,իսկ թզուկները փոքրիկ երեխաների էին նման:Բայց որքան խելացի էին թզուկները,շատ խելացի էին-ճիշտ և ճիշտ խելացի երեխաների նման:Եվ քանի որ բոլորը իրար լավ էին հասկանում,այդ պատճառով էլ ապրում էին հաշտ ու համերաշխ:Միասին գնում էին անտառ,հատապտուղներ հավաքում,սնկեր հավաքում,մրգեր հավաքում,լճակից ձուկ բռնում:Ամեն ինչ այնքան հետաքրքիր ու հաճելի էր ստացվում:Մի անգամ զուկներից մեկը տանձը զամբյուղի մեջ գցելու փոխարեն,գցեց Փթփթիկի գլխին:Դա Կապույտիկ թզուկն էր:Կապույտիկը շփոթվեց պատահածից,իսկ Փթփթիկը չնեղացավ,որովհետև նա դիտմամբ չարեց:Կապույտիկի շփոթմունքի վրա Փթփթիկը  սկսեց ծիծաղել Կարմրիկի ու Կանանչիկի հետ միասին:Թզուկների հագուստները իրենց անունների նման էին:Կանաչիկն ուներ կանաչ գլխարկ,կանաչ կոշիկներ,մեջքին կապած կանաչ գոտի:Կարմրիկն ուներ կարմիր գլխարկ,կարմիր կոշիկներ,մեջքին կապած կարմիր գոտի:Կապույտիկն ուներ կապույտ գլխարկ,կապույտ կոշիկներ,մեջքին էլ պինդ կապած կապույտ գոտի:Անտառից հավաքած բերք ու բարիքով ծանրաբեռնված  թզուկներն ու Փթփթիկը ուրախ-ուրախ ճամփա էին ընկնում դեպի տուն:Կարմրիկը նստում էր Փթփթիկի գլխին`Փթփթիկի ցանցավոր գլխարկի վրա,Կապույտիկը նստում էր Փթփթիկի մեջքի լիքը զամբյուղի վրա,իսկ Կանաչիկը նստում էր նրա ուսին:Ողջ ճանապարհին նրանք ուրախ երգում էին.-Ընկերներ ենք մենք ուրախ,Ապրում ենք հաշտ ու խաղաղ,Միասին մի հարկի տակԱզնիվ,բարի ու շիտակ:Թզուկներ թե Փթփթիկ,Եղբայր ենք մենք մեկ մեկու,Մեծ ենք ծնվել,թե փոքրիկ,Չորս,երեք, թե մեկ- երկու:Այսպես ուրախ երգելով նրանք չորսն էլ միաժամանակ տուն էին հասնում:Փթփթիկին հավասար հանգստանում էին թզուկներն ու հետո բոլորով գործի անցնում.եփում,թափում,ուտում,խմում:Մի անգամ,այնպես պատահեց,որ թզուկները տանը մնացին,տանը գործ շատ կար անելու:Փթփթիկը  մենակ գնաց անտառ օջախի համար վառելափայտ բերելու:Նա նոր էր սկսել հավաքել  ծառերի չորացած ճյուղերը,մեկ էլ դիմացը կանգնեց մի գորշ արջ:-Ես քեզ պիտի ուտեմ,-ասաց արջը Փթփթիկին:Դրա համար դու ինձ հետ իմ տուն պիտի գաս:Ինչ կարող էր անել Փթփթիկը:Նա շատ էր հեռու ընկերներից,թե օգնություն կանչեր:Մեկ է,նրանք չէին լսի:-Լավ,կգամ,-ասաց Փթփթիկը արջին և նրա հետ առաջացավ անտառի խորքը:Բայց Փթփթիկը գիտեր,որ ընկերները կփնտրեն իրեն,երբ տեսնեն ուշանում է:Նա փորձեց խորամանկել արջին:-Իմ կոշիկի մեկը քեզ պետք չէ,չէ,-հարցրեց Փթփթիկը արջին,-ես այն դեն եմ նետում:-Ինձ պետք չի,կարող ես շպրտել,-պատասխանեց արջը:-Մյուսն էլ կարող եմ դեն նետել:-Կարող ես:-Գուլպաներս էլ կարող եմ դեն նետել:-Կարող ես:-Շապիկս էլ:-Շապիկդ էլ:Մինչև հասան արջի բնակատեղին,Փթփթիկը կիսամերկ էր մնացել:-Ես քեզ պիտի սպանեմ հետո ուտեմ:Ինչ կցանկանաս մեռնելուց առաջ,-դիմեց արջը Փթփթիկին:Փթփթիկը նրան մեկնեց իր ցանցավոր գլխարկը,որ մոռացել էր մյուս հագուստների հետ թողնել ճանապարհին  և դրանով մեկ ջուր ուզեց  արջից:-Լավ,-գլխարկը վերցնելով ասաց արջը,-բայց ջուր որտեղից տամ ես քեզ:-Անտառի լճակից բեր,-ասաց Փթփթիկը:-Այդ դեպքում մտիր այս պարկը,որ չփախչես,-չգիտես որտեղից մի պարկ բերեց արջը:Փթփթիկը ստիպված համաձայնեց մտնելով պարկի մեջ:Արջը պինդ կապեց պարկի բերանը և Փթփթիկի համար գնաց ցանցավոր գլխարկով ջուր բերելու:Է,գլխարկով ջուր բերել կլիներ,այն էլ`ցանցավոր:Արջը ջուրը վերցնում էր,որ տանի,իսկ ջուրը չէր մնում`թափվում էր գլխարկի  չորս կողմից:Այսպես ժամեր շարունակ:Թզուկներ Կարմրիկը,Կապույտիկն ու Կանաչիկը տեսնելով Փթփթիկը ուշանում է`անհանգստացան:-Մի բան պատահած չլինի,-ասաց Կարմրիկը:-Պետք է գնալ նրա ետևից,-ասաց Կապույտիկը:-Այո,այո,պետք է շուտ գնանք մեր ընկերոջ ետևից,-համաձայնեց Կանաչիկը:Թզուկները մի մարդու նման դուրս եկան տանից:-Վայ,-ձայնեց Կանաչիկը,գտնելով Փթփթիկի  ձախ կոշիկը,-սա մեր Փթփթիկի կոշիկն է:Մի քիչ էլ խորացան անտառում,գտան Փթփթիկի աջ կոշիկը:Հետո էլի առաջացան-գտան աջ գուլպան,հետո ձախ գուլպան:Անհանգստությունը պատեց թզուկներին ավելի ու ավելի:Արդեն կասկած չունեին,որ Փթփթիկին դժբախտություն է պատահել:Նրանք հասել էին արդեն արջի բնակատեղը:Հանկարծ լսեցին իրենց Փթփթիկի ձայնը.-Կարմրիկը,Կապույտիկը,Կանաչիկը տեսնես որտեղ են,հասեն օգնության,-ինքն իրեն խոսում էր Փթփթիկը:-Մենք այստեղ ենք,-համարյա միաբերան ասացին երեք թզուկները:Նրանք արագ-արագ  քանդեցին պարկի բերանը բանտող պարանը:Փթփթիկը դուրս եկավ պարկից:Թզուկների ձեռքից վերցնելով հագավ թե կոշիկները, թե գուլպաները:Վարտիքը,վերնաշապիկը`բոլոր  հագուսները հավաքել-բերել էին թզուկները:Հիմա նրանց պետք էր փախչել:Ընկերներով որոշեցին լճափի ավազով լցնել պարկը,բայց արջի աչքից հեռու ափից:Հետո  ամուր կապեցին ավազով լի պարկի բերանը և ուրախ-ուրախ ճամփա ընկան դեպի տուն:Արջը մինչև մութն ընկնելը փորձում էր ցանցավոր գլխարկով ջուրը տեղ հասցնել:Նա այնքան էր հետ ու առաջ արել,որ հոգնել էր:Հոգնած ու կատաղած Փթփթիկի վրա,նա այլևս որոշեց տուն գնալ և Փթփթիկին սպանել առանց ջուր տալու:Պարկի վրա արջը այնպես հարձակվեց,որ բերանն ու աչքերը ավազով լցվեցին`քիչ էր մնում խեղդվեր:Նա արջավարի ձայնը գլուխը գցեց,ոչինչ չհասկանալով կատարվածից:Արջը և հոգնած էր,և սոված էր,դեռ աչքերի մղկտոցն էլ մի կողմից:Նրա մռնչոցից անտառը ցնցվեց:Այդ օրվանից արջը Փթփթիկի անունը լսել չէր ուզում:Փթփթիկի անունը լսելիս փախչում էր անտառի շատ ու շատ խորքերը:Իսկ ընկերները`թզուկներ Կարմրիկը,Կապույտիկը ու Կանաչիկը  մինչև հիմա էլ ապրում են անտառի տնակում մեծ ու փոքր եղբայրների նման:
ԿԱՐԾԵՍ  ՈՉԻՆՉ   ՉԷՐ  ԵՂԵԼ
    ***   *****   ****
Մի մեծ բակում էին ապրում Կիսո կատուն , Չալ հավիկը, Պոզատ այծիկը,Հաֆան շնիկը,Դոդո բադիկը,Պեծիկ հորթուկը և Ամլիկ գառնուկը:Նրանք ապրում էին հաշտ ու համերաշխ,քանի որ տերը նրանց բոլորին հավասար աչքով էր նայում:Նրանցից ամեն մեկն իր տեղը գիտեր, ամեն մեկն իր անելիքն ուներ:Կիսո կատուն կաթ էր խմում և տիրոջ մառանը պահպանում մկներից,Դոդո բադիկն ու Չալ հավիկը կուտ էին ուտում և ձու ածում տիրոջ  համար,Պոզատ այծիկը կթվում  էր և կաթ  էր տալիս տիրոջը ,Պեծիկ հորթուկն  ու Ամլիկ գառնուկը խոտ էին ծամում,Հաֆան շնիկը միշտ ոսկոր ուներ կրծելու և օտարներին մոտ չէր թողնում տիրոջ ունեցվածքին:Բոլորը հանգիստ քնում էին գիշերները և ուրախ դիմավորում լուսաբացը:Մի անգամ ,ինչպես եղավ,Կիսո կատուն քիթը խոթեց  Հաֆան շնիկի կերակուրին  ու ծաղրական հեգնեց . -Էս ինչ է,միայն ոսկոր ես կրծում ու հետո էլ ասում,թե  տերը ինձ ու քեզ հավասար է սիրում:Ինձ շատ է սիրում,դրա համար էլ  չի մոռանում կաթով կերակրել: -Քո գործին գնա,հեռու քաշվիր իմ ոսկորից,-գռմռաց Հաֆանը:Իսկ Կիսո կատուն չլսեց ու ավելի համարձակ`բոլորին լսելի սկսեց հեգնել:Հաֆան շնիկը չդիմացավ ու ատամ ցույց տվեց:Բակի իրարանցումը դուր չեկավ տիրոջը:Երբ նա փորձեց պարզել եղելությունը, Կիսո կատուն հեզաբար փաթաթվեց նրա ոտքերին: -Ահա,Հաֆան,քեզ ինչ է արել այս անմեղ արարածը,որ վրա ես հասել,-բարկացավ տերը և ձեռնափայտով բզեց  շնիկին: Հաֆանը ցավից կլավեց ու պոչը ոտքերի մեջ առած քաշվեց բակի մոռացված մի անկյուն:Նրա սիրտը նվում էր վիրավորանքից: -Տերը ինչպես կարողացավ խփել իրեն,չէ որ ինքը այնքան էլ մեղավոր չէր:Կիսո կատուն ճիշտ էր ասում`տերն իրեն քիչ է սիրում,կամ էլ`չի սիրում,-նա գլուխը թաթերի մեջ առած ընկավ տխուր մտքերի մեջ: -Վերջ,-մտածեց նա,-գնում եմ մեռնելու,թող այն ժամանակ  տերը տխրի:Թող բոլորը տխրեն: Նա մտովի ճանապարհ ընկավ: -Ուր ես գնում,-հարցրեցին հավիկը,այծիկը ,բադիկը,հորթուկը,գառնուկը,միայն ոչ Կիսո կատուն: -Գնում եմ մեռնելու,-տխուր-տրտում  գռմռաց Հաֆանը: -Մենք էլ ենք գալիս  քեզ հետ,-ձայնեցին բոլորը,միայն ոչ Կիսո կատուն: Նրանք  միասին ճանապարհ ընկան:Երբ Հաֆանը հետ նայեց,տեսավ որ Կիսո կատուն գալիս է իրենց ետևից:Նրանք գնում էին ու գնում:Ճանապարհը երկար էր ու երկար,ձորերով ու դաշտերով,անտառներով ու լեռներով:Հաֆանը չգիտեր արդեն ինչքան ժամանակ կլիներ,որ գնում էին, մեկ էլ  նրանց ճամփան կտրեց գայլերի ոհմակը:Հաֆանի սիրտը  քիչ մնաց  վախից ճաքեր :Նա վեր թռավ  տիրոջ ձեռքի թույլ  հպումից:Տերը  քնքշորեն փաղաքշում էր իրեն: -Ինչ լավ էր,որ գայլերը  չկային,-խոր շունչ քաշեց ու գոհացած շուրջը նայեց Հաֆանը:Բակում ամեն ինչ հանդարտ էր:Բոլորը տեղերում էին ողջ և առողջ: Կիսո կատուն ,որ տիրոջ հետ մոտեցել էր իրեն` կողքից քսմսվելով անցավ, կարծես  ոչինչ  չէր  եղել…  
ԻՍԿ ՈՒՐԱԽԱՆԱԼ ՊԵՏՔ ԷՐ   *****    ******
Խոր աշուն էր:Երկինքը տխուր էր,արևը տխուր էր,աշխարհը տխուր էր:Բայց ուրախություն պետք էր:Իսկ ուրախություն չկար:Տխուր էր Շեկլիկ անունով աղվեսը:Եվ ծեր էր Շեկլիկ անունով աղվեսը:Եվ նա ապրում էր մենակ:Դեռ աշնան սկզբին էին չորս ձագուկն էլ հեռացել նրանից,ընկերուհին էլ  էր լքել նրան :Ու նա հիմա մենակ էր,տխուր էր ու ծեր էր:Նա հիմա մեն մենակ թափառում էր ամայությունից  վհատված դաշտի մեջ:Եվ աշնան քամին գտնում էր նրան,և աշնան քամին պարում էր շուրջը,իսկ նա չէր ուզում պարել,իսկ նա տխուր էր,բայց ուրախանալ պետք էր:Եվ երկինքը սկսեց ձյունել,և փաթիլները պարում էին,և փաթիլները ամենուր էին,և փաթիլները ուրախ էին: -Ծըվ,ծըվ ,ձյուն է գալիս,-ծվծվաց  չգիտեր  ով,չգիտեր որտեղ:-Իզուր է ձյուն գալիս,չեմ  ուզում ձյուն գա,-շարունակեց  ծվծվալ:Գնամ տեսնեմ ձյունն ինչքան կտևի,-որոշեց ծվծվոցը: -Շեկլիկ աղվեսը մոռացավ, որ տխուր է,մոռացավ, որ ծեր է,մոռացավ, որ մենակ է:Նա կամաց կամաց գնաց դեպի ծվծվոցը: Ա,հիշեց դաշտամկանը:Հիշեց,որ ինքը դաշտամուկ սիրում է,բայց դա նրան այնքան էլ չուրախացրեց:Կփորձի բռնել,կբռնի և կուտի նրան,վերջ,ոչ մի ուրախություն: Բնից դուրս եկած   դաշտամուկը  սկսեց հաշվել ձյան փաթիլները:Նրանք այնքան շատ էին,որ նրա գլուխը սկսեց պտտվել:Ու հենց այդ պահին քիթ-քթի  հայտնվեց Շեկլիկ անունով  աղվեսը:Դաշտամուկը գլխապատառ սկսեց փնտրել տուն տանող ճամփան: -Աջ ու ձախ,հետ ու առաջ ,երեք ու չորս ու հինգ ու վեց,-այս ու այն կողմ վազելով ծվծվում էր դաշտամուկը:Երեք ու չորս,տաս ու վեց,աջ-ձախ,-հետևի թաթերի վրա կանգնած նրա հետևից պտտվում էր Շեկլիկ անունով աղվեսը:Նա այնպես կայտառացել էր,այնքան  առույգացել,մոռացել էր,որ տխուր է,մոռացել էր,որ մենակ է,մոռացել էր,որ ծեր է:Նա ասես պարում էր:Այո,իհարկե,նա պարում էր:Ձյունածածկ արձակ դաշտի մեջ Շեկլիկ անունով  աղվեսը պարում էր:Եվ Նա այլևս  ուրախ էր:

ԱՄԵՆ ՄԵԿՆ ԻՐ  ԲՆՈՒԹՅԱՆԸ  ՀԱՎԱՏԱՐԻՄ  
Եղավ այնպես,որ օրերից մի օր իրար հավատարմության երդում տվեցին բարձրագոչ աքաղաղը,գող փիսոն, պոզիկ  այծը, թունավոր օձը:Նրանք որոշեցին ապրել մի հարկի տակ՝հարազատների նման:Սկզբում ամեն ինչ լավ էր:Ամեն մեկն իր գործին էր.աքաղաղը իրեն համար քջջում էր հողը և անձրևորդեր գտնում:Դա իր ընկերների բաժին ուտելիքը չէր և նա խիղճը հանգիստ մարսում էր:Փիսոյին կաթ էր տալիս այծը,երբ այն իրեն պետք չէր լինում:Օձը  դաշտամկան բներ էր գտնում ու բռնում դաշտամկների: Այծը իր համար խոտ էր արածում:Ամեն ինչ հրաշալի էր,կյանքը հիասքանչ էր:Ոչ մեկը մյուսին չէր խանգարում:Բոլորը ուրախ-ուրախ երգում էին.
Ապրում ենք մի հարկի տակ՝
Ես և դու,և մենք,
Ինչ լավ է իրար գտանք
Ես և դու և մենք:
Ոչ եղբայր ենք ոչ էլ քույր,
Գող փիսո ու այծ,
Օձը  ուր,աքլորը ուր,
Բայց շատ ենք կապված:
Երդվել ենք մի հարկի տակ
Ապրել ուրախ,երջանիկ,
Ինչ լավ է իրար գտանք,
Ես ու դու,մենք- ընտանիք:
Բայց մի օր՝ առավոտ կանուխ, աքաղաղը ծուղրուղու կանչեց : -Ինչ է պատահել,-հարցրեց պոզիկ այծը,- ալարկոտ արթնանալով: -Լուսաբաց է,-պատասխանեց բարձրագոչ աքաղաղը: -Ինչ է պատահել,-վախեցավ գող փիսոն: -Ոչինչ էլ չի պատահել,լուսաբաց է,-ասաց բարձրագոչ աքաղաղը: Օձը ձայն չհանեց:Բայց երևում էր նրան էլ դուր չեկավ բարձրագոչի ծուղրուղուն: -Ինչ է նշանակում՝լուսաբաց է,ինչ է իրենք կույր են ինչ է,չեն տեսնում,որ լուսաբաց է,ինչու պիտի աքաղաղը ասեր այդ մասին,-մտածեց նրանցից ամեն մեկն ու ներեց աքաղաղին: Օրը մայրամուտին էր մոտենում:Գող փիսոն մտածեց, որ  այսօր կաթ քիչ է կերել ու որոշեց պոզիկ այծին առանց զգուշացնելու մի քիչ էլ կաթ  ուտել:Այ քեզ պոզիկ այծ,նա այնպես պոզահարեց գող փիսոյին,որ սա ցավից մլավեց ու ցատկեց օձի վրա:Թունավոր օձի հենց  քթի տակից  դաշտամկները  փախան հեռու- հեռուներ:Օձը անակնկալի  գալով չարացավ և խայթեց  պոզիկ այծին:Խայթոցը թունավոր էր և այծը սատկեց: -Ես չէի ուզում,-սկսեց արդարանալ օձը,-ես չէի ուզում սպանել նրան: Աքաղաղը սկսեց կտցելով նեղել նրան:Օձը փախավ՝կորչելով քարերի տակ:Փիսոն անմեղ տեսքով լիզում էր իր ցաված տեղերը: -Ծուղրուղու,-կանչեց բարձրագոչ աքաղաղը,-իբր տեսեք-տեսեք: Որտեղից-որտեղ հայտնվեց մի աղվես: -Սա մեր ընտանիքի անդամը չէ,սա որտեղից հայտնվեց,-մտածեց բարձրագոչ աքաղաղն ու աքլոր-աքլոր ընդառաջ գնաց:Աղվեսին էլ դա էր պետք,աքաղաղի վիզն ոլորեց ու տարավ: Իսկ գող փիսոն,որ արդեն մուկ էլ էր կարողանում բռնել՝ շարունակեց սրանից-նրանից գողանալ,թեպետ ամեն անգամ ծեծ էր ուտում,բայց մեկ է,երեսին չէր երևում...
*******
Ես հավիկն եմ,միամիտն եմ,
Կուզեմ ածել ոսկե ձու,
Ձուն կտցում եմ`ոսկին գտնեմ,
Որ մեկս դառնա երկու:
Իմ կտուցի մի հարվածից
Փշրվում է ձուն իսկույն,
Միշտ գերել է դեղնուցը ինձ,
Ես ուտում եմ այն թաքուն:
Բայց ինչքան էլ ուտեմ թաքուն,
Տատից թաքուն-չի լինի,
Ոսկե ձվի չի հավատում,
Վառեց կտուցս էլի:
****
Ես ձկնիկն եմ,նույն բկլիկն եմ,
Ինձ խաբում է նույն որդը,
Որդը պիտի այնպես ուտեմ,
Որ չտեսնի ձկնորսը:
****
Ես փղիկ եմ,դեռ փոքրիկ եմ,
Բոլորն ինձ շատ են սիրում,
Որ փոքրիկ եմ,ես էլ գիտեմ,
Մենակ ջուր էլ չեմ խմում:
***
Փայտփորիկն եմ,փայտփորիկը,
Տուկ,տուկ,տուկ,
Կաղնին ունի իմ կարիքը,
Լավ է`շուտ:
ԻՄ կտուցով հաստ կեղևը
 փորփրեմ,
Միջատներն ու թրթուրները
 վայելեմ:
Ծառաբնին անցքեր անեմ
 շարունակ,
Կաղինները անցքում պահեմ`
լավ է շատ:
Որ ձմռանը ես չքաղցեմ,
Տուկ,տուկ,տուկ,
Կաղին ջարդեմ,անցքեր բացեմ
շատ ու շուտ:
***
Ես կատու եմ մլավան,
Երբ քաղցած եմ ես մնում,
Թե որ կաթ տան,կամ էլ`թան,
Խելոք փիսո եմ լինում:
Երբ բակում են ինձ թողնում,
Մլավում եմ ես նորից,
Դռնից հեռու չեմ գնում`
Չմոռանան դրսում ինձ:
Չմլավեմ-ինչ անեմ,
Մեկ կատու եմ,մեկ`փիսո,
Ուրիշ ինչպես ինձ պահեմ,
Այսպիսին եմ ես-Ֆսյո:
****
Կարմրակտուց-կարմրատոտիկ`
Սպիտակ բադ եմ,
Լճակ կա իմ բնին մոտիկ`
Լողալ գիտեմ:
Սպիտակփետուր-կարմրաքիթ նավ`
Ես եմ որ կամ,
Չոր կարող եմ ջրից դուրս գալ
Ամեն անգամ:
***
Ամառ է-Արև,
Շոգը նեղում է,
Գետը բարակել,
Բայց իր տեղում է:
Գնամ լողանամ,
Զովանամ տապից,
Վաղն ինչ իմանամ
Ջուր կմա ինձ:
***
Արի <Մուկ ու կատու>խաղանք,
Ես կատուն եմ,
Ինչքան պիտի սոված մնանք,
Մի բան ուտեմ:
Դե,շուտ փախիր,վազիր արագ,
Փորձեմ բռնել,
Շատ եմ սիրում հաց ու կարագ
Ու կաթ խմել:
Հերթով փոխվենք`մուկ թե կատու,
Խաղը տևի,
Պիտի ուտես հիմա էլ դու
Հացն ափսեի:
Ուտենք-խմենք,բան չմնա,
որ մեծանանք,
Մուկը կատվին ընկերանա`
Հանգստանանք:
***
Եղեգնուտում բույն հյուսեց,
Ձու ածեց ճահճահավը,
Աչքը բնից երբ թարթեց,
Չտեսավ կկվի գալը:
Չուներ թիվը ձվերի,
Մոռացել էր թե հաշվեր,
Երկուսը`երեք լինի,
Կկվին ով պիտի պատժեր:
Բնում ձվել էր թաքուն,
Այդ կկու անամոթը,
Հիմա որն էր նրա ձուն,
Որն էր հալալն ու խորթը:
Տաքացնում էր ձվերը
Ճահճահավը իր կրծքով,
Ճեղքեց ձվի կեղևը
Կկվի ձագուկը շուտով:
Շուռումուռ էր նա գալիս,
Բույնն իրեն նեղ էր թվում,
Հավքը թևին էր տալիս,
Բնից հեռու չէր գնում:
Նայում էր նա կուրորեն,
Ոնց տեսածը չհիշեց,
Նորածինը անօրեն
Մի ձուն բնից ցած գցեց:
Երկրորդ ձուն էլ գլորեց
Նորելուկը այդ անճար,
Ինքը`փոքր, գործը չար
Տեսնես այդ երբ սովորեց:
****   ****
Ծեր առյուծը տապալվեց,
Մեկնվեց գետնին,
Մռնչոցը երկարեց`
Հասավ ցեղին հին:
Հրաժեշտը տխուր էր-
Լքեցին,անցան,
Ինչ կորյուններ նա ուներ-
Նրան մոռացան:
Բորենիներն իմացան,
Եկան խմբերով,
Լեշի վրա բարձրացան
Առյուծից խռով:
Գլուխները դրեցին
Առյուծի բաշին,
Նրա մորթին քսեցին
Շնահոտ կաշին:
Թավալվեցին-վեր կացան
Առյուծահոտով,
Իրար աչքի բարձրացան
Ոհմակի դեմքով:
Իրեն առյուծ էր զգում
Ամեն բորենի,
Առյուծի լեշն էր լափում
Հանուն ողջ ցեղի:
ՆՈՒՌ
Իմ կեղևի ներսում
Օրերն են բոլորում,
Հատիկներիս դարսում
Տարին է կլորվում:
Կեղև ունեմ կարմիր,
Կարմիր են հատերս,
Ես միրգ եմ հատընտիր,
Գուշակիր անունս:
ԿԱՏՈՒ
Մեջքը գետնով  չի տալիս,
Համառ է, համառ,
Մլավում է,չի լալիս,
Քեֆին թե կպար:
Դու պիտի զգույշ  լինես՝
Չընկնի ոտքի տակ,
Թե ճամփից մի կողմ հրես,
ԿԿարծի կատակ:
Մուկ որսալու չի գնա`
Փորացավ ունի`
Թե կաթից  այսօր մնա
Վաղն էլ կխմի:
ԹՈՒԹԱԿ
Ինչ ասում եմ-կրկնում է,
Ինչ լեզվանի թռչուն է,
Աչքերի դեմ երբ մթնում է,
Նա մոռացկոտ ու լուռ է:
ԱՐԵՎ
Երկնքի մեջ կրակ ու հուր,
Երկրում է կյանքը եռում,
Աչք են ծակում շողերը բյուր,
Նրան հեռվից են սիրում:
ՄՈՒԿ
Հատիկ-հատիկ կտանի
Մի պարկ ցորենն ամբարից,
Կատվի ահը կա քանի`
Նա դուրս չի գա մառանից:
ՔԱՄԻ
Նստած տեղից երբ ելավ,
Փոշու ամպ հանեց,
Ինչ որ ճամփին իր գտավ`
Իրեն չպահեց:
*****
Քամու ոտքն ով տրորեց,
Որ աչքը մթնեց,
Երկինքն ասես խռովեց,
Արևը`խրտնեց:
Դիվահարի պես ելավ
Քամին աշունքվա,
Ձեռք-երեսը անլվա,
Քաղցով դեռ հերվա:
Վերևում մի ամպ գտավ,
Ուզեց տանի տուն,
Որ ստեղծի մի անկյուն,
Ամպի մեջ մտավ:
Չհանդարտվեց գիժ քամին,
Խեղճ  ամպին քամեց,
Թաց հագուստները պահեց
Արևագալին...
****
Անձրև եկավ,վազեմ տուն,
Անձրևի տակ էլ ինչ խաղ,
Առնեմ թուրս ու թաքուն
Տնից դուրս գամ ես անվախ:
Աջ ու ձախ թուրս տանեմ,
Կտրեմ շիթերն անձրևի,
Արևի ճամփան պահեմ,
Որ անձրևը կարճ տևի:
Ամպն էլ բակում չի գոռա
Կվախենա իմ թրից,
Օդը մաքուր կշողա
Արևային անձրևից:
****
-Փիսիկ,պարկից ցորենի մի քայլ հեռու չես գնում,
Պարկին դարձել ես գերի,ոչ ուտում ես,ոչ` խմում:
-Մուկիկին եմ սպասում,պարկի մեջ է նա հիմա,
Վայել չէ ինձ պես կատվին  առանց մկան տուն գնա:

Blogger: User Profile: