ԳլխավորՊոեզիաՄանկականԱրձակԻմ մասինԿապ


Պոեզիա`Մի Բարևի չափ երկինք,Ծիածանվիր հոգուս խռովքին
    
Տեր,արա այնպես, որ աղաչանքն իմ բարին լինի,
Եվ որ իմ սիրտը խռովքի պահին ինձ չմոռանա,
Աշխարհը գտնի անդրադարձը քո սիրո ակամա.
Տեր, արա այնպես, որ աղաչանքն  իմ  բարին լինի:
Իմ արյան հոսքը օրհնանքի հետ քո թող հարատևի,
Եվ թող բարձրյալդ անեծքիս լեզուն  էլ  չհասկանա,
Տեր, արա այնպես,որ աղաչանքն  իմ  բարին լինի,
Եվ որ իմ սիրտը խռովքի պահին ինձ չմոռանա:

***** ****
Հարության տոնին քիչ է մնացել,
Շուտով մատնության գիշերը կգա,
Հուդան մահացու քնով է անցել,
Իրար են անցել մատնիչներն հիմա:
Պնակը մեկն է, ձեռքերը` բազում,
Որ մեկի ձեռին ես խոնարհ նայեմ,
Հիմա արծաթ չէ` ոսկի են ուզում
Մատնության համար, ես խաչս պահեմ:
Կերուխում է հանց ամեն հոգեհաց,
Հիշելու համար երբ են կշտանում,
Տեսնես կա մեկը, որ մնաց սոված,
Նրա համար իմ բաժինն եմ պահում:
Հարության տոնին քիչ է մնացել,
Վիճակ են գցում հուդաներն  հիմա,
Այնպես են ոսկու փայլից շլացել,
Որ սակարկում են իմ խաչի վրա...


****   *****
Ինձնից առաջ ճամփով քանի մարդ է անցել,
Ինքը անմահ`օտար մահերը սգացել,
Հոգու խորքում անհաշտ մեռնելու մտքի հետ,
Ինքն իր մահից մի քայլ անգամ չի հեռացել:
Քանիսն են սպասել աստեղային պահի,
Թե կարող են կյանքը առանց մահի ապրել,
Երբ լիքն է բաժակը, զուր է խռովքն համի,
Քանիսն են բաժակով լցվել ու դատարկվել:
Քանիսն են անց կացել ճամփով ինձնից առաջ,
Մանուկ Հիսուսների բարուրներ կան դատարկ,
Աշխարհը ծոցը լի ծաղիկ ունի ու խաչ,
Ապրելու համար դեռ կունենամ ժամանակ:

****   ******
Փետուրի պես թեթև,
Վեր ու վարում սահուն,
Հուշս  արծաթաթել
Քո ճամփան է պահում:
Իմ երազի հեռվից
Քեզ բերում է իմ տուն,
Մնում է սերդ ինձ
Այս աշխարհից թաքուն:
Ու սենյակում իմ մութ
Հեթանոս եմ դառնում,
Հին աստվածները  զուր
Լեզուս  չեն հասկանում:
Կծիկը  հուշերիս
Ցնորվում է պարում,
Բառերը  շուրթերիս
Նոտաներ են շարում:
Երբ մտովի կրկին
Դեպի քեզ եմ գալիս,
Իմ չգրված երգին
Անունդ եմ պահ տալիս:


*** ****
Որ հաճախ եմ ինձ հակասում, ես էլ գիտեմ,
Խենթությունն իմ, որ տարիքիս էլ չի սազում
Թաքցնում եմ նրան այնպես, որ հեշտ գտնեմ,
Ձեզանից շուտ հետո ես եմ ինձ բամբասում:
Ինձ տանում եմ մի անապատ ձեզ անծանոթ,
Ուր մարմինս քաղց է զգում, մնում ծարավ,
Ինձ սիրելու համար նրան դառնում եմ խորթ,
Ոգու համար չդարձավ նա պիտանի,   լավ:
Տենչը  հոգու առանց  մարմին   չի զորանում,
Սրբանալու համար չէր, որ աշխարհ եկա,
Պիտի անվերջ փնտրեմ կեսին իմ անանուն,
Ու հավատամ, որ նա պիտի իր ոտքով գա:
Չէ, ես շատ եմ ինձ հակասում, իմ տեսակն է,
Իմ ծառից  չէ, որ պտուղը  չի քաղցրանում,
Իմ ավշի մեջ արեգակի հուշը տաք է,
Իսկ արմատը հողոտ երկինք  չի բարձրանում…

           ԱՊՐԻԼ 24

Խոնարհվում են խոհերն իմ մտքի,
Բարձր պահած ցեղիս վառ անունը,
Թարմ է հուշը փակված իմ վերքի,
Յաթաղանի ոխը փորձել է արյունը:
Իմ արմատը հող ունի հաստատ,
Խաչ ունի  հավատի իմ տունը,
Ուզեցին, որ անեն հայաթափ
Երկիրս ու աշխարհի պատմությունը:
Դեր-Զորի ավազը լցրեց
Փեշի մեջ աչքակապ քամին,
Կուրությունը լույսից խոսեց,
Արևի խավարման ժամին:
Ուզեցին  անունս  փոխեմ,
Մոռանամ հավատիս դուռը,
Իմ նախնյաց լեզվով  չխորհեմ,
Պղծեմ իմ արքայաց արյունը:
Ինչ օգուտ, որ գիտեն իմ ցավը,
Զոհերին հաշվում են միլիոնով,
Անունս չի տալիս աշխարհը,
Բայց հացն իր թրջում է իմ գինով…


           ՄԻՆԱՍԻՆ
Քնած ես իմ մեջ, ես չգիտեի:
Երբ որ արթնության դռնից ներս մտա,
Պնակը դատարկ գտա ներկերի:
Դու տանտեր էիր, ես էի հյուրը,
Տաքացավ հոգիս ջերմությամբ լույսիդ,
Դու վրձնում էիր դրախտի դուռը…
Ինչ կասես կարմիր գույնին իմ արյան,
Քոնը թափվել է խաչյալիդ խաչին,
Երակ է կտրել  կիրքն հասած  նռան:
Խավարում բոցը լեզու է բուրյան,
Ծխում են դատարկ շրջանակները,
Ապրումներին խորթ օրերիդ վառման:
Երբ էիր եղել դու ինձ այսքան մոտ,
Սիրուս մասին էլ ես նոր իմացա,
Գնո՞ւմ ես արդեն, հավերժի ճամփորդ…

             *** ***  *****
Զարմանալի բախտ է երկնաչափ իմ սերը.
Բաժանումը  սրտում սիրուց  գաղտնի պահել,
Որ մանուկը սիրո մնար ընդմիշտ մերը,
Որ իմ հույսի դուռը միշտ բաց ու խուփ աներ:
Պատանու տարիքի օրը  մեր բաժանման
Մի երեկվա չափ է հեռացել  ինձանից,
Ինձ երազում հաճախ գալիս ես հանդիպման,
Զանգեր են ղողանջում քնիս մեջ քո ձայնից:
Արթնացումն իմ մտքում երազիս է գգվում,
Աչքերիս մեջ փայլն է  շողուն քո աչքերի,
Որ չմնաս հետո իմ սենյակի մթնում,
Այրում եմ էջերը սևագիր հուշերի:
Զարմանալի բախտ է իմ մի հատիկ սերը,
Հարդագողի ճամփին ծաղկազարդ է տոնում,
Կաթում, կաթկթում են  իմ ծաղկի թերթերը,
Քեզ հետ հեռուն գնալ էլ  չեմ կարողանում:

              ՄՈՒՐԱՑԿԱՆԸ…
Հաց էր խնդրում ձայնը` ծարավ
Գտնելով ինձ,
Ասես  անչար  նետված մի քար
Դիպչեր սրտիս:
Աչքերիս մեջ ինչ էր փնտրում`
Թաքցրեցի,
Փողոցը ինձ տանում էր տուն`
Չկանգնեցի:
Ես քո խիղճն եմ,-լավ է չասաց
Մուրացկանը,-
Թե ապրել է ինձնից առաջ
Իմ նոր տանը:

         ****   ****
Ես մենակ չէի` երեքով էինք,
Սուրբ երրորդության անունը չկար,
Մենք հաց ու գինով պիտի տոնեինք
Մեր մանուկ սիրո ծնունդը արդար:
Հացը մեր չոր էր, կիսել չստացվեց,
Բաժակը գինով ընկնելու էր ցած,
Մեր մանկան աչքում լույսը չբացվեց,
Ապրելու ճիչը խուլ էր ու անլաց:
Ես դահիճ էի, դու` մի լուռ վկա,
Մի սպանիր,-ինձ ինչու չասացիր,
Սերս աղջիկ չէր ու ոչ էլ տղա,
Հուղարկավոր է խիղճս մտացիր:
Մենակ եմ էլի,գնում ես`գնա
Չհայտարարված լռության միջով,
Հարության տոնի լուրը թող մնա,
Բավարարվում եմ ես այսքան քչով:

*****   *****
Թրթռաց սիրտը իմ միամիտ,
Երբ ելար ճամփին իմ նորից դու,
Հոգսաշատ աշխարհը իր բանին,
Չտեսավ հուզմունքը իմ ու քո:
Անշշուկ սաստեցի իմ սրտին.
Սիրո հետ ճամփեն մեկ չի լինում,
Երազանք պահ տվի իմ մտքին,-
Սիրտ իմ, քեզ աշխարհ եմ  խոստանում:

****  ****
Մորս սրտում սիրո մի ծով
Ինձ կենարար աղբյուր դարձավ,
Ու թվաց թե հրաշք խոստացավ,
Մանուկը իր գրկի անզոր:
Ինչքան է նա ինձ փայփայել,
Ծունկը ծալել փոքրիս համար,
Երբ եղել է կյանքն անհնար,
Աստվածներ է նա արարել:
Շատ է տքնել մայրս կյանքում,
Թոնրի շուրթը տաք է պահել,
Խոպան հող է մայրս բահել,
Ինձ հոգսից է պահել թաքուն:
Մորս հանդեպ ծնող չեղա,
Ու ձեռնաբաց`ինչպես հոր տուն,
Իմ հացի մեջ գութը նրա,
Ու ես եմ դեռ նրան փորձում:

**** ***
Սրթսրթում էր օրը թրջված ցուրտ անձրևից`
Պատահական անցորդներին փաթաթվելով,
Աչքս չէի կտրում ջրակալված գետնից`
Ջրափոսերի շարքն ինձնից ետ վանելով:
Վանաձորում,ճիշտ է, ասում են ճիշտ,
Որ օդը մաքուր է, լեզվի նման միշտ թաց,
Անձրևով է հղի գարնան երկինքը միշտ
Զմրուխտ բնաշխարհի թավշե գլխին կախված:
Հոգնաբեկ էր լույսը ճամփին վեր ու վարի,
Իսկ անձրևը միտք էլ չուներ դադարելու,
Գործս ավարտելով`ետ` տուն պիտի գայի,
Երկնքից խռոված `վեր չէի նայելու:
Արևն էի թողել Երևանում լուսե,
Որ շողերով իր տաք հաճախ միտքս էր գալիս,
Վաղը Վանաձորում տաք կլինի գուցե,
Ինչու էր վարորդը ոտքը դեռ կախ տալիս:
Մեքենայում նստած ես դուրս էի նայում,
Տղամարդուց դրամ խնդրեց տղան անտեր,
Քաղցը կոշտ պատառից խեղդվելուն չի նայում,
Կիսամերկ այս խեղճին տեսել էի,որտեղ:
Ծակ ու թրջված էին լաթերը իր հագի,
Ոտնամանները`հին,օճառի պես մաշված,
Քանի դուռ դեռ պիտի անօգնական թակի,
Իր գրպանում գոնե դրամ ունի հաշված:
Թախանձանքը նրա որ չմնար իզուր,
Ժպտալով տղային դրամ նվիրեցի,
Թեպետ սրտումս լաց ու աղոթք էր մի բուռ,
Աստծո լույս պատկերը խռոված պահեցի:
Տղան դեռ մուրում էր,կպչում էր ուղղակի,
Աչքի տակով էի արդեն նրան նայում,
Շարժիչն աղմկում էր մեքենայի թափքին,
Ճանապարհ ընկնելուն արդեն ժամ չէր մնում:
Մի վերջին անգամ էլ հայացքս թեքեցի
Մուրացկան տղային մեկնումից քիչ առաջ,
Սիրով ձեռքով արեց,ես դա նկատեցի,
Աչքի ժպիտն էլ էր իր դեմքի պես սառած:
Այս տղայի ողջույնն ավելին էր,քան այն
Այրի կնոջ լուման`Տաճարին նվիրած,
Ետ գալով Երևան,չտաքացա սակայն,
Ինչ ցրտից էր անվերջ իմ սիրտը խռոված:
Ինչ անձրև էր սառը,որ ինձ էր հեղեղում,
Փրկության նոր տապան միթե չի լինելու,
Այն հեգ տղան կարծես կողքիս է դեռ մուրում,
Մեզ` երկուսիս ներում երբ է շնորհվելու...

**** ****
Գլխացավից իմ սիրտն է խառնում,
Դրախտի դուռն էլ աչքս չի գալիս,
Ծուռ է աշխարհը, լավ եմ իմանում,
Բայց կույր ցավը ինձ ուղիղ է գալիս:
Թողնում եմ, որ ինձ դիմակը խաբի,
Թե ինձ եմ փորձում, թե ինձ խաբողին,
ինձ անծանոթ չէ տոթն անապատի,
Բախտը ժպտում է աչքս կապողին:
Փորձում եմ մնալ ինքս ինձ նման,
Հուդան ինքն է ինձ մատնիչ պաչ տալիս,
Իմ առջև բաց է երկնային ճամփան,
Գետնից չի պոկվում ստվերը կավիս:
Թողնում եմ Աստված ինձ առաջնորդի,
Աշխարհը ծուռ է, լավ եմ իմանում,
Չեմ ուզում մնալ անառակ որդի,
Տեր, գլխացավիդ ոնց ես դիմանում...

****  ***
Շուն էր թափառական ահերով աշխարհի,
Պոչը իրեն քաշած, աչքն ուրիշի ձեռքին,
Ցեղակիցը կյանք էր անում մարդավարի,
Օրեր էր մաշում նա մոլոր իր ճամփեքին:
Ով մի ոսկոր կամ թե փշուր հաց էր տալիս,
Մտածում էր` իրեն սիրելուց կամեցան,
Աջ էր ուրախ հաչում, ձախ էր թավալ գալիս,
Կուշտ փորի խոստում էր ամեն մի կանչող ձայն:
Բայց սև շուն էր նա ու բախտով փողոցային
Թափառումին տրված պիտի հար մոլորվեր,
Գիշերվա մեջ խավար պիտի որոտային
Կրակելու պատրաստ հրացանի փողեր:
Անտեր շների մահն ինձ չի սրտապնդում
Սառնությունը զգալ գիշերվա ծուռ մտքի,
Մթության նման է մենությունս գտնում
Կեղեքող լացի պես վնգստոցն այս մեկի:
Շուն էր թափառական, օրը` հույսով բարի,
Վիրավոր թաթով էր մի փոր հացը գտնում,
Իր վրա հաճախ էր մնում աչքը մահի,
Շան բախտից էր, որ դեռ հաչում էր ու կծում...

****   ****
Փշուրներում իմ հայելու
Չմանրացավ  ցավը հոգուս,
Ինձ իմ ձեռքով ապտակելու
Կիրքը` ուներ թողության հույս:
Չցանկացավ լույսը բեկվել
Տաք շիթերին արցունքներիս,
Երկունքներ եմ անճիչ խեղդել`
Պարանը դեռ մնում է ինձ:
Անճարության միտքը` ճերմակ
Թղթի վրա թվաց մոլոր,
Կուչ էր եկել թևերիս տակ
Մարմինս` հանց վիրավոր լոր:
Դարձից հոգնած հուշը օրվա
Վիրապիս խոր մթնում փակվեց,
Ինձ թողնելով հույսը վաղվա,
Ում էլ բախտիս ոտքը կապվեց:
Շրջանակը իմ հայելու
Դատարկության մտքից է ծուռ,
Գիտեմ ,էլ ետ չեմ բերելու
Պատկերն Աստծո` սիրով իմ` կույր:

***   ***   ****
Խռովքի է մատնում իմ հոգու անդորրը,
Եդեմի պարտեզի հուշը`խաբկանքի պես,
Աստծո ինչին էր պետք իմ կերած խնձորը,
Եվ իմ կուսությունը` պատիժ ասես:
Անկարող է միտքը, երբ չի բարձրաձայնվում,
Ես արարած եմ լոկ պատկերով իմ Աստծո,
Իշխելու տենչը ինձ լավ է,չի նմանվում,
Հին է կարոտը իմ սպասված մեծ սիրո:
Մորմոքում է հոգիս անկեզ մորու հրով,
Անիծյալ կյանքից է չարությունը սրտիս,
Մինչ անկամ է մնում ցանկությունը իմ ծով,
Փառքի զորությունը չսովորեց փոքրիս:
Անմեղ մեղքիս համար` ես ներում չունեցա,
Չներելու համար ով է կուրծքն իր ծեծում,
Դրախտը ինձ լքեց,ինքս ինձ օտարացա,
Անզորության միտքն է որբի պես հեծեծում:
Աղոտ եմ հիշում ես պատկերը եդեմի,
Մոռացել եմ այնտեղ ես հաստատ ինչոր բան,
Գիտեմ,Աստված նորից ինձ չպիտի ների,
Երբ ես կրկին փորձեմ տեսնել նրան:

****   *****
Չթողեց լուսինը,որ
Աչք փակեմ ամբողջ գիշեր,
Արծաթափայլը կլոր
Իմ անկողինն էր հիշել:
Գարնանային երկինքը
Ծով էր`գրկում մի նավակ,
Առագաստ արեց կիրքը,
Մոտս եկավ անկրակ:
Հպեց մատները սրտիս,
Զարկերակս իմացավ,
Դրեց գլուխը բարձիս
Ու կարծես ինձ մոռացավ:
Չթողեց ինձ,որ քնեմ,
Լուսադեմին հեռացավ,
Հայելուս խորքը նայեմ,
Լուսինն այնտեղ լողացավ...

**** ****
Ջուր էր հոսում դեղին
Աշնան օրվա կողից,
Մշուշապատ ուղին
Կառչել էր մայր հողից:
Թախիծ էր կաթկթում
Ծառից`տերև-տերև,
Մթագնած երկնքում
Չկար կապույտ-արև:
Հոգու լույսն էր մարում
Դեմքին մեռնող օրվա,
Արցունքն աչքի այրում
Ճամփին մերկ ու ամա:
Տերև-տերև փռում
Ծառն իր սրտի դողը,
Աչքն էր անվերջ մնում,
Սառն էր ափի հողը:
Աշնան օրը դեղին
Խունկ էր ծխում նորից,
Մշուշապատ ուղին
Ելանում էր  հողից...

****   ****
Գնում եմ, երկար մնացի,
Բարև եմ քեզ նորից ասում,
Բաժանման արցունքից բացի,
Գինի կա իմ ձեռքի թասում:
Գնում եմ,չեմ կարող մնալ,
Քո սիրուց չեմ ուզում կառչել,
Բարևը լույսի պես արդար
Չի կարող մեզանից փախչել:
Գինի կա դեռ ձեռքիս թասում,
Եկել ու գնում եմ գինով,
Գնալուց բարև եմ ասում,
Բարևից չեն մնում խռով:

***  ****
Խաղը ավարտվեց, հանդես էր շքեղ,
Չգիտեմ քանի աչք կար ինձ վրա,
Զարդերս հիմա այստեղ ու այնտեղ,
Մենակ եմ,տանն եմ,էլ ոչ ոք չկա:
Մարդ չկա տեսնող մերկությունը իմ,
Ափերիս բռում ամպ եմ արցունքի,
Փխրուն եմ նորից,նորից այրի կին,
Սիրտս խփում է վարգով հուզմունքի:
Տանը մարդ չկա,որ ես հավաքվեմ,
Ինձ մերկ պահ չեմ տա հուշին ոչ մեկի,
Դու  սիրո Աստված, ես անսեր մարդ եմ,
Հաշիվը` մեկ է, մենք` երկու հոգի...

****   ***
Իմ վարդացած ժպիտը
Ծաղիկ չուներ քեզ համար,
Ու ծաղկումին անհնար
Խորթ էր ավերման կիրքը:
Միտք չունեի ցավ տալու,
Կանչող էր քնքշությունը,
Փշով պատված ցողունը
Քո ձայնով էր ճչալու:
Ում ասես սրտաբաց էր
Իմ ժպիտը ծաղկացած,
Մեղավորի մի կուշտ լաց
Իմ երեսն էր լվացել:

**** ****
Մերկությունը ծածկելու պետք չունի հոգիս,
Ծնված օրից մարմինն է լաթերի սովոր,
Ձիգ չի պահում մեջքս էլ պինդ կապած գոտիս,
Մաշկս փայլ է գողանում հագուստից իմ նոր:
Չի փայլում աչքիս լույսին ոչ մի հայելի,
Հաստատ չի մնում`մեկ-մեկ, հողը ոտքիս տակ,
Ոնց անեմ,որ չմեռնի հույսն իմ արևի,
Որ աշխարհն իմ չունենա ճաղեր ու վանդակ:
Որ լինեմ սովորական, ոնց կողը հացի,
Որ ոտքի տակ չեն տալիս, երբ այն ընկած է,
Ու երբ մանկան պես սոված աշխարհը լացի,
Ես կորած չեմ,-կիմանամ,-ու նա փրկված է...

****   ****
Ներիր ինձ, սիրտ իմ,խեղճ-խեղճ եմ ասում,
Երբ աշխարհի չափ խռոված է նա,
Երբ տոթում ցավի նա ինձ չի լսում,
Ուզում է ինձնից պոկվի,հեռանա:
Մի բռունցքաչափ քար լինի ասես,
Ձեռքս ափից ափ գիտի երկմտել,
Ամենը խաղ է` խորքում գաղտնի ծես,
Սիրտ իմ,քո սիրուն չեմ կարող ստել:
Ոչինչ աշխարհում չունի հավասար
Ապրելու տենչին,խաղաղվիր,սիրտ իմ,
Նետվելու պատրաստ առաջին դու քար,
Խռովքիդ մեղքը թողած իմ խղճին:
Իզուր եմ ,սիրտ իմ,քեզ անուն դնում,
Կուսություն չունի անմեղությունն իմ,
Ձեռքը,որ կտրել չեն կարողանում,
Պաչում են `դնում խոնարհ ճակատին:

****   ****
Ծովի ծփանքն իմ սրտում,
Ափն իմ ոտքերի տակ,
Այրող ավազն է մատնում
Արևին հրակ:
Ծովն ինձ նվեր է բերում,
Մամուռ ու խեցի,
Մերկությունն է իմ շոյում,
Որ աչքս բացի:
Ձեռք եմ պարզում փշրված
Ափ եկող ծովին,
Երես չեմ տալիս արբած
Արևի շողին:

****    *****
Տատիս <անկյունը>  հասել էր
Մուտքի դռանը,
Տատս`փոքրիկ,արդեն ծեր էր,
Դուրսն էլ էր տանը:
Բոխչա ուներ տատս` կապած
Չթե կտորով,
Իլիկի հետ` թելեր կծկած
Մեր անուններով:
Մի կոնֆետ էլ թե ունենար`
Բացձեռ էր տատս,
Ծոռի թոռին էլ կմնար,
Սրտովն էր կացս:
Մարմնի որ մասն էլ ցավա,
-Ասում էր տատս,-
Հոգին այնտեղ հոգին կտա,
Զսպված էր տատս:
Երեք օրվա մահ էր ուզում,
Չոր աչքով` ճամփա,
Բախտի համար էր մեր հուզվում,
Ու որ հոգս չտա:
Թելերի հետ հնացել է
Կիսագործ գուլպան,
Իմ տատի հետ հեռացել է
Հուշն իմ մանկության:

***  *****
Քեզանից ինձ ձգվող հեռուն
Անապատ է ասես ծարավ,
Այրող ավազն իր բիբերում
Սերմանել է մութը` խավար:
Տկլոր քամին` իմ տրտմության
Հայելու մեջ է լողանում,
Ղողանջում են իմ լռության
Զանգերը հին ու խլանում:
Ինձանից քեզ ձգվող հեռուն
Էլ ծաղկազարդ ճամփա չունի,
Փետրավոր է` ինչպես թռչուն,
Որ մեռնում է հանուն տոնի:

****   ***
Հիշողությունս կարճ է`
Մտքում ցավ չի պահում,
Խաչափայտիս արյունը
Արև է խավարում:
Խաչելություն չի եղել,
Ոչ էլ `մատնիչ պաչ,
Արծաթն անուն է հանել,
Շղթաներն են ոսկեխաչ:
Կույսերը տասն էլ արթուն
Խարխափում են խավարում,
Ձեռքեր` ափով միագույն,
Ճրագներ են գողանում:
Խաչելություն չի եղել,
Անհիշություն աններում,
Իմ խաչն ես մեջքիդ բերել,
Ես ձեռքերս եմ լվանում...

****   ****
Սալիերի,դիմակդ հանիր,
Մոցարտ չեմ,կին եմ ծաղկանուն,
Բացճակատ աչքերիս նայիր,
Հայացքդ մեղքին ես խոնարհում:
Մտքիդ մեջ նենգ ես ու դեռ չար,
Զղջումը հաճախ է ուշանում,
Մինչ սրտի քնարն առանց լար
Թևին է հոգու ծանրանում:
Ինձ համար վիճակ ես հորինել.
Հուզմունքս չափում ես անսխալ,
Մինչ խաչն իմ ջրում եմ թողել,
Ու մահվան քայլերգի միտք չկա:
Սալիերի, դիմակդ հանիր,
Մոցարտ չեմ` պոետ եմ ծաղկանուն,
Բացճակատ աշխարհին նայիր,
Ու գտիր քեզ համար նոր անուն...

*****    ****
Երկու տարի առաջ մահացել է մի կին,
Նրա մասին նրա ամուսնուց  իմացա,
Նա իմ կրտսեր քրոջ ծաղկազարդ տարիքին,
Նրա տառապանքի լուրին չդիմացա:
Նրա վերքն իմ սրտում հանց մրմուռն էր քամել,
Խռովքը իմ հոգու` միտքս չէր իմանում,
Տկարությունն էր ինձ իմ անկողնուն գամել,
Նրա կյանքի ճիգը իմ մեջ էր երկարում:
Ինչ դժվար է, քույր իմ, ցավը անքեն կրել
Սեփական կրծքի տակ, ինչպես խաչը քարե,
Քեզ մերժող աշխարհը զավակի պես սիրել,
Իմանալով սրտի խորհուրդը ինչ չար է:
Դու ներեցիր,իսկ նա չսովորեց ներել,
Դրա համար ինքը պիտի իրեն տանջի,
Գնալու ես, սակայն ուզում ես նվիրել
Կապոցը քո խինդի` ծաղկունքին քո լանջի:
Սիրուդ համար հաճախ չունեցավ ժամանակ,
Նրա ականջում քո ձայնը պիտի կանչի,
Մնալու է լիքը սառը ջուր մի բաժակ,
Մոմդ պիտի ինքն իր կաթիլքի մեջ հանգչի:
Հիսուս էին կանչում քո շուրթերը պապակ,
Ուզում էիր սերդ ու հավատդ փրկել
Այս աշխարհի հանդեպ` խռովքիդ ժամանակ,
Ուզում էիր կյանքդ ցավից թաքուն ապրել...
Երկու տարի առաջ մահացել է մի կին,
Նրա տառապանքի լուրից- հիվանդացա,
Լույսը վիրակապ էր`անմարմին էր հոգին,
Քո անունը, քույր իմ, այդպես էլ չիմացա...

****   *****
Տառապանքից պոկված անդորր ննջեցյալի,
Որ մաղում է կարծես ձյունը միապաղաղ,
Հրեշտակի թևով հիշատակներ բարի,
Հանգչում են մայր հողի աչքերի մեջ խաղաղ:
Ձյունե վարագույրը անպատուհան երկնի
Կախվել է ուսերից ցրտահարված օրվա,
Երեկվա կորցրածն այսօր որտեղ գտնի,
Երբ ճերմակում նրա ոտնահետքը չկա:
Ճերմակ հուշ է ասես մոռացումը ցավի`
Ծաղկազարդի նման ձյունը համատարած,
Փաթիլվում է լույսը այս անցվոր աշխարհի
Ափերի մեջ հողի ` իբրև թե հաց կենաց:

****   ***
Թե սերն ինձ սրտանց չեն տալիս,
Պաչից էլ չեմ մնում նեղացած,
Խղճիս հետ կիսվում եմ ուշացած,
Թե սերն ինձ սրտանց չեն տալիս:
Ճամփին եմ հասցեն իմ լոկ տալիս,
Կիրակի օրով եմ խաբված,
Թե սերն ինձ սրտանց չեն տալիս,
Պաչից էլ չեմ մնում նեղացած:

****   ****
Թեպետ մի տանից չենք մեր օրը գլորում,
Բայց նույնն է սպասումը դեռ չեկած հրաշքի,
Մեզ լքող հայր ունենք մեր գլխի վերևում,
Ներքևում գաղտնիքն է նրա չասված խոսքի:
Վաղվա օրվա տերը Աստված է,-ասում ենք,
Ու վախենում`հանկարծ չանի մի չար կատակ,
Ու թե վաղն ինձ ձեր մեջ փնտրեք ու չգտնեք,
Դարձիս ճամփին`գիտեմ,հազիվ թե հավատաք:
Միշտ էլ քիչ է լինում տրված շատը անգամ,
Շրջելով դրամը`կայսրից չկա պրծում,
Քաղցրությունը ունի կորիզներ դառնահամ,
Ունայնության որդը խակ պտուղ չի կրծում:
Սպասումները մեծ` մանրության են դրդում,
Մի թող,որ իմ հույսին մնա հրաշքը քո,
Դրամը` երկերես, լոկ մեկով կա փրկում,
Ոչ մի դրամ չունի մատնահետքը Աստծո:
*****
         Հանիր սիրելիս, մտքիցդ հանիր
            Ջրահարսերի ճերմակ վերարկուն....
                                    Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Զուր է սիրելիս,պատրանք է պատիր`
Ջրահարսերի ճերմակ վերարկուն,
Երազը սուտ է,ջուրը մի մտիր
Ցողելու համար մարմինը թաքուն:
Ծովը գալիս է ոտքիդ ընդառաջ,
Հաշիվ չի տալիս խռովքը վարքին,
Խորքում մնում է ջրին անճանաչ
Կապույտ երկինքը` ճերմակը հագին:
Ջրահարս չունի հիմա ոչ մի ծով,
Կարոտն ինչքան էլ հուշը փայփայի,
Չի կարող մնալ երկինքը խռով,
Ընկնող աստղի դին երբ ծովը պահի:
Լույս չի դառնա էլ մարմինը հանգած,
Երազ կթվա ուղին իր կյանքի,
Ոտքի տակ կընկնի ծովը սրտաբաց,
Հուշի կապոցը առած երկնքի:
Պահիր դու, Հասմիկ, մտքումդ պահիր
Ջրահարսերի ճերմակ վերարկուն,
Քո երազին իմ կյանքով վճարիր,
Նշխարքից նրա մաս տուր իմ հոգուն...

     ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԵՆԱՑԻ
Ասում են,որ ես էլ սիրուն եմ քեզ նման,
Քեզ նման կանացի` քո հմայքով կանչող,
Սակայն քեզ չի սիրել արքան,որպես Արա,
Ու  կառչել է սերդ ստվերներից փախչող:
Կավիդ փխրությունը ինքդ էլ քեզ չես ներել,
Թեպետ քո անունն է Տիրամոր անունից,
Մագդաղենացի կին, դու արցունքի հեղեղ,
Մերժված,չհասկացված երևելիներից:
Գիտեիր կանացի հմայքներիդ մասին,
Նաև մութ փափագը`դուռդ ծեծողների,
Դու չունեիր պահած ոչ սուր,ոչ էլ`կացին,
Ձեռքի մեջ դեռ քար կա այգիդ թալանողի:
Փնտրում էիր Աստծո այն մինուճար որդուն,
Ում դու կապված էիր իմ ձեռքի նարոտով,
Ծովացել էր խինդը քո մեղավոր հոգում,
Փարվում էիր նրան`ասես իմ կարոտով:
Օրացույց չէր արդեն անցած մեղքի ուղին,
Հայելիս ասում է` սիրուն եմ քեզ նման,
Ես տրվում եմ սրտիդ մեղանչումի դողին,
Քո արցունքը,տիկին,քոնն էլ է աղահամ....

*****    *****
Կուզեմ նկարել խշշոցը գետի,
Հիշողություն իմ,խուլ մի ձևանա,
Նրա հին հունը`հույզերին գերի,
Դարձի ճամփան իր կգտնի հիմա:
Համբերությունը մամռոտ քարերի`
Լքման ափերին`հույսի մի նշխար,
Շիտակությունը թափանցիկ մարմնի
Պիտի ղողանջի ամպերում մթար:
Կուզեմ նկարել խշշոցը գետի,
Բայց ոչ ներկ ունեմ,ոչ կիրք,ոչ կտավ,
Նռները ալվան դեռ քամեմ պիտի,
Արյունս առնի հիշողության ցավ:
******
             Ա.Մարտիրոսյանի հիշատակին

Հավաքվել էինք մի թաս խմելու,
Քո հուշով լի էր մեր հոգու թասը,
Հավաքվել էինք քեզ սպասելու,
Մեր մեջ կիսելու քո լույսի մասը:
Անժամանակ էր քո հեռանալը,
Չծնված տողդ գաղտնիքն էր Աստծո,
Երգ էր, <ստիխ> էր անգամ քո ցավը,
<Ծիր -կաթին> ուներ ճամփան քո սիրո:
Անունդ շուրթից-շրթունք էր անցնում,
Այրում մեր հոգու միգամած թացը,
Քո բառ ու բանի լուսե ակոսում
Դու բաժանել ես քո հոգու հացը:
Հավաքվել էինք միմյանց լսելու,
Հիշելու անցած օրերը մեկտեղ,
Ետ դարձիդ ճամփան քեզ չի հասնելու,
Դու հիմա երգիդ ակոս ու լույս հերկ...

****    ******
Մի աշխարհ տուն` մեծ  Աշխարհում`
Փոքր ու մեծով,
Ամեն մեկն իր աղուն աղում`
Աղերս ու վեճով:
Ձեռք չեն քաշում գահի հույսից`
Բոլորն են Աստված,
Թաքցնում են մութը `լույսից,
Ոնց ահ ու կասկած:
Կուշտ դեմքի չեն տալիս ապտակ
Ի ցույց բոլորի,
Գաղտնի փորում են ոտքի տակ,
Որ նա գլորվի:
Թե մի կտոր հաց են տալիս
 Քաղցից մեռնողին,
Աչք ու ականջ են ման գալիս
Ու` քծնողների:
Մի աշխարհ տուն`մեծ աշխարհում,
Փոքր ու մեծով,
Տուն-տունիկ են ասես խաղում`
Կռվով ու ծեծով:
Պատերազմը տանիքի տակ`
Ոնց սառույց պարկում,
Միշտ չի մնում գաղտնի ու փակ,
Հալոցքն է մատնում:
Ախ,իզուր եք,ախ ,իզուր եք
 Դուք կույր ձևանում,
Տեսածը ձեր վերցնում եք կույր,
Ու խուլ հեռանում:

*** *******
Աղքատ մարդու վրա նորը երևում է,
Հարուստի համար է շքեղ հագ ու կապը,
Աղքատին է տրված զուսպ լինելու չափը,
Հարուստների բախտը գետի պես բերում է:
Աղքատին հարցնում են,-որտեղից է հացը,
Հարուստները ունեն առատ ու կուշտ սեղան,
Աղքատի հացի մեջ հազար ու մի Սեզամ,
Հարուստը վատնում է խառնած չորն ու թացը:
Լիության մեջ կույր է, նեղության մեջ ընկած
Հարուստի աշխարհը դրախտ է ավերված,
Աղքատն իր ատամի ջրով կշտանում է:
Աղքատն իր վերմակի չափով է ոտք մեկնում,
Անկումը հարուստի` բարձունքը չի փրկում,
Դանակավորը`շատ, ուտողն ուրանում է:

*****    ******
Երեկվա օրը անցյալ է այսօր,
Հիշողության հետ դեռ պիտի հյուր գա,
Մտքերս ասես ամբոխ են մոլոր,
Անցածի համար փրկագին չկա:
Երեկվա օրը լավ էր, քան այսօր,
Կորածի հետքով միտքն ուր է գնում,
Աստծո պատկերին հայելիս սովոր`
Դալկացող դեմքիս հազիվ է նայում:
Ժամանակն ասես չոր քամի լինի,
Որ խլածաղկից անուն է տանում,
Փետուր է թեթև`առանց թևերի,
Իր վաղվա օրը ով է իմանում:

*************
                 Ռ.Սարդարյանին

Ընկերս պոետ` ասաց.
-Մուրացիկին ձեռք չտամ,
Դրամի պես էլ զնգամ,
Երգը երբ է մի կուշտ հաց:
Ասաց հեռու որ մնամ,
Նրա քաղց ու ծարավից,
-Ոնց հեռանամ ես երգից,
Երբ ընկերոջս եմ նման:

**********
Մի շուն ոտքիս հետ եկավ
Կերակուրին իմ ձեռքի,
Իր քաղցին էր նա խոնարհ,
Աղ չեմ ցանում ես վերքի:
Համբերատար սպասեց,
Մինչև գետնին դնեի,
Ինչու էր նա նայում խեղճ,
Ուրիշ երկու շների:
Ահով էր սիրտը լիքը,
Մոտ չգնաց նա կերին,
Հույսով `քաղցած շնիկը
Կպած է իմ ստվերին:

***********
Մերկությունը թրջած արցունքիս ակունքում
Թախիծը`իմ սրտից լցվեց աչքերիս մեջ,
Փակ դռների օր է կոպերիս փականքում,
Չեմ ուզում,որ ճանաչեն հայացքն իմ խեղճ:
Թաքստոց էր փնտրում երկնքում լուսինը,
Դեղնախտով հիվանդ էր`ինձ հետ էր նա կիսվել,
Շիկացել էր նրա մաշկի տակ դեղինը,
Չէր ուզում,որ ցավից անսեր դեմքը տեսնեն:
Խանգարվել էր միտքս գերությունից լույսի,
Սպասումից երկար`անհամբեր էր դարձել,
Հուշը ծնկաչոք էր դռանը իմ հույսի,
Այգը կորչելու չափ հեռու էր գնացել:
Էլ անառակ որդու վերադարձը չունի
Հայրենական տունը`խղճով աղ ու հացի,
Կարոտը գինի էր  չեկած -անցած տոնի,
Թող ինչքան ուզում է հարբեցողը լացի:

***********
Ես ավելին ունեմ,-ասում եմ ինձ,
Ասում եմ լավ խոսքի լավ իմաստով,
Իմ մուսայի հետ եմ համարյա միշտ,
Երկրի վրա էլ ենք ամպե լաստով:
Ազնվազարմ տիկնանց ես չեմ ատում,
Ինձ կծած խնձոր են երբ շպրտում,
Ցավը աներես է`աչք եմ փակում,
Իմ մեջ տոնի կանչող զանգի հանգում:
Սիրուն է խինդը զույգ, ինչ խոսք, գիտեմ,
Կարոտյալին գիտի գթալու չափ,
Էլ հին դռնից պիտի նոր ելք գտնեմ,
Օազիս տանելու նոր անապատ:
Բացվող բոխչի նման ինձ ու իմ մուսային`
Իմ երգերը մաս են կարոտի ու սիրո,
Կապված եմ ես հոգով կատարյալ աշխարհին,
Ունեցածիս վրա աջն է Աստծո...

***************
Անսեր էի երեկ,այսօր էլ եմ անսեր,
Աշնան այգում  ծառի ուշացումով ծաղկած,
Մութը մեջքն էր ծռել, ինչպես հոգնած մի ծեր,
Լիալուսնի շողն իր շրթունքներին կապտած:
Իմ մենության ծառի արմատները խոր են,
Ճամփիս խոստումով են հորիզոնին կապված,
Այրվող մոմերը`տաք կարոտից կհալվեն
Աստվածների` լուսնի պսակին բոլորած:
Մենավոր ու անսեր լիալուսին բոլոր,
Մահդ հարության է նման երեք օրում,
Լուսնամահիկն աչքիս լավ է չի երևում,
Ճանապարհդ` վերին մենության է սովոր:

***************
Ախ,ինչ անեմ,ես ինչ անեմ,
Որ չտանջվի իմ հոգին,
Ցավիս ցավը ինչպես տանեմ,
Լուռ մնալով մորմոքին:
Աշխարհ եկա ես ապրելու,
Մեռնումների ծով եմ հանց,
Երկնիս թևեր նվիրելու,
Շղթայված եմ ու գամված:
Իմ ասպետը ետ չի գալու,
Զուր եմ ճամփին աչք պահում,
Ախ, առու է ամպը լալու,
Սրտիս մեջ է վարարում:
Ետ չի գալու իմ ասպետը,
Ու էլ տարիքն իմ ծաղկուն,
Անգամ հույզի դանդաղ գետը
Ծովի պես է ինձ խեղդում...

**************
Ես չունեի քո անունը իմ շուրթերին,
Բայց այրվելու տենչ ունեին զույգ մոմերս,
Մանկան նման,որ ննջում է մոր ձեռքերին,
Արթնացումի ժամ ունեին և հուշերս:
Երբ չունեի քո անունը իմ շուրթերին,
Ձկնիկ էի բաժակում քո համբերության,
Երկինք էի խառնում հաճախ մի կում ջրին,
Չգիտեի գինը այնժամ քո գթության:
Ես չունեի քո անունը իմ շուրթերին,
Երբ արցունքիդ սառցադաշտը աչքս մտավ,
Ներիր,Աստված,երևելյալ Աստվածներին,
Նոյերի հետ տուր փրկության մի քանի նավ:
Ես չունեի քո անունը իմ շուրթերին,
Իսկ հալվելու տենչն էր մոմիս մարմինն այրում,
Տեր իմ, կյանքը ու մահն էլ է կամքդ վերին,
Արդ`թաքուն եմ քո անունը մահից պահում...

****************
Այնպես ծաղկուն ես,ծառ,
Ասես ձյուն չես տեսել,
Գարնան շունչ ես լսել,
Այնպես ծաղկուն ես,ծառ:
Չունես դու վաղվա վախ,
Տվածը`ափսոսել,
Այնպես ծաղկուն ես,ծառ,
Ասես ձյուն չես տեսել:

************
Ուզում եմ,որ հավատաք
Իմ ասած բառ ու բանին,
Կես լուրջ ու կեսը`կատակ,
Ով չի սպասում իր ժամին:
Ձայնիս մեջ երանգներ կան,
Հստակ է բառն իմ խոսքի,
Ես ձեր`դուք Աստծո նման,
Խոսքով ինձ տվեք ոգի:
Իմ խոսքը կշիռ ունի,
Մենակ թե ձայնս լսեն,
Ձեր ականջում անհունի
Բառերը թող սպասեն:
Խորն է արմատն իմ խոսքի,
Թոթովանքի պես շիտակ,
Ականջ է պետք ու հոգի,
Լույս տենչանքի մեծ գիտակ:

******
Անղեկ մի նավակ է լողում ծովի
Ջրերի մեջ կապույտ ու աչքաբաց,
Ծովափից նայողին նա ամպիկ է թվում,
Որ երկնքից կարծես ընկել է ցած:
Երազանքի ոսկե հեռուն մտքում պահած,
Սահում է նավակը լողորդին գտնելու,
Խենթերի հրեշտակի կրակներից վառած,
Քարքարոտ ափերի դավերից փրկելու:
Անղեկ մի նավակ է հույզերով օվկիանի,
Ծովի գրկում անվախ առագաստ է կապել,
Փոթորկատենչ քամին նրան կկործանի,
Երկնացած ալիքն են դեմքն արևի փակել:
Փոթորկահույզ ծովն էլ բախտ է վերին,
Ալիքները ափին ունեն ներում,
Մի անղեկ նավակ է քամու թևին
Նորածնի նման ծովն օրորում...

******
Բաժանվելու համար բաց ծով պետք չէ մտնել,
Որ հեռանանք հետո ինչպես երկու նավեր,
Փոթորիկը ծովում անակնկալ ոտնել,
Ու հատակում ծովի ապրել հավերժ ավեր:
Նավարկության տենչը առագաստ է կապել,
Հարթելով կնճիռը ծերացած ժայռերի,
Երկնացող հույզերն է ծովը խորքում փակել,
Բանալին կորցրել է ավազում ափերի:
Քարափների ցավը խարսխից մեր պոկենք
Ու բաժանենք ծովը ինձ ու քեզ հավասար,
Թող կարոտից ջրերն իրենց պատառոտեն,
Ամեն ալիք մեջքին տանի հսկա մի սար:
Քարափների ցավը մտքից պետք է պոկել,
Ու առագաստ պարզել քամուն հիասթափված,
Ծարավից մեծ սիրո ծովը պետք է փրկել,
Ու խորքում ջրերի մնալ հար մոռացված...

********
Դու եկար հանդիպման քո հեռվից,
Ծովի պես ոտքիդ տակ որ փռվեմ,
Աստված չես`փորձում ես նորից ինձ,
Քո անվամբ թե սերն իմ մկրտեմ:
Իսկ գուցե ինձ  եկար  տեսության,
Որ փորձես` քո սրտում ես կամ դեռ,
Կույր աչքը սովոր է մթության,
Երկուսս էլ նայում ենք ներսը մեր:
Անկիրք են թագուհին ու արքան,
Դռներին հակառակ են փակվում,
Չեմ պահի իմ մտքում քո ճամփան,
Կարոտիդ ինչու եմ կապվում:

******
Խփվել է հայացքն իմ կույրի պես
Աչքաբաց սենյակիս խուլ պատին,
Անդեմ եմ կարծես`չկամ էլ ես,
Ծածկել եմ հայելուս ապակին:
Անդորրը շինծու է իմ հոգու,
Ես չկամ աշխարհի ճոխ ճաշին,
Չի սիրում խինդը զույգ`կենտ մարդու,
Ով կտա ավելից իր բաժին:
Սրտիս հետ էլ լեզու չեմ գտնում,
Խռով է պահում նա ինձանից,
Ես նրան տիրոջ պես եմ խղճում,
Ուր գնամ ես իմ նեղ պատյանից:
Անկիրք են ժամերը հեռանում,
Ախ,ով է հիմա ում ափսոսում,
Սրտիս մեջ աշխարհն է ծերանում,
Հայելիս դեմքով է ինձ հիշում..

        Հ ՈՒ Դ Ա
Անունդ սուր է երկսայր,
Արյուն է կաթում ծայրերից,
Եղբայր իմ, երկնեց մեզ մի մայր,
Անտեղյակ մեղքի իր բեռից:
Արդար էր մորս երկունքը,
Անմեղ սիրով նա մեղավոր,
Աղոթքի մասն ուներ
  խունկը,
Տարվեցիր երեսուն արծաթով:
Չիմացար ինչ արժեր արծաթը,
Թանձր էր խավարը,անլվա,
Անհոգի սրբատես քո պաչը`
Գաղտնիքն էր լուսացող գիշերվա:
Զղջումը ուշացած էր մի քիչ,
Արևը խավար էր երկնքում,
Կելներ նա ամպերի միջից
Արյունոտ Գողգոթա աչքերում:

Քոնը չէր դիմակը դահճի,
Դու չէիր օրենքով թալանում,
Բայց քոնն էր դատը խղճի,
Նա էր քեզ <հուդա> անվանում:

Խաչյալին որտեղ պահեիր,
Արծաթը իզուր էր քո ծոցում,
Խղճից ոնց թաքուն ապրեիր,
Արյունն էր զոհի քեզ խոցում:
Շրջվել էր ամենը գլխիվայր,
Երես էր թեքել երկինքը,
Կախվածի խռովք անհնար,
Քեզ հետ չէր դավաճան միտքը:

                                ՍՊԻՏԱԿ - ԵՐԿՐԱՇԱՐԺ

                                        Դեկտեմբեր-1988թ.
                                        Արյունս հիվանդ է ցավով հիշողության,
                                        Ասում են հիվանդի տերն է հիվանդը,
                                        Զոհերիդ համար,Սպիտակ,
                                        Արտասվում եմ լռելայն,
                                        Որ չարթնանա իմ մեջ մեռած այրու խանդը...


Մերկությունը անցյալի անցած իմ դարի
Զգեստներն է բաժանում մեծահոգաբար,
Ու հանկարծ թե ոտքն է դեմ առնում որձ քարի,
Հիշում է իմ մարմինը ու մի քարանձավ:
Չխավարած արևի ճակատը պայծառ,
Որ աշխարհը հեքիաթ էր`վերջը միշտ բարի,
Տանտեր էր իմ քաղաքում եկվորն էլ օտար,
Ճաշակում էր պտուղը բերք ու նուբարի:
Ճակնդեղն էր դաշտերում տալիս կանաչին,
Գործարանը <Շաքարի>  գործում էր անկանգ,
Արթուն էինք շչակի երկնացող կանչին,
Շաքարի պես քաղցր էր քրտինքը մեր թանկ:
Ծփում էին հասկերը արտերում ոսկի,
<Ալրաղաց>ը  ալյուրի մաղ ուներ ճերմակ,
Հացն համով է,-գիտեինք մենք առանց խոսքի,
Սպիտակցու սրտի չափ իր ձեռքն էլ էր տաք:
<Վերելակ>ը  քաղաքիս`ճանաչում ուներ,
<Կար ու ձևի ֆաբրիկա>-ն հույսեր էր թելում,
Գործարանն էլ,դե,<Կաթի>,իր գործը գիտեր,
Թան ու մածուն,ու համով պանիր էր մերում:
Ծննդավայրն իմ սրտաբաց ու բարի Մեծ մայր,
Որ զավակին օրհնելով ինքն էլ էր հզոր,
Գլխին գալիքը ինչպես, ումից իմանար,
Երբ ճակատին գրվածը ակոս ուներ խոր...
Մթության մեջ իրիկվա կրկնակի դոփյուն,
Դժոխքի դուռը բացվեց անծուխ,անկրակ,
Շարք կազմեցին չարքերը` աչքներում արյուն,
Ծպտվեցին վաղորդյան լույսերում ճերմակ:
Ձմեռային պարզ օր էր, բայց ոչ պարզկա,
Ու առօրյա ապրումը քաղաքիս հոսեց,
Մայրությանն էր սպասում մայրն իր աղջկա,
Դավանանքով քո լեզվի Աստված չխոսեց:
Չարը իր գործը գիտեր,իմ խաչը վկա,
Չուզենալով դեռ ինչքան պիտի ես ծնկեմ,
Ում շպրտված  քարն էր կույր գալիս ինձ վրա,
Մանուկներիդ չծնված ճիչը ոնց երկնեմ:
Բազկատարած սարերիդ շրթունքին հառաչ,
Ասես նրանց աչքի մեջ բիզ էին խրել,
Քանդվում էին շեներդ արևի առաջ,
Քարերի տակ երկունքիդ ոգին էր լռել:
Խեղդվում էիր արյանդ լճակի մեջ տաք,
Ոտքիդ տակի փոշին էր երկինքդ առել,
Ասում էին էլ չկաս, չկաս Սպիտակ,
Հեգ նահատակ է հոգիդ ու կյանքդ ջահել:
Հին Բաբելոնն էր կարծես փլվում քո հողում,
Աստվածները հեթանոս`անաստված,անգութ,
Խմում էին արյունդ, աչքիդ մեջ լողում,
Դավը նենգ էր`գիշերվա խավարից էլ մութ:
Քո մահերը`բյուր-տասնյակ`ինձնով են անցնում,
Սրտիս փոքրիկ մատուռում ես ունեմ խաչքար,
Իմ հավատքն է մոմեղեն արցունքով լացում,
Երկրաշարժից աղետյալ սրբերիդ համար:
Քեզ`աշխարհը երկարեց գութը արթնացած,
Ապրելու հույսը ցավիդ կրակը մարեց,
Օջախիդ ծուխը թեպետ մի քիչ դառն էր,թաց,
Բայց գնալով ավելի կյանքը վարարեց:
<Սուրբ Հարություն> տաճարը`որդեգիր`որդուդ,
Հավատավոր բախտով`ինչպես անմահ բարի,
Հին դարը թերթեցիր, Երկրաշարժ-88,
Հանուն տոնի կանաչ`հավատամք իմ ծառի...

*******************
Չգիտեմ,թե դրախտում գաղտնիքն է անմահ,
Էլ ինչու եմ զուր կրում պսակն իմ փշե,
Խաչափայտն ինձ կանչում է փայլով մի ոսկե,
Չգիտեմ,թե դրախտում գաղտնիքն է անմահ:
Մերկ ապրած իմ օրերի հանդերձքն աստղակար
Լուսնի ճամփին եմ փռել,փորձության փորձ է,
Չգիտեմ,թե դրախտում գաղտնիքն է անմահ,
Էլ ինչու եմ զուր կրում պսակն իմ փշե:

***********
Էհ,բավ է,աշխարհ,կշեռքիդ նայեմ,
Անհավասար են նժարները հար,
Սրտիս խորհուրդը էն գլխից է չար,
Էհ,բավ է ,աշխարհ, կշեռքիդ նայեմ:
Էլ բավական է քո աջը շահեմ,
Ձախ ափիդ մեջ են կշռաքար ու քար,
Էհ,բավ է աշխարհ,կշեռքիդ նայեմ,
Անհավասար են նժարները հար:

********
Սիրո շղթան սիրով էլ չեմ կրում,
Ես չեմ ուզում,որ ինձ սիրահարվեն,
Թող որ շքեղ կին եմ,բայց մենակ եմ գնում,
Իմ մատուռը հույսի մոմերով թող չայրեն:
Չեմ հիշում`երբ եմ ես եղել ձեռնասովոր,
Վայրենանալու չափ ես ազատ եմ հիմա,
Սիրում եմ աշխարհը ամեն օր սիրով նոր,
Այսպես անկշիռ է ամեն շղթա:
Չեմ ուզում,որ մեկին սիրահարվեմ,
Ու թե այնպես լինի`նա իմանա,
Գիտեմ`մոխրից հետո պիտի հառնեմ,
Նրա սիրտն իմ տված ցավին չի դիմանա:

*********
Շրխկոցը դռան շպրտեցիր դեմքիս,
Չսպասեցիր,որ քեզ ճանապարհեմ,
Սայլի պես ճռռում է շրջագիծը մտքիս,
Պատուհան չգտա,որ ներս նայեմ:
Դու գնացիր անդարձ,սիրտս չի տրորվում,
Չի մորմոքում հոգիս քո կարոտից,
Աշխարհն արբածի պես աչքիս չի օրորվում,
Ու կախված չէ շունչս քո խոստացած օդից:
Լավ է,որ հեռացար հաղթանակած մտքով,
Պարտվողի քենը ինձ թշնամի է դառնում,
Ես անտարբեր անցա հաղթանակիդ կողքով,
Նվիրածի համար չեն փոշմանում:

*********
Ներիր ինձ, քեզ եմ ասում,
Թեպետ ինձ է լսելի,
Աչքերս լայն եմ բացում,
Որ արցունքս մոլորվի:
Ակամա սխալվեցի,
Ես այսքան ինձ քիչ գիտեմ,
Իմ մեղքին տեր կանգնեցի,
Որ ինձ հեռվում չփնտրեմ:
Ում հետ ասես չի եղել
Անակնկալը պահի,
Ով չի իրենից ելել,
Կրակի պես որ մարի:
Որ քո ցավը մեղմանա,
Քեզնից ներում եմ խնդրում,
Քարն իմ թող ծովը գնա,
Ես արցունքից եմ խեղդվում:

********
Մենք նման ենք երկու ծառի,
Մեր խոհերը`ավշի պես թաց,
Բաժանման լուռ մի անցուղի
Մեր շուքին է հավերժ խաչված:
Ձգտումը նույն լույս երկնքի
Մեր մարմինը ձիգ է պահում,
Մեր սաղարթում արևն ոսկի
Իր մանյակներն է լուռ շարում:
Ու նույն ցասումն է որոտի
Մեր կրծքին իր շանթը փռում,
Երբ քամին է ելնում ոտի,
Ապտակն իր մեզ չի խնայում:
Մենք նման ենք երկու ծառի,
Նույնն է ծարավը մեր տապում,
Մաքառման մեջ խոր արմատի
Ճյուղ ու տերև են սոսափում...
******
Այ քեզ անձրև` վարար-վարար,
Այ քեզ տարափ`ջուր կենարար,
Այ քեզ աշխարհ`այսքան ծարավ,
Այ քեզ գունեղ երկնակամար: