Հասմիկ Աջամյան
ԳլխավորՊոեզիաՄանկականԱրձակԻմ մասինԿապ


Главная » Статьи » Պոեզիա


Պոեզիա

     ՆՎԻՐՈւՄ  ԵՄ ԿՐՏՍԵՐ ԵՂԲՈՐՍ` ՎԱՉԻԿԻՆ
Մի անցած հուշ է իմ մանկությունից,
Մի աննշան հուշ, ներկա եմ դնում,
Հուզվում եմ նրա հեզ տրտմությունից,
Նրա համար եմ այս երգը գրում:
Մանկությունը իմ գյուղում է անցել,
Գյուղական մեր հին տունը էլ չկա,
Մեր <հինգի>  ձայնը մարդ չի իմացել,
Եղբորս լացի ձայնն իմ մեջ դեռ կա:
Մի կով ունեինք, մորթը` սևաթույր,
Ռուսական էր տեսակը նրա,
Հավատ կար այնքան հայացքում մաքուր,
Մեր մեկնած խոտին գալիս էր վրա:
Հաշված օրեր կար,որ կովը ծներ,
Գիտեինք,որ մենք հորթուկ կունենանք,
Խնդություն ուներ սպասումը մեր,
Դեռ աչքալույս էլ իրար պիտի տանք:
Վաղ առավոտ էր, մայրս գոմ գնաց,
Մեր սևաթույրը ծնել էր արդեն,
Վարդ չէր կարմիրը պոչի հետ կախված,
Մայրս աղերսում էր,որ կովին փրկեն:
Հերթափոխով էր հայրս աշխատում,
Անքուն աչքերում ցերեկն էր մթնել,
Անզորության էր նա իրեն մատնում,
Դանակը միշտ էլ կարող էր գտնել:
Օրը գարուն էր,ցավից անտեղյակ
Նորածին հորթը մորը կփնտրեր,
Մեր սևաթույրը բաց երկնքի տակ
Կանաչ էր պոկում գետնից անտարբեր:
Լիքը գոմի մեջ մենակ էր հորթը,
Սևավոր մորը չկար վերադարձ,
Շոյում էինք մենք գլուխն ու մորթը,
<Ախպեր>,- էր ասում եղբայրս կամաց:
Կաթի ծծակն ու շիշը հորթուկի
Կրտսեր եղբայրս ծոցում էր պահում,
Ինքը`երեխա,բայց մեծահոգի
Մեծի նման էր որբուկին նայում:
Ալաբաշ էր նա հորթուկին կանչում,
Իսկ սա էլ ուրախ տրտինգ էր տալիս,
Նրան հարազատ իրեն ճանաչում,
Ճակատ-ճակատի ոնց էին տալիս:
օրերը անցան,Ալաբաշն արդեն
<Ոսկե ցլիկ>  էր,առույգ ու կայտառ,
Հայրս պահել էր,որ պիտի մորթեր,
Հենց Ամանորի տոնը մոտենար:
Թե չէ ինչու էր մսուրում կապել,
Դե`Նոր տարվան որ դանակի քաշի,
Իր հալալ մալն է ու միսը ջահել,
Ինչ է անում,որ որդուց ամաչի:
Իսկ հեգ եղբայրս էն ոնց էր լալիս,
Որ հորս փխրուն սիրտն էլ փուլ եկավ,
-Լավ,ուրիշին եմ ես նրան տալիս,-
Թե չէ պահելու էլ հնար չկար:
Նոր տիրոջը մեր հորթն էր քարշ տվել,
Փորձել էր հասնի եղբորս հեռացող,
Ցասումից տիրոջ չպիտի փրկվեր,
Չկային վրեն ձեռքեր դողացող:
Ծիծաղում էինք եղբորս վրա.
-Հիմա եփում են միսն Ալաբաշի,
-Էհ,ձեզ ինչ կա որ,-խոսքերն են նրա
Սրտումս այրվում` էն հուշից բացի:
****
Դիմակը,գիտեմ,գազան է վայրի,
Որ հրեշտակ է ուզում երևա,
Վախ կա իր մտքի ձորերում մթին,
Ձեռքը ցասումի,չէ,չի երերա:
Խոստումնալից է ժպիտը և ինձ,
Խաբկանքին նրա չեմ ընդիմանում,
Չեմ ուզում կպչել չարությանը պիղծ,
Որ իմ Աստծուն է իր բնում դավում:
Որ զոհը ես եմ,էլ կասկած չկա,
Առաջարկ է մութ անտառի անում,
Հաշվել եմ բոլոր քայլերը նրա,
Աղեղնավոր եմ,դեռ չի իմանում:

*****
Իմ սիրո չասված խոսքերը բոլոր
Ես կտակում եմ գալիք ծաղկունքին,
Հողին իմ խոնարհ`ցածրության սովոր,
Հողին իմ հավերժ կպած երկնքին:
Իմ այն չծնված մանկանը գալիք,
Ում չհասցրի տիրություն անել,
Ծնող դարձած իմ մեծացած բալիկ,
Այն կաթիլը քեզ,որ ինձ եմ պահել:
Իմ սիրո չասված խոսքով խարույկվեմ,
Հայտնություն լինեմ Աստծո ամեն օր,
Աշխարհի սիրուն մանկան պես կապվեմ,
Թող խոսքն իմ հնչի,ոնց սպասված նոր...
*****
Սիրտ իմ, այնպես ես սիրուց խենթանում,
Ասես խաչյալդ հարություն առավ,
Խմածդ գինուց ես եմ քաղցրանում,
Դու անհուն սիրո ափաչափ մի գավ:
Հարբած է միտքս և թեթև այնքան,
Որ ծովն անցնում է առանց թրջվելու,
Բախտ չի վիճակվել դեռ ոչ մի ձկան,
Ճամփին մնացած հետքը գտնելու:
Իսկ ասում էիր էլ չես լցվելու
Թունդ գինով սիրո կապույտ երակի,
Դու անմար բոցով չես խարույկվելու,
Երբ գինու տենչից շրթունքդ ճաքի:
Ես տեղ կգտնեմ վերջին աղոթքի,
Քո հազար ու մեկ լույս սիրո համար,
Ունենաս խաչյալ-հարուցյալ որդի,
Ինձ էլ չի բանտի երկրում ոչ մի քար...

*******
Մոռացված ծաղիկ եմ հիմա,
Ծաղկումի միամիտ թովչանքով,
Ինչ ձեռք է,որ պիտի ինձ գա,
Աստծո արարող խանդով:
Տարիքս մի արտ է հասուն,
Բարիքով,բուրմունքով բուրյան,
Զով հովից ծաղկի պես նազում`
Ծաղկի պես փխրուն եմ այնքան:
Մոռացված ծաղիկ եմ հիմա,
Պարտեզում հասմիկ եմ շրշող,
Ծաղկումս խնկում է` և նա
Կիրակի ունի լուսաշող:

******
Սպասումիս ոսկեկար զգեստը հագին`
Մութը կոնքերը ճոճեց անառակաբար,
Կարոտս տուն չեկավ`մոլորվել է ճամփին,
Շրջանակը դատարկ չունի դիմանկար:
Լեզվիս ծայրը հասավ անունը կարոտիս,
Թռչելու փափագին աչք ունեն վիհերը,
Թաքցնում եմ մարմինս` խոցվում է հոգիս,
Ասում են, թե շատ հեշտ է անդավ ապրելը:
Հուղարկավոր թափորը ուխտավորի պես,
Գալիս է իմ ետևից`լացի մեջ ծիծաղ,
Հրե լեզվակ է ճամփին `մորենին անկեզ,
Ծաղկաճյուղից հասմիկի կաթկթում է շաղ...

****
Եթե լինել-չլինելու համար ժամանակ չկա,
Հեգ ջրահարսին փրկելու համար ձայներ հավաքեմ,
Խիղճը չի կարող լինել սրիկա,
Մատանիս գտնող ձկանը ինչպես չոր ափին կապեմ:
Կնտրեի Աստծուն ինձ համար ադամ`Լիլիթը վկա,
Կլիներ ներկա`պտուղը հասած մտքով կուտեի,
Եթե չլինել-լինելու համար ես աշխարհ եկա,
Ծննդյան քաղցր իմ ճիչով մորս պիտի փրկեի:
Եթե լինել-չլինելու համար ժամանակ չկա,
Հեգ ջրահարսին փրկելու համար ձայներ հավաքեմ,
Ու թե ոչ մեկն ինձ նրան փրկելու ոչ մի ձայն չտա,
Ես իմը կտամ, եթե իմ կորած մատանին գտնեմ...

*****
Հասկացել եմ վաղուց, որ կյանքը խաղ է մի,
Եվ տարբեր են այնպես դերերը իմ,
Ահով չեմ էլ նայում կուրությանը մահի,
Բեմի համար նորից պիտի ես ապրեի:
Դիմակներ ունեմ ես, նաև`թիկնոց,
Իմ կյանքով է ապրում չարն ու բարին,
Իմ ներսի դժոխքում լեզու է ամեն բոց,
Մոխրի մեջ եմ պահում դրախտի բանալին:
Ես գաղտնիքներ չունեմ դերերից իմ խաղի,
Տուրք`ծաղկումին չեկած ցանկալի մի սպասման,
Վերցնում է այն`ինչ պիտի ինձ պահեի,
Հասկանում եմ` խաղը ունեցել է պայման:
Իմ ներսի հայելին աչք է ծակում մեկ-մեկ,
Ես նրանից մի քայլ հեռու պիտի մնամ,
Նրա ողորկում իմ լույսն է դառնում բեկ-բեկ,
Ցանկանում եմ խաղալ նրան մի քիչ նման:
Չգիտեմ ինչքանով սիրելի եմ եղել,
Բեմը պատրաստ է միշտ մի նոր խաղի,
Ամենից շատ բեմում ես մարդուն եմ սիրել,
Ականջիս ետևը գցած ձայնը մահի....
Հասկացել եմ`վերջը սկիզբ է նոր խաղի,
Մեծացել է բեմը աշխարհքի աչքի դեմ,
Արթնացումը որսաց ակնթարթը պահի,
Դիմակները` բեմին, մահն ինձ հետ կտանեմ:

*****
Բարձրաձայն խոսեց մի պառավ տիկին,
Աչքը ձեռքերին Մոնա Լիզայի,
-Ասաց` անկյանք է ու մեռելային,-
Մեռյալն իր մեջ էր ցուրտ գերեզմանի...

****
Անձրև եմ մաղթում ձեզ բաժանումից առաջ,
Անձրևաբեր ամպը փլվեց իմ բաց գլխին,
Երկինքն ու երկիրը ընկել են իմ խելքին`
Անձրև եմ մաղթում ձեզ բաժանումից առաջ:
Ցավը իմ ծնկների` ունի թե ձախ,թե`աջ,
Բուժիչ է անձրևը ձեր չփակված վերքին,
Անձրև եմ մաղթում ձեզ բաժանումից առաջ,
Անձրևաբեր ամպը փլվեց իմ բաց գլխին:

****
Օրհնյալ կանանց մեջ,սուրբ իմ Տիրամայր,
Տուր ինձ խորհուրդը ապրելու սիրուն,
Օգնիր որ լինեմ,բայց ոչ հիշաչար,
Բոլոր ճամփեքս ինձ բերեն իմ տուն:
Սրբուհի դու կույս,դու մայրերի մայր,
Քո գութ ու սիրով թող ես վարարեմ,
Իմ հոգում փռիր հավատդ անծայր,
Որ կայծով սիրո կրակներ վառեմ:
Օգնիր,Տիրամայր, մտքով զորանամ,
Մերկությունն հոգուս խիղճս չխոցի,
Ունենամ լույսիդ գեթ մի շողն անգամ
Բարուրում հույսի իմ օրորոցի:
Օրհնյալ կանանց մեջ,Տիրամայր, օ, Սուրբ...

*****
Գողգոթան հավերժի խաչակիր`
Իմ բախտի ճամփին է մնում,
Երկրայինը երկինք բարձրանում,
Գողգոթան`հավերժի խաչակիր:
Չի փնտրում նոր անուն աշխարհում
Մեղքը հին,որ հույս է ծնում,
Գողգոթան հավերժի խաչակիր`
Իմ բախտի ճամփին է մնում:

*****
Քո չարացած պահի բարությունն է ինձ պետք,
Անդունդով մի փորձիր կուրությունն իմ,
Հիշողություն ունի ամեն մի փակված վերք,
Կարոտում է իմ մեջ մեկն իր կորած կողին:
Անապատ մի տուր ինձ`արդեն ունեմ,
Տեր,քո սիրուց ատել չեմ ցանկանում չարին,
Թե արգելված պտղի սերմը հողեմ,
Թող հայտնություն լինեմ ես թողության պահին:
Մի տուր նոր փորձություն`ես չեմ փոխվել,
Մի թող որ կերածս հացն ինձ դավաճանի,
Գաղտնիքդ պահելուց միտքս շատ է հոգնել,
Քանի մարդու ձեռքում փակ եմ ու բանալի:
Արյունս փորձել է համը իմ տանջանքի,
Տրորվում է հոգիս,ոնց պիտի ձեռքդ տամ,
Թող մտքիդ մեջ նրա ցավը քեզ չտանջի,
Առանց ցավի նրա,հավատա,ես չկամ...

****
Արարիչն ինձ տվեց ազատ կամք,
Որ միտքս ձանձրույթից թոթափեմ,
Որ գոյիս գաղտնիքը հար փնտրեմ,
Արարիչն ինձ տվեց ազատ կամք:
Աստծուցը`չդիտվեց հանցանք,
Պայմանը`անպայման որ խախտեմ,
Արարիչն ինձ տվեց ազատ կամք,
Որ միտքս ձանձրույթից թոթափեմ:

Категория: Պոեզիա | Добавил: Hasmik (2011-05-18)
Просмотров: 330 | Комментарии: 1 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1  
qaxcrs es gitem vor du shat lav es grum apres anushs sharunakir grel vorovhetev shat lavna gracnerd

Имя *:
Email *:
Код *: