Գլխացավից իմ սիրտն է խառնում, Դրախտի դուռն էլ աչքս չի գալիս, Ծուռ է աշխարհը, լավ եմ իմանում, Բայց կույր ցավը ինձ ուղիղ է գալիս: Թողնում եմ, որ ինձ դիմակը խաբի, Թե ինձ եմ փորձում, թե ինձ խաբողին, ինձ անծանոթ չէ տոթն անապատի, Բախտը ժպտում է աչքս կապողին: Փորձում եմ մնալ ինքս ինձ նման, Հուդան ինքն է ինձ մատնիչ պաչ տալիս, Իմ առջև բաց է երկնային ճամփան, Գետնից չի պոկվում ստվերը կավիս: Թողնում եմ Աստված ինձ առաջնորդի, Աշխարհը ծուռ է, լավ եմ իմանում, Չեմ ուզում մնալ անառակ որդի, Տեր, գլխացավիդ ոնց ես դիմանում...
**** *** Շուն էր թափառական ահերով աշխարհի, Պոչը իրեն քաշած, աչքն ուրիշի ձեռքին, Ցեղակիցը կյանք էր անում մարդավարի, Օրեր էր մաշում նա մոլոր իր ճամփեքին: Ով մի ոսկոր կամ թե փշուր հաց էր տալիս, Մտածում էր` իրեն սիրելուց կամեցան, Աջ էր ուրախ հաչում, ձախ էր թավալ գալիս, Կուշտ փորի խոստում էր ամեն մի կանչող ձայն: Բայց սև շուն էր նա ու բախտով փողոցային Թափառումին տրված պիտի հար մոլորվեր, Գիշերվա մեջ խավար պիտի որոտային Կրակելու պատրաստ հրացանի փողեր: Անտեր շների մահն ինձ չի սրտապնդում Սառնությունը զգալ գիշերվա ծուռ մտքի, Մթության նման է մենությունս գտնում Կեղեքող լացի պես վնգստոցն այս մեկի: Շուն էր թափառական, օրը` հույսով բարի, Վիրավոր թաթով էր մի փոր հացը գտնում, Իր վրա հաճախ էր մնում աչքը մահի, Շան բախտից էր, որ դեռ հաչում էր ու կծում...
**** **** Փշուրներում իմ հայելու Չմանրացավ ցավը հոգուս, Ինձ իմ ձեռքով ապտակելու Կիրքը` ուներ թողության հույս: Չցանկացավ լույսը բեկվել Տաք շիթերին արցունքներիս, Երկունքներ եմ անճիչ խեղդել` Պարանը դեռ մնում է ինձ: Անճարության միտքը` ճերմակ Թղթի վրա թվաց մոլոր, Կուչ էր եկել թևերիս տակ Մարմինս` հանց վիրավոր լոր: Դարձից հոգնած հուշը օրվա Վիրապիս խոր մթնում փակվեց, Ինձ թողնելով հույսը վաղվա, Ում էլ բախտիս ոտքը կապվեց: Շրջանակը իմ հայելու Դատարկության մտքից է ծուռ, Գիտեմ ,էլ ետ չեմ բերելու Պատկերն Աստծո` սիրով իմ` կույր:
*** *** **** Խռովքի է մատնում իմ հոգու անդորրը, Եդեմի պարտեզի հուշը`խաբկանքի պես, Աստծո ինչին էր պետք իմ կերած խնձորը, Եվ իմ կուսությունը` պատիժ ասես: Անկարող է միտքը, երբ չի բարձրաձայնվում, Ես արարած եմ լոկ պատկերով իմ Աստծո, Իշխելու տենչը ինձ լավ է,չի նմանվում, Հին է կարոտը իմ սպասված մեծ սիրո: Մորմոքում է հոգիս անկեզ մորու հրով, Անիծյալ կյանքից է չարությունը սրտիս, Մինչ անկամ է մնում ցանկությունը իմ ծով, Փառքի զորությունը չսովորեց փոքրիս: Անմեղ մեղքիս համար` ես ներում չունեցա, Չներելու համար ով է կուրծքն իր ծեծում, Դրախտը ինձ լքեց,ինքս ինձ օտարացա, Անզորության միտքն է որբի պես հեծեծում: Աղոտ եմ հիշում ես պատկերը եդեմի, Մոռացել եմ այնտեղ ես հաստատ ինչոր բան, Գիտեմ,Աստված նորից ինձ չպիտի ների, Երբ ես կրկին փորձեմ տեսնել նրան:
**** ***** Չթողեց լուսինը,որ Աչք փակեմ ամբողջ գիշեր, Արծաթափայլը կլոր Իմ անկողինն էր հիշել: Գարնանային երկինքը Ծով էր`գրկում մի նավակ, Առագաստ արեց կիրքը, Մոտս եկավ անկրակ: Հպեց մատները սրտիս, Զարկերակս իմացավ, Դրեց գլուխը բարձիս Ու կարծես ինձ մոռացավ: Չթողեց ինձ,որ քնեմ, Լուսադեմին հեռացավ, Բաժակիս ջուրը ցանեմ, Լուսինն այնտեղ լողացավ...
**** **** Ջուր էր հոսում դեղին Աշնան օրվա կողից, Մշուշապատ ուղին Կառչել էր մայր հողից: Թախիծ էր կաթկթում Ծառից`տերև-տերև, Մթագնած երկնքում Չկար կապույտ-արև: Հոգու լույսն էր մարում Դեմքին մեռնող օրվա, Արցունքն աչքի այրում Ճամփին մերկ ու ամա: Տերև-տերև փռում Ծառն իր սրտի դողը, Աչքն էր անվերջ մնում, Սառն էր ափի հողը: Աշնան օրը դեղին Խունկ էր ծխում նորից, Մշուշապատ ուղին Ելանում էր հողից...
**** **** Գնում եմ, երկար մնացի, Բարև եմ քեզ նորից ասում, Բաժանման արցունքից բացի, Գինի կա իմ ձեռքի թասում: Գնում եմ,չեմ կարող մնալ, Քո սիրուց չեմ ուզում կառչել, Բարևը լույսի պես արդար Չի կարող մեզանից փախչել: Գինի կա դեռ ձեռքիս թասում, Եկել ու գնում եմ գինով, Գնալուց բարև եմ ասում, Բարևից չեն մնում խռով:
*** **** Խաղը ավարտվեց, հանդես էր շքեղ, Չգիտեմ քանի աչք կար ինձ վրա, Զարդերս հիմա այստեղ ու այնտեղ, Մենակ եմ,տանն եմ,էլ ոչ ոք չկա: Մարդ չկա տեսնող մերկությունը իմ, Ափերիս բռում ամպ եմ արցունքի, Փխրուն եմ նորից,նորից այրի կին, Սիրտս խփում է վարգով հուզմունքի: Տանը մարդ չկա,որ ես հավաքվեմ, Ինձ մերկ պահ չեմ տա հուշին ոչ մեկի, Դու սիրո Աստված, ես անսեր մարդ եմ, Հաշիվը` մեկ է, մենք` երկու հոգի...
**** *** Իմ վարդացած ժպիտը Ծաղիկ չուներ քեզ համար, Ու ծաղկումին անհնար Խորթ էր ավերման կիրքը: Միտք չունեի ցավ տալու, Կանչող էր քնքշությունը, Փշով պատված ցողունը Քո ձայնով էր ճչալու: Ում ասես սրտաբաց էր Իմ ժպիտը ծաղկացած, Մեղավորի մի կուշտ լաց Իմ երեսն էր լվացել:
**** **** Մերկությունը ծածկելու պետք չունի հոգիս, Ծնված օրից մարմինն է լաթերի սովոր, Ձիգ չի պահում մեջքս էլ պինդ կապած գոտիս, Մաշկս փայլ է գողանում հագուստից իմ նոր: Չի փայլում աչքիս լույսին ոչ մի հայելի, Հաստատ չի մնում`մեկ-մեկ, հողը ոտքիս տակ, Ոնց անեմ,որ չմեռնի հույսն իմ արևի, Որ աշխարհն իմ չունենա ճաղեր ու վանդակ: Որ լինեմ սովորական, ոնց կողը հացի, Որ ոտքի տակ չեն տալիս, երբ այն ընկած է, Ու երբ մանկան պես սոված աշխարհը լացի, Ես կորած չեմ,-կիմանամ,-ու նա փրկված է...
|