ԳլխավորՊոեզիաՄանկականԱրձակԻմ մասինԿապ


Ծնունդս  ութին  է  դեկտեմբերի,       1960թ.
Գրված  է  հունվար   5, գեթ  6 գրվեր,       1961թ.
Աղեղնավոր  եմ`  այծիկ  գիտեի,
88-ից  իմ  քաղաքը  փրկվեր:     
ծնվել եմ   ք.   Սպիտակում

Գյուղական աղքատիկ մեր տան մեջ ես իմ երազանքի պալատն եմ ունեցել:Մենք հինգ երեխա ենք, ես եմ առաջնեկը:
Թաշկինակից պատրաստված օրորոցում  է մեծացել աշխարհի հանդեպ իմ մեծ սերը: Սիրում եմ սիրել:
Սովորել եմ Սպիտակի թիվ 1 միջ.դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ  ԵրՊի Կիրովականի /Վանաձոր/ ֆիլիալի  մեխանիկական ֆակուլտետը: 1985թվականին ավարտելով ուսումս աշխատանքի եմ անցել Սպիտակի Վերելակաշինական գործարանում, որպես ինժեներ:
Ցանկացել եմ երկինքս մոտիկ լինի երկրիս, դրա համար էլ երկու տարեկանում բարձրացել եմ մեր կիսավարտ տան տանիքը. լացս մի քիչ տարբերվել է ծննդյանս օրվա  լացից:
Սպիտակի երկրաշարժից զոհված  ամուսնուս գրված նամակներին արցունքիս կնիքներն էի դնում: Մի օր տոնի ակնկալիքով   արցունքներս այրեցի: Թռչունիս երկնքում իմացա:
Իմ  <Առաջին համբույր>-ը  մարմնացավ 1996թվականին: Անդրանիկ գրքույկիս ծնունդը պարտավորեցրեց ինձ իմ ստեղծագործական ճանապարհին: Երկրաշարժին զոհվածների հիշատակին նվիրեցի  < Ձեզ հետ և առանց Ձեզ> բանաստեղծություններիս ժողովածուն:Հարազատներիս կողմից տրված ֆինանսական միջոցներով`նույնպես, հրատարակեցի  <Խնկաբույր երգեր>, <Արթնացումներ>,<Հանուն տոնի>  քնարական երգերիս ժողովածուները,որոնք իմ գոյի արարման տենչի արդարացումն են ու վկայությունը ամենակարող Երկնային Բարու:
Պետական աջակցությամբ 2011թ. տպագրվեց ՙՙԽԼԱԾԱՂԻԿ՚՚ բանաստեղծություններիս ժողովածուն:
Ես մայր եմ երեք որդիների ու տղա թոռնիկ ունեմ:
Բանաստեղծություններս աղջիկներս են:
Ճանապարհ եմ ընկել իմ պատկերով Աստծուն գտնելու համար:
Ծառս անմեղ է ապրում, բայց փչակ ունի...