ԳլխավորՊոեզիաՄանկականԱրձակԻմ մասինԿապ







  ԱՆՑՅԱԼԸ ` ԱՆՑԱԾ ԷՐ

 -Ուզում եմ,որ  մեր տուն գաք:Հրավիրում եմ:Պայմանավորվենք,եկեք,-խնդրում էր ուսուցչուհուն: Քսան տարի չէին տեսնվել,հիմա ինքը երեք երեխաների մայր է,բայց էլի աշակերտ էր  զգում իրեն նրա առաջ:Քրոջ սկեսուրի եղբոր կինն էր: Արդեն խնամիացել էին,բայց էլի առաջվա պես ընկեր Մխիկյան էր ասում: -Ինչ կարիք կա,չեմ ուզում նեղություն կրես:Լավ է,տեսնվեցինք,-փորձում էր հրաժարվել ուսուցչուհին: -Իմ պատրաստած տոլման եմ ուզում համտեսեք,-համառում էր Աստղիկը: -Այս սուղ պայմաններում ինչ ծախսեր,ինչ տոլմա:Շնորհակալ եմ,Աստղիկ ջան,-հրաժարվում էր ուսուցչուհին: -Ձեզ հետ առանձին խոսելու բան ունեմ,խնդրում եմ,եկեք,-պահանջելու պես ստացվեց խնդրանքը: -Լավ,-վերջապես համաձայնեց ուսուցչուհին,-կգամ: Պայմանավորվեցին:Աստղիկը մտքում  բազմիցս  զրուցել էր ուսուցչուհու հետ:Բացել էր նրա առաջ սիրտը,անկեղծ զրույցից գոհացած հեռացել ու էլի մոտիկացել նույն մտատանջությամբ:Բայց հիմա ուրիշ է,հիմա ինքը պիտի  նրա աչքերի մեջ նայի ու ասի. -Խնդրում եմ,էլ անտեղի չպատժեք ձեր աշակերտներին,էլ անարդար որոշում չկայացնեք: Նույն  դասարանում էին  ինքն ու Սուսանը:Երկուսն էլ լավ էին սովորում:Շատ ժամանակ Սուսանի գերազանց գնահատականները ծնողների խաթրն առնելու համար էին նշանակում:Ինքը վաստակում էր:Պատահում էր` դասատուն իրեն էր  կանչում  դասընկերներին բացատրելու  չհասկացված թեման: Տարբերվում էր դասընկերներից`նրանք էին ասում: Աղքատ ընտանիքի երեխա էր:Հայրն էլ,մայրն էլ հերթափոխով աշխատող բանվորներ էին:Շատ էին չարչարվում: Ծնողները հազիվ էին ծայը-ծայրին հասցնում:Տեսնես նրանց ով էր ասում հինգ երեխա ունենալ,-խղճում էր ծնողներին:Ինքը տան մեծն էր:Եթե ավագ եղբայրը ծնվեր….Մոր առաջին  հղիությունը ընդհատվել էր:Գիտեր այդ մասին:Դրա վրա էլ էր մտածում,իր ծնունդի հետ կապ ուներ:Իզուր չէին երեխաները նրան  փիլիսոփա անվանում:Իսկ,այ Սուսանին դա դուր չէր գալիս:Սուսանը,որ ապրում էր շքեղ կահավորված տան մեջ,որ  բուֆետ գնալու համար միշտ փող ուներ `դեռ չարանում էլ  էր նրա հանդեպ:Չէր սիրում իրեն,փոխանակ հակառակը լիներ:Չէ,ինքը միայն երազում էր. Երբ մեծանա, Սուսանի մոր մորթե վերարկուից պիտի առնի իր մայրիկի համար:Նա այդ մասին ոչ մեկին չէր ասում:Գիտեր,որ դրա համար  պիտի լավ սովորի: -Սովորեք,որ մեզ նման խեղճ չլինեք,-հաճախ էր լսում մորից: Սովորում էր:Կապված էր գիր ու գրականության հետ:Քանի անգամ էր ծեծ կերել գրքից չպոկվելու համար,ռադիո լսելու համար:Ախր մեծն ինքն էր`տան գործը մնում էր:Չոքած էր գրտնակում լավաշի գնդերը, նստած բոյը չէր հասնում թոնրատան սեղանտախտակին:Մի քանի օր ծնկների կարմիրը մրմռում էր…Բայց ,դե, քաղցր մրմռոցն ինչ էր  կոշտուկի պես հոգին  ցավեցնող վիրավորանքի դեմ…Մտքից դուրս չէր գալիս այդ օրվա կատարվածը: Առաջին դասաժամի զանգը դեռ չէր հնչել :Արդեն իր տեղում նստած էր,երբ Սուսանը մտավ դասարան:Իր կողքով անցնելիս Սուսանը թքեց երեսին:Անակնկալի եկավ:Հազիվ լացը պահելով շպրտեց. -Թուքը հորն ու մորդ երեսին: Աստղիկը մինչև հիմա էլ զարմանում է ինքն իր վրա:Ուրիշ կերպ կարող էր պահել իրեն,ուրիշ մի բան ասել :Ինչու հենց հորն ու մորը հասավ: Հնչեց դասազանգը:Ընկեր Մխիկյանը իրենց դասղեկն էր:Առաջին դասաժամը նրանն էր:Սուսանը` հերթական նվերը դնելով նրա սեղանին, մատնացույց արեց Աստղիկին. -Ընկեր Մխիկյան,Աստղիկն ինձ  ասում է թուքը հորն ու մորդ երեսին: Ով էր իրեն լսողը:Կատաղած ուսուցչուհին  այնպես էր ատա-տատա անում, որ ինքը ստիպված սսկվեց:Նա փառիկ ոտքեր ուներ քիչ էր, զայրանալուց բառերը չէր հասկացվում,դեռ թուքն էլ  թռցնում էր ասելիքից շատ:Այդ օրը շատ օրերի պես`նա գոհացրեց Սուսանին:Ինքը խեղճ չէր,բայց անզոր էր  անարդարության առաջ:Որտեղ էր վերջանում անարդարության սահմանը,որ արդարությունը սահմանազատվեր:Մարդու մեջ ի վերուստ դրվածը տեսակի խնդիր է ստեղծում:Եվ երևի տեսակն էլ ձևավորում է  ճակատագիր կոչեցյալը:Անշուշտ, այստեղ նախախնամության մատը խառն է:Դե թող ինքը փոխվեր: Մի անգամ մայրը ճենապակյա մի զույգ աղավնի էր դրել դասատուին նվիրելու համար:Տարել էր հետը դպրոց,պահել էր մինչև դասերի վերջը:Չէր կարողացել դասատուին տալ:Այն միտքը,որ  վատ բան է անում`խանգարել էր:Գիտեր, որ ինքը պիտի հարթի  իր ճանապարհը:Իր տեսակին բնորոշ էր` ճանապարհի անհարթությունը որ չլիներ էլ`կստեղծեր:Բարձր դասարաններում մի քիչ այլ էր:Ստիպում էր իրեն լսեն:Նա չէր կրկնում ուրիշի  մտքերը:Հիշում էր,մի անգամ Րաֆֆու <Սամվել>-ը վերլուծելիս,պնդում էր,որ հեղինակը մտածված է հիվանդացրել Սամվելին,որպեսի համոզիչ լինի նրա ծնողասպան լինելու նկարագիրը:Ուսուցիչներին գոհացնում էր,բայց Սուսանի հետ ընկերություն անելը այդպես էլ  չստացվեց:Ոչ նույն թաղից լինելը,ոչ նույն ճամփով գնալ-գալը` չմոտիկացրեց նրանց:Հիմա ճաշի է հրավիրում ուսուցչուհուն` ընկերական զրույցի մտադրությամբ:Փոխվել էր դասատուն,ճնճղուկի պես փոքրամարմին դարձել:Փառիկ ոտքերը  ճոճում էին նրա դանդաղկոտ  քայլերը :Իմացավ,որ երկրաշարժի ժամանակ նրա ամուսինն էլ է զոհվել:Ինքը հրաշքով էր կենդանի մնացել:Հիշեցին 88-ի դեկտեմբերյան այդ օրը,որ ոչնչով չէր տարբերվի մյուս օրերից,եթե երկրաշարժ չլիներ:Աստղիկը պատմեց,որ յոթ ամսեկան հղիությամբ,աշխատատեղի երրորդ հարկում  ծնկել է` չհասցնելով վախենալ:Հետո երբ վեր է կացել,փլված շենքի տանիքում է եղել:Չարին չգրգռելու վախով էր պատմում:Ուսուցչուհին էլ չէր հավատում,որ աղետը բնական էր: -Ղարաբաղյան պատերազմը Սումգայիթով սկսվեց,-վախենալով էր բարձրաձայնում:Հիշում է`խոշտանգված  սումգայիթցի հայերի  լուսանկարները, ձեռքից ձեռք էին տալիս` բորբոքելով վրեժի կրակը:Տանջանքը դաջված էր մնացել նրանց անկենդան ու այլանդակված մարմիններին: Երկրաշարժից ամիսներ առաջ` ամուսինը գործի բերումով ` գիշեր-ցերեկ տուն չէր գալիս:Հայաստանաբնակ ադրբեջանցիների անվտանգ տեղահանությանն էր հետևում: Աստծո պատիժ էր,ինչ էր երկրաշարժը?:Ինչի համար?Այդպես աչք վախեցնել է լինում: Ասում են մեծ գործերը երբեմն փոքր զոհողություններ են պահանջում:Իսկ հետո պարզվում է,որ այդ մեծ գործը այդքան էլ մեծ չէր,ինչքան կարծել են… Իրեն ուղղում են,երբ ասում է` ամուսինը զոհվել է երկրաշարժին:Պետք է ասի`մահացել է:Ամուսնու մայրական կողմը Ստեփանակերտ-Շուշիում է բնակվում:Ամուսնու ոգևորությունը սահմաններ չէր ճանաչում:Վերջապես հարազատները պիտի ազատ շունչ քաշեին սեփական երկրում:Իսկ նա չհասցրեց էլ զոհվել Ղարաբաղյան պատերազմում…. Տոլման համեղ էր պատրաստել:Ուսուցչուհին վայելում էր հաճույքով` գովելով նրա խոհարարական հմտությունը:Գինովացել էին երկուսն էլ:Երբևէ մտքովը չէր անցել ուսուցչուհու հետ այսպես`հավասարը հավասարի հետ:Այնպես հաճելի էր,լավ էին  զգում:Ասեցին,խոսեցին:Միջանկյալ իմացավ,որ Սուսանը հարուստ ամուսին ունի,որ երկրաշարժից նա չի տուժել :Չնախանձեց,բայց չկարողացավ չտխրել իր  ամուսնու  համար: Խմում էին ուսուցչուհու հետ,դատարկում կարմիրը գինու:Փորձում էին պարպել` ամեն մեկն իր ցավը:Ինչքան էլ ուսուցչուհին ասեր. -Աստղիկ ջան,իմ ցավը գրողի ծոցը,քո բանն ուրիշ է:Դու շատ ջահել ես`քսանութ տարեկան:Ախր ոչ հարս ես,ոչ`աղջիկ:Երեք տղա  երեխա անհայր  պիտի  մեծացնես:Հեշտ չէ, աղջիկս, դժվար է: Ինչքան էլ ասեր ,թե քո բանը դժվար է,ուրիշ է`Աստղիկը տեսնում էր ուսուցչուհու աչքերում տնավորված տխրությունը:Ամեն մարդու ցավը իրեն է այան,-կասեր տատը:Իսկ ինքը դեռ չէր մոռացել,որ ուսուցչուհուն պիտի հիշեցներ  անցած վիրավորանքի մասին :Իսկ ինչու է համոզված,որ նա դա պիտի հիշեր:Չէ որ  ամենևին էլ կարևոր չի եղել նրա համար:Լավ,չհիշի էլ,գոնե կխնդրի որ սրանից հետո զգույշ աշխատի երեխաների հետ:Ախր նրանք պիտի սիրուն հիշողություններ  ունենան:Չես էլ իմանա  ասածիցդ ու արածիցդ ինչը կկարևորեն ու կպահեն  իրենց  մանկական հուշապահոցում: Համով հաց կերան,հարազատորեն զրուցեցին:Չէր կարողանում ասել մտքինը: Իսկ եթե չասի:Ինչ է կորցրել`ինչի ետևից է ընկել:Ու հետո էլ` որ մի երեխայի հետ զգույշ աշխատեն:Երևի էդքան էլ  հեշտ չէ մանկավարժ լինելը,երևի զգոնությունը կորցնում են անընդհատ  նույն գործը  կատարելուց….Ով կարող է ամեն անգամ` ինչպես առաջին անգամ` առաջին դասարան:Փորձում էր համոզիչ լիներ`  մտքինը չբարձրաձայնելու  ցանկությունը հող գտներ արմատներ ձգելու համար: -Ոչ աղը կհանի հացի միջից,ոչ էլ  կավելացնի եղածին,-որոշեց ինքն իր համար անսպասելի:  Մաքրություն անելիս  մաքրողն էլ ավելի է կեղտոտվում:Ով ասաց,թե իր հետ կատարվածը կարող է պատահել նաև մեկ ուրիշի հետ: Որոշված էր, անցյալը` անցած  էր…

*****
                 ՎԱՐԴԱՊԵՏ, ՎԱՂԸ  ԿԳԱՄ  ՆՎԱԳԱՀԱՆԴԵՍԻՆ... 
                                                            Հատուկենտ էին անցորդները,
                                                             աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին, 
                                                             և Կոմիտասին ուշ դարձնող չկար:
                                                             Իսկ նա,աննահանջ սպասում էր....
                                                                                  Մ. ԳԱԼՇՈՅԱՆ

 Ես գլխի էի ընկել,գիտեի,որ դրամապանակս կորցրել եմ:Հնամաշ էր թեպետ ու քիչ փող կար մեջը,բայց հայտնի բան է`մարդու միտքը գնում է կորցրած իրի ետևից:Մտածում էի,որ հիմա մեկը գտած կլինի ու...Չէի հավատում,որ գտնողը ետ կվերադարձնի:Ինձ հետ մի անգամ էլ է պատահել,միայն թե այն ժամանակ ես դեռ տասնութ տարեկան էի:Նշանիս ժամացույցը`ոսկյա շղթայով,պինդ չէր օղակում թևս:Երթուղայինից իջնելուց առաջ ժամին նայեցի:Հետո իմ անցած ճանապարհը մի քանի անգամ գնացի ու եկա:Ոչ մեկին չհարցրեցի`ժամացույցս չեք վերցրել:Ոչ ոք չկարդաց իմ դեմքի շփոթմունքը,ոչ ոք չհարցրեց`բան ես կորցրել: Ոչ մեկի պետքը չէր,որ ես առանց ժամի էի մնացել…Ոչ մեկն ինձ ասելու բան չուներ: Ամուսնուս մեծահոգությունը ինձ մինչև հիմա էլ զարմացնում է:Գոնե հանդիմանական մի խոսք ասած լիներ... Էդ դրամապանակից առաջ շատ բան եմ կորցրել,ու հիմա եթե չգտնեմ`կհաշտվեմ:Ու հետո կդառնամ խնդրանքով Աստծուն`Տեր,ազատիր վատթարից: Երևի գլխի ընկար`ես էլ եմ որբ:Երբեմն-երբեմն բանաստեղծություններ եմ վաճառում ջրի գնով:Ու բախտս էլ միշտ չի որ բերում է,բայց էլի հավատում եմ... Դու գիտեիր,որ ես կգամ դրամապանակի ետևից:Ուրախ էիր,որ դու ես գտել:Ոնց կարող էիր մտահոգությունս թողնել բախտի քմահաճույքին`անտեր դրամապանակ է,ով ուզում է,թող վերցնի`ու անտարբեր հեռանալ: Ոչ,ոչ,ոչ,միայն դու կարող էիր սպասել,երկար սպասել:Խղճիդ վրա ծանրություններ դնել չես սիրել:Քաշ չուներ հնամաշ դրամապանակս ու գին չուներ մեջը եղած գումարը:Մի քանի ժամն ինչ էր կյանքիդ համեմատ,որ կարող էիր քեզ տանջել մեղքի զգացումից:Ցրտից ճաք տված ձմեռային այս օրը ինչ էր `հոգու տաճարի արևշատության դիմաց:Մի թե մարմինը ծակծկող ցուրտը զորու էր ցավեցնել`խլացնելու չափ,տաճարում հնչող երաժշտության անդրադարձը: Ես սիրում եմ երգել ինձ համար`առանց նվագարանի,սիրում եմ քո հոգու մոտիկությունը.... Տեսնում եմ քեզ:Հասկանում ես`դրամապանակիս ետևից եմ եկել:Կարող էի չգալ,ինձ համար արդեն արժեք չուներ չնչին այդ կորուստը:Բայց գիտեի,որ սպասում ես:Եկա,որ դու գնաս ճաշելու հանգիստ խղճով:Իսկ դու չես շտապում գնալ:Առանց ճաշելու էլ կարող ես ապրել`հաց ու ջրով:Մի կտոր հաց ու մի բաժակ ջուր,արդար ու ազնիվ,որ կարող է շռայլություն թվալ աչքից հեռու քաղցող մարդկանց հանդեպ: -Սիրտս նման է էն փլած տներ,-չեմ ասում:Իմ շուրթերով մեկ էլ մի մղկտա:Դու տար,գարնան նման աշխարհում տարածիր հայոց ոգեղեն երաժշտությունը: -Էս առուն ջուր է գալիս,մի տեսեք ով է գալիս,-երգդ սիրողներին չես կարող անտեսել,ընդառաջ չգնալ հայոց ոգեղենը խնդության սինիիդ մեջ մատուցելով,քեզ համար`քեզ  չխնայելով: -Սիրունիկ,սիրունիկ,սիրունիկ նախշուն կաքավիկ,-արևոտվում են աչքերս անգամ թուխպ օրերին:Ձմռան ցրտերից գարունը չի նահանջում,իրավունք չունի,կամ էլ`կյանքի իրավունքը նրանն է: Որտեղից գիտեի,որ ձեռքով չեմ կարող սիրտդ շոյել:Գիտեի,լույսի պես թեթև պիտի լինեմ:Ուզում էի: Ազգիդ ճակատագիրը քեզ ավելի շատ էր հուզում`խելագարեցնելու չափ: Քեզ չկարողացա պահպանել` քեզ համար:Հոգևորի համար էիր,որ Աստծո ձեռքը մոմ թափեր քո ուղին վեր պահելով երկրային գորշությունից:Հագուստիդ սև գույնը երբեք սրտովս չէր:Դու աշխարհինն էիր: Ինչպես,ինչպես էիր կարողանում ավելիով տալ:Հիմա էլ իմ տասը ֆրանկը հարյուր և տասով ես վերադարձնում:Դու ինձ պարտք չէիր,իսկ ինձ պարտքի տակ ես գցում:Գիտեիր,որ անօգնական եմ,նաև`անհաջողակ,թե չէ ինչու պիտի կորցնեի:Շատ ես աղոթել ինձ համար: -Աղոթքս քեզ հետ,զավակս,-լսել եմ քեզ ու չեմ ուզեցել կորչեմ: -Աստված օգնական,Կոմիտաս վարդապետ,-միտքս կարդացիր: -Աստված պահապան,Աստված պահապան,-կրկնեցիր` հավաստի լինելով: Հայ եմ,գիտեիր:Պահելու բան չէր:Շարունակվելու երկինք ունենք,Երկիր էլ ունենք:Միայն թե` մի զարմանա,Վարդապետ,կին եմ`տղամարդու տաբատով,տղամարդու հոգսերով:Իսկ կարոտս կանացի քնքշություն ունի,չեմ կարողանում տեղը չհիշել:Դժվարությունների, հոգսի մատնությունից պահում եմ թաքուն,իմ խոցելի տեղն է:Բայց քո աչքից պահել չկարողացա:Քննախույզ հայացքդ զորեղ էր պահապան ծնողի պես: -Պաշտպանության կարիք ունես`ինչքան էլ ջանաս թաքցնել,-հաստատ մտածեցիր: Հայկական եկեղեցում հայկական նվագահանդեսի հրավերքդ սրտովս էր: -Մեր ամոքումի բոլոր ափերում անմահությանդ պատգամն է վերին,-չհավատալ չեմ կարող: Հեռանալով `մերթ ընդ մերթ շրջվում էիր դեմքով ինձ: -Վաղը կգամ նվագահանդեսին,Կոմիտաս վարդապետ,-հուզմունքով խոստացան շրթունքներս: Մրսած բառերս արդեն քեզ չէին հասնում...