Ուժ կգտնեմ իմ մեջ քեզ էլ չփնտրելու, Որ խաչյալ մարմինդ իմ արյամբ չաղաղակի, Նոր հառնումիդ համար ես էլ չեմ այրվելու, Տաճարիս դուռը հին դու քո ձեռքով փակիր: Զարկերակն հավատիս կշոշափեմ թաքուն, Ինձ համար թող ոչ ոք չկանգնի աղոթքի, Ջուրն իր ճամփեն գիտի,նա կունենա նոր հուն, Ես դեռ դարձի չեկած մի անառակ որդի: Երկինքն ու երկիրը ինձ մոտիկ են այնքան, Մինչ եղել է հեղեղ, էլի է լինելու, Ես չեմ ուզում մտնել մեկ ուրիշի տապան, Ուժ կգտնեմ, գիտեմ, տապանն իմ շինելու...
**** Մեկն ինձ սիրո խոսք ասաց, Թրթիռը հասավ ականջիս, Աշխարհը` թվաց սրտաբաց Գալիս է փարվելու կրծքիս: Մայր մտնող արևը վառման Շողերով աչքերս կապեց, Օրվա հետ կրակներ հանգան, Երկինքն ինձ աստղերով խաբեց: Աշխարհը քնով էր անցել, Լուսինն էր վերևից հսկում, Մտքի մեջ ընկած մոռացել` Չգտանք մենք իրար մթնում:
***** Իմ պատուհանի չափ է երկինքը, Դրսի կողմից է այն վարագուրում, Իմ տան խորհուրդը մտքում օրորում, Հետո թևաբաց վազում իմ գիրկը: Այսօր կապույտ է գույնը աչքերի, Մի սիրելու չափ կապույտ վերցնեմ, Այսօր իմ երգին կապույտ հագցնեմ, Բերկրանքը ապրեմ ճախրող թևերի: Այս կանգնած օդի համար եմ դողում, Թրթիռը սրտիս չմնա անտես, Անդորրն իմ ներսի խշշա ծովի պես, Ալիքվի կապույտ երկինքը ծոցում: Իմ պատուհանից կախ է երկինքը, Վարագույր չունեն պատերը իմ տան, Թեթևամիտ է իմ երգի մուսան, Ես կտակում եմ նրան իմ կիրքը...
**** Մայր իմ անուշ ու անգին... Ե.Չարենց
Մայր իմ բարի ու անգին, Արդ դարձել ես դու մի բուռ, Հույս ու հավատ իմ ճամփին, Իմ խղճի վանք ու մատուռ: Մայր իմ, մայր իմ միշտ բաց դուռ Իմ առաջ ու իմ մանկան, Աստծո գառ ես, պաշտպան սուր, Աղն ես հացի իմ հոր տան: Պարգևի պես լուսերես Դու և կյանք ես, և`օրհնանք, Թող որ լինեմ այսօր քեզ Գթության քույր, մայր իմ թանկ: Մայր իմ, մայր իմ միշտ բարի Լույսի նման անկաշառ, Բոլոր մայրերն աշխարհի Մեկ էլ դու ես մինուճար...
*** Վաղը տոն օր է, վաղն ութն է մարտի, Կանանց սրտով է օրը բացվելու, Սեր կխոստանա <կարմիրը> վարդի, Ձնծաղիկ կտա օրն ինձ այցելու: Բոսորագույն է այսօր երկինքը, Մայրամուտին է լույսը շիկանում, Ամպերը ասես ստինք են լիքը, Գարունը`մանուկ, նոր է արթնանում: Վաղը տոն օր է, կգա Ցետկինը, Ես նրան էսպես`Կլարա,- կասեմ, Կպարպենք գինու շշի կարմիրը, Հարության տոնին հետո կսպասեմ: Վաղը տոն օր է, վաղն ութն է մարտի, Կանանց սրտով է օրը անցնելու, Թող չնեղանա <կարմիրը> վարդի, Ձնծաղիկ է իմ հոգում բացվելու...
**** Սրտիս օտար մի տղամարդու հետ Աստվածաշունչը անկամ թերթեցի, Երգ-երգոցը տաք սիրո անմար երգ, Ժպիտով կամա նրան գերեցի: Նա էլ ինձ ասաց, թե գեղեցիկ եմ, Որ գեղեցիկ եմ ոնց Մոնա Լիզա, Իմ սիրով ծովն իր փոթորկից փրկեմ, Ու իմ արևն իր երկնքում շողա: Նա ինչ իմանար բաց ծով չեմ մտել, Ափ վազող ջուրն ինձ թրջել է միայն, Շատերին եմ իմ ժպիտով գերել, Կհասկանա ինձ լոկ Մոնա Լիզան:
**** Մորս կոշտացած ձեռքերի քնքուշ Հպումը` կուզեմ Աստված իմանա, Ունենա անհոգ մանկության մի հուշ, Ձեռքի հացն ուտի, ինչպես մանանա: Տարածվի անուշ բույրը լավաշի, Մորս սրտի պես`աչքս կշտանա, Թող հոգսը Աստծո միտքը չմաշի, Երբ թոնրի ծուխը երկինք բարձրանա: Աղոթքի լույսը հոգու մեջ պահում` Մայրս, երբ օրը հետը չի գալիս, Աստված, քո անվամբ մայրս է գոհանում, Երբ ես եմ նրան սառը ջուր տալիս: Երբ բախտի տեղակ քեզնից նեղանա, Մորս չափսոսաս սիրուդ մանանան, Մայր չունես, մի օր մայրս կիմանա, Աստված, ինձ նման կունենաս նրան...
**** Հացը կուլ չի գնում, պանդուխտ է իմ որդին, Հայրենիքից հեռու`օտարի երկրում Դրամ է վաստակում, հոգսիս բեռը մտքում, Մեկը մոր պես սիրով լիներ որդուս կողքին: Դեռ երեկ էր կարծես,որբ էինք մենք երկու, Մոր ու մանկան ճամփին սառը ջուր եմ ցողում, Արևահար է դեռ ճամփեն փոշոտ հողում, Կանչում է կարոտն իմ,ինչպես անքուն կկու: Հեռաձայնում եմ ես, խոսում հետը որդուս, Բայց չեմ ասում նրան իմ կարոտի մասին, Թե ոնց եմ հոգոցով նայում իմ կուշտ հացին, Ու մեղքն իմ անոթի գցում վիզը հոգուս: Հացը կուլ չի գնում, տանը չէ իմ որդին, Հայրենիքից հեռու` Մայր- Հայրենին մտքում, Օտար երկնքի տակ տունը շուտ է ցրտում, Հայրենիքը լիներ մոր ու որդու կողքին...
***** Ծնող լինելու պես դժվար` Դժվարին կյանք է, Տարիների թիվն անհնար Մեկ ակնթարթ Է: Ծառի նման` կապված արար Երկնքի շողին, Կանաչ կյանքի սիրուն խոնարհ` Արմատի հողին: Ծնողին երբ են հասկացել, Ոնց սիրած մանկան, Սերը հաճախ է խեղճացել, Նման լքված տան: Ծնող լինելու պես դժվար` Քաղցր տանջանք է, Չես կարող ապրել քեզ համար, Փորձառու ջանք է....
**** Կոշտ ձմռան ցուրտ օրը Ճաք էր տվել դրսում, Ճերմակ կիրք էր, որը Ձյունի տակ չէր մրսում: Մերկությունը ծառի Երկնի աչքն էր խոցում, Ծերության չափ բարի Երգ կար սիրո ծոցում: Ճռվողյունին հավքի Լույսն էր դառնում քավոր. -Երբ Աստծուն չես գտնում, Սաղմոս է հարկավոր: Ձեռքը տաք էր մեկի` Մյուսին հաց տալով, Մուրհակ էր անմեկին Տարին`շահած պահով: Օրը տուն էր տանում Խորհուրդը հին խոհի, Կիրակի էր ծաղկում Համբերանքում զոհի...
***** Ունեցած-չունեցածը մի երգ էր... Ա.Մարտիրոսյան
Նվիրում եմ երգեր Ինձ անծանոթ մարդկանց, Աշխարհին սրտաբաց Նվիրում եմ երգեր: Աղոթքի պես`ի Տեր, Խոսքի շուրթով ծաղկած, Նվիրում եմ երգեր Ինձ անծանոթ մարդկանց:
****** Իրիկնանում է ամռան արևշատ օրը, Վաղուց հորանց տուն չեկած աղջկա նման Դժվարությամբ է թողնում լույսն իր բոլորը: Ոտքը կախ է`չի ուզում անտես հեռանա. Ծիծեռները երգելով ճամփա են գծում, Իրիկնացող < այսօրը> որ վերադառնա: Այնպես մեղմ է ու քնքուշ իրիկնամուտը, Անարև երկինքի տակ օդն էլ չի ջերմում, Մոռացված ստվեր է հանց խարխափող մութը, Որքան հեշտ է աշխարհը երկնքին մերվում....
**** Լիալուսինը ձնագնդի պես Ճերմակ է մթնում, Իմ պատուհանից նայում ինձ ու քեզ` Իրեն չի գտնում: Սառը լուսատուն աչքիս փայլի մեջ` Արևը մտքում, Կարող ենք ապրել այսպես մի տան մեջ, Նաև` երկնքում...
***** Թե խուփի տակ են կրակը պահում, Լեզվակը բոցի երկինք չի հասնի, Ծուխը կխեղդի կոկորդը խոսքի, Թե խուփի տակ են կրակը պահում: Առանց կրակի օջախ չի դառնում Տունը`թե անգամ պատերն են ոսկի, Թե խուփի տակ են կրակը պահում, Լեզվակը բոցի երկինք չի հասնի:
**** Իմ ապրած կյանքը իմն էլ է եղել, Հուշերիս կծիկն ունի բեկման կետ, Քայլերս ակամա ճամփա են շեղել, Մենակ չեմ այսօր իմ երեկվա հետ: Ինչ որ տեղ,գիտեմ,սխալ եմ ապրել, Օրհնյալ է ցավը,որ հույս է ծնում, Միանձնուհու պես ինքս իմ մեջ փակվել, Ու էլ`աշխարհում իմն ինձ էր մնում: Որ ավելանամ մաս-մաս լինելուց, Որ երգով ցավին ու ինձ բաժանեմ, Որ չդադարեմ մարդուն սիրելուց, Խլածաղկի պես անուններ պահեմ....
|