ԳլխավորՊոեզիաՄանկականԱրձակԻմ մասինԿապ


Главная » Статьи » Պոեզիա


Պոեզիա

Ինչ պահեցիր մտքիդ մեջ,
Որ անունը մոռացա,
Իմ կարոտը մի որբ էր,
Քո կարոտին մայրացա:
Իմ շուրթերը, որ երեկ
Անմեղ ժպիտ ունեին,
Մի համբույրից այսօր հեգ
Հուշիդ հետ են մտերիմ:
Համբույրներիս Մարութա
 Վանքում թիթեռն ինչ անի,
Լոկ մի համբույր է հիմա,
Դրված զոհի սեղանին:
Հավատքիդ հետ անբարիշտ,
Ուխտատեղիս իմացար,
Մոմիդ բոցը անհանգիստ
Խորանիս մեջ մոռացար:

*****
Հատնում-հանգչում է մայրս,
Արևի պես մայր մտնող,
Ապրած կյանքի լուսաշող
Հուշը` ի պահ տված մեզ:
Աչքիս առաջ հալվում է,
Մայրս իր լուսե պսակում,
Ժամանակն ինչպես մատնում,
Օրերի մեջ լարվում է:
Հատնում է ոտքի վրա
Մայրս ծեր` ինձ չի մնա,
Ժամանակը անտեսվեր:
Մայրամուտը անհնար
Կորստյան ահ չունենար,
Արևն իմ մոր չհանգչեր...

******
Տատս մանուկ էր եղել,
Չէի  հավատում,
Աչքի մշուշը ելել
Աչքերս էր կապում:
Նազուկ աղջիկ էր եղել,
Գերել էր սիրով,
Հոգոցների մի հեղեղ
Գնացին խռով:
Երազանք էր փայփայել
Տատս էլ  ինձ պես,
Մտքում երկար էր պահել,
Իմ մանկության պես...

********
Բանաստեղծություն եմ վաճառում,
Ջրի գին ունի,
Աչքը իմ մշուշված ներկայում
Կարոտ է տոնի:
Պոետի ապրում է ի սրտե,
Մեռնում է դժվար,
Մանկան պես մորը կփնտրե,
Աստծու պես` մինուճար:
Իմ հոգու մասն ունի տողն իմ,
Բաբախը` սրտիս,
Երբ էլ որ ազատ թողնեմ,
Գտնում է նա ինձ:
Ուզածը`հաց է`մանանա,
Հուսալը`դժվար,
Ջրի պես իմ խաչը հիմա
Կյանք ունի երկար...

*****
Օդի մեջ ճերմակ-ճերմակ
Փաթիլներ խոստացված ձյան,
Փռում են խաղաղ, անձայն,
Փետուրե թեթև վերմակ:
Սպասված ձյունը փութով
Ծածկում է մերկ աշխարհը,
Ծաղկել է ծառը-քարը
Թիկնել է բլրի շուքով:
Երկինքը սիրտն է բացել
Օրվա մեջ այս ուշ ձմռան,
Ձմռան երգող լռության
Կարոտին է հարսնացել:
Ձյունը մաղում է վարար
Փաթիլների աստղաբույլ,
Լույսը ընկած դռնեդուռ
Ցրում է մութ ու խավար...

*****
Անձրևում է օրը մարտյան
Փեշի ձյունը թաքուն պահած,
Տխրություն կա հոգու մեջ ձյան`
Սրթսրթում է լույսը մրսած:
Կաթկթում է թախիծը թաց
Երկնի աչքից մշուշապատ,
Տեսնես ինչից է խռոված
Արեգակը ծիծաղաշատ:
Երեկ օրը վառ գարուն էր,
Այսօր` խաբված մտամոլոր,
Լուսե թևեր հագին ուներ,
Այսօր ճախրանքի անսովոր:
Էլ չի պահում փեշի ձյունը
Օրը մարտյան դարձից առաջ,
Մինչ փախել է աչքի քունը`
Հագնելու է վաղը կանաչ...

******
ԵՐԵՎԱՆՅԱՆ...
Արևը կրակ է թափում,
Ասֆալտը փափկել է վախից,
Օրն այնպես է մրափում,
Ինչպես անկյալ կողակից:
Ամառն հասուն աղջիկ է,
Հուլիսը սեր է անում,
Հոգում բոց ու տաք կիրք է,
Շոգից սիրտն է թուլանում:
Քաղաքային խեղդող տոթ,
Երկինքը աչք է փակում,
Ծառուղիները ծանոթ
Ստվերներին է կապում:
Օդը կանգնել է ահից,
Շոգը վիզն է ոլորում,
Անսեր չի մտնի մահիճ,
Կապույտի մեջ է լողում:
Օրը ծմակ է փնտրում,
Միտքը ծռում է ճամփան,
Արևը մայր է մտնում,
Փափուկ բարձ է լուսնկան...

*****
Էս ինչ չոր քամի է,
Ինչ կա սրա մտքում,
Քիչ առաջ բարի էր,
Փնտրածը չի գտնում:
Որտեղից է եկել
Դիվահարի նման,
Փողոցներն է ընկել`
Աղմուկ է ու կական:
Իր մազերն է փետում`
Ձեռքը բռնող չկա,
Անտեր մարդ է փնտրում,
Որ հոգու մեջ ճչա:
Երկինքը առել է
Ոտքի տակի փոշին,
Ամպերը շարել է
Ծեծից հոգնած դոշին:
Ուր դնի գլուխը,
Տունը իր չի գտնում,
Քթից ելնող ծուխը
Աչքի մեջ է մտնում:
Ծակ տեղ էլ չմնաց,
Մտավ ու խառնշտեց,
Ինչ-որ թաքուն փնտրեց,
Քրքրեց ու շպրտեց:
Ինչ կեղտոտ քամի է,
Խելոք է ձևանում,
Կիրքը անթերի է`
Վերջն իր չի իմանում:

*****
Մրսում են, խշշում են մեր բակի ծառերը,
Քամու հետ գնում ու գալիս են ճյուղերը,
Աշուն է, տխուր է, անհույս են բառերը,
Գնում են կորչելու կարճամազ օրերը:
Աշուն է, դրսում են քամահար ծառերը....

******
Սիրտը,որ հիմա կրծքիս ներսում է,
բնավ իմը չէ....
                  Վ.Ալեքսանյան

Ասում են`սիրտը,որ ունես հիմա,բնավ քոնը չէ,
Մի լեռ է ասես ,որ քո կրծքի տակ շնչիդ է նստել,
Նրա սրտով չեն հին թևերը քո, թաքցնես գուցե,
Ուր երազներիդ ճախրանքը լուսե երեկ ես փրկել:
Դու առանց վախի ու ափսոսանքի ձեռքդ տուր միայն,
Բարեկամությամբ նրան այրական ափիդ մեջ կառնես,
Թևերդ պահիր ծալքերում նրա անշշուկ,անձայն,
Նա չի իմանա,թե խառնարանում հին շեղջ չփնտրես:
Թող իրեն մնա իր բաժին հողն ու երկինքը անամպ,
Դու ծնողի պես սիրառատ աչքով հետևիր նրան,
Չէ որ պահել ես նրա խորքի մեջ քո թևերը թանկ,
Ու պիտի մի օր թևերդ հագած ինքն իրեն հաղթի:

*****
Սա էլ է հոգուս պարտքը,-ասացիր,
Խնդության սինի պարզած էլ եկար,
Աչքս չբացած`միտքս կարդացիր,
Իմ թագ ու գահին քո սրտում տեղ կար:
Բարին շաղելուց,մայր,չհոգնեցիր,
Արեգակի պես ելար-մայր մտար,
Դու աղոթքներիդ լույսով օծեցիր
Աստծուն,երբ նրան ինձ համար գտար:
Մայր իմ,աղջիկս,այդ երբ ծերացար,
Գթության քույր է խիղճս մայրացած,
Մանկանցդ սիրով քեզնից հեռացար,
Դու էլ ինձ նման`մայր` չհասկացված:

*******
Թիրախդ սիրտս էր,չվրիպեցիր,
Օտար է հոգուս ամեն դաժան խաղ,
Արձակած նետդ ետ պահանջեցիր,
Քո գթությունը ուներ գաղտնի դավ:
Իմ պարտությունը տոն էր քեզ համար,
Իմացիր,դերն այս անկեղծ եմ խաղում,
Ասես թե քոնն էր աշխարհը արար,
Դրա համար քեզ ես ծուռ չեմ նայում:
Բայց ոնց էլ լինի,ինձ պարտք ես մնում
Մեխերը խաչիս`տանիքդ պահող,
Անզորությունս է զորությամբ լռում,
Աստծո ձեռքը ետ պահել չեմ կարող:

****
Ծնունդս  ցուրտ օրով էր ձմռան,
Սառույցներ իմ ճիչով փշրեցի,
Հավատքիս հավատով ապրեցի,
Ծնունդս ցուրտ օրով էր ձմռան:
Ծառա եմ հավատին իմ մանկան,
Ձայնը իմ նրանով փրկեցի,
Ծնունդս ցուրտ օրով էր ձմռան,
Սառույցներ իմ ճիչով փշրեցի:
 
****
Կամեցավ`ելավ իմ հզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին…
                            Հ.Թումանյան
 
Բարձրից նայելիս լեն է աշխարքը,
Արգելապատնեշ ու սահման չունի,
Ճախրում եմ`նման ազատ թռչունի,
Բարձրից նայելիս լեն է աշխարքը:
Փոշի չի ընկնում իմ անզեն աչքը,
Ձայնով եմ չափում խորքը անհունի,
Բարձրից նայելիս լեն է աշխարքը,
Արգելապատնեշ ու սահման չունի:
***

Категория: Պոեզիա | Добавил: Hasmik (2011-05-18)
Просмотров: 760 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: