ԳլխավորՊոեզիաՄանկականԱրձակԻմ մասինԿապ


Главная » Статьи » Պոեզիա


Պոեզիա

Թե կարող ես`անցավ ապրիր,
Ցավը տնքում է,
Թե կարող ես` աչքդ կապիր,
Արցունքն այրում է:
Հացդ պահիր վաղվա համար,
Թե այսօր կուշտ ես,
Թե կարող ես` մի նայիր չար,
Մի թող ինձ անտես:
Թե կարող ես`երջանկացիր,
Բախտի խնդիր է,
Սակայն ցավին մի բամբասիր,
Քենախնդիր է:
****
Ծիծաղել չէի կարող,
Ոչ էլ`լաց լինել,
Հազար աչք ինձ հետևող
Կրակ էր վառել:
Մեկ է, չէի տաքանում,
Օտար էին ինձ,
Շուրջս ինչ էին անում,
Ախ,այսքան անխիղճ:
Անմահ էի ես դարձել,
Ինձ իմաց տվին,
Հույզերից վեր բարձրացել`
Նախնական ու հին:
Լավ է,շուտ սթափվեցի
Իջնելու համար,
Ապրումներիս տրվեցի`
Ապրելու ծարավ:

****
                       Գարունն իրենն արեց...
                            ընկեր Մացակյան

Գարնան սկիզբ էր, ձյուներում `արև,
Արևով ձյունն էր ծանրացել հողին,
Հուզմունքը սրտիս սավառնում էր վեր,
Թավալվում կապույտ լեռներիդ կողին:
Լեռան դոշին է կպած գյուղը ձեր,
Միտքս ինձ հաճախ այնտեղ է բերում,
Լեռնանցք է կոչվում,փոքրիկ է նա դեռ,
Ձեր ճամփին մրսած հայացքն է մնում:
Ուսուցիչն էիք դուք մեր Մայրենի,
Մայրենիով էր մեր ամեն հուզում,
Մեր սերն հաստատ էր հողին Հայրենի,
Ձեր դասին Հայոց ոգին էր խոսում:
Սպասված տոն էր դասը ցանկալի,
Հայ մեծերն էին ընտրյալները մեր,
Նվիրյալն էիք հայ բառ ու բանի,
Մեր ավագ ընկեր ու մի քիչ էլ`ծեր:
Ձեր հիվանդ սրտի վախով էր հղի
Խիղճս`ում առաջ շատ եմ խեղճանում,
Արթնացման ճիչով աշխարհն է  էլի
Հեղեղատները հին հունով տանում:
Հուշն իմ վարում է դասդ անավարտ,
Գարնանամուտը իրենն է անում,
Թող հիշատակի երգն իմ հուզառատ,
Լինի հարգանքի տուրք ու խոնարհում:

****
Ապրողն է անվերջ մահից ներշնչվում,
Շփման կարոտ է ոգին սափորի,
Քանիսն են մտքում ձգվող թափորի
Իրենց սեփական թաղումից փրկվում:
Ապրողն է ինքն իր մահի հետ անհաշտ,
Ինչքան էլ մտքով գնա մեռնելու,
Չապրածի համար չենք վճարելու,
Մահվան ահից է կյանքը խաչապաշտ:
Իր բաժին բախտից փախչող չի լինի,
Սապատավորի կյանք է անարժան,
Մեռնելու վախը ապրում է դաժան,
Անաղուհաց է ու առանց գինի:
Ապրողն է մահով մի նոր կյանք տենչում,
Շփման կարոտից նեղվում է հոգին,
Միայնակ է նա`աշխարհը կողքին,
Մեկն Աստված կանչեց իր վերջին շնչում...

*******
Գնամ էսպես, գնամ մենակ,
Ճանապարհն իմ նեղ ու շիտակ,
Հավատալով վերջին բարի`
Աշխարհը տամ իմ ոտքի տակ:
Գնամ հետքով իմ կարոտի,
Շող ու շաղով առավոտի
Ցողեմ երգիս մարմինը տաք,
Խնկեմ բույրը ծաղկահոտի:
Գնամ ինչպես մի ուխտավոր,
Ինչպես անցած մի բարի օր,
Իմ ճգնակյաց հողի հետ հաշտ`
Մնամ, երգիս ակոսին խոր...

****
Քեզ չներելով`ես ինձ եմ տանջում,
Քո տառապանքով խոցվում է հոգիս,
Թաց փայտդ երկար ծխում է բոցիս,
Քեզ չներելով ես ինձ եմ տանջում:
Մեղքը քնած է ձեռքերին խղճիս,
Քիչ տալուց էլ եմ ես շատ պահանջում,
Քեզ չներելով`ես ինձ եմ տանջում,
Քո տառապանքով խոցվում է հոգիս:

****
Գիրս իմ ձայնով է խոսում,
Ունկը իմ սրտի հուզմունքին,
Աչքաբաց լույսի երկունքին`
Գիրս իմ ձայնով է խոսում:
Ջրի պես վարար է հոսում
Երգը` իմ զուլալ ակունքին,
Գիրս իմ ձայնով է խոսում,
Ունկը իմ սրտի հուզմունքին:

*****
Չխոստովանած մեղքի կոպերի տակ
Գաղտնիք զուր պահեցի,
Կիրակի չուներ ծեսն ու սուրբ  պատարագ,
Ինձ չխնայեցի:
Անկեզ մորու հրին անկրակ մոտեցա,
Լամպն իմ չյուղոտվեց,
Դրախտն իմ երազում`քնով անցա,
Արթնացումս չօգնեց:
Տվեցի ու առա`իմ մեջ խորանալով,
Աշխարհս չփոխվեց,
Չտեսա Աստծուն`ճամփին մեղա գալով,
Մարդ լինելուց հոգնեց:

******
Մուրացկան էր` դուռս թակեց,
Հաց էր ուզում  նա մի կտոր,
Փակ դռան դեմ ոտքը կախեց,
Փշրանքներին  գութի  սովոր:
Հաց ունեի երեկվանից,
Թարմ հաց էլ կար հացամանում,
Ծտերն իմ տան պատշգամբից,
Հաճախ էին ձեռքիս նայում:
Հին հաց տվի մուրացկանին,
Ում էլ տայի`մեկ էր հիմա,
Աչքն էր թերթել օրն իր ժամին,
Հացի ժամ էր`քաղց իրիկվա:
Մուրացկանին չեմ թողնի տուն,-
Շտապեցի դուռը փակել,
Գոհությունը դեմքի անգույն
Սիրտս փորձում է  շոշափել:
Մուրացկանը հեշտ հեռացավ,
Միտքս նրան պահեց թաքուն,
Խղճիս վրա նա ծանրացավ,
Տեսնես գտավ բացդուռ մի տուն...

*****
Հեյ,ինչ ես ուզում,գնա քո ճամփան,
Ես քեզ չեմ կանչել,
Իմ թագը ունի իր բախտի արքան,
Ես եմ ճանաչել:
Ջուր կտրած հիմա որքան աչքեր կան`
Ճամփիդ կհոսեն,
Կյանքս ու մահս էլ ինձ շատ են նման`
Պոետիկ խոսք են...

*****
Ինձ մի ներիր,մի ներիր ինձ,
Թող աշխարհից խռով մնամ,
Թող խղճիս հետ կիսվեմ մի քիչ,
Ու թևերիդ չծանրանամ:
Ինձ մի ներիր, ինձ չներես,
Հանց անառակ որդի թե գամ,
Անապատը թեժ սրտիս մեջ`
Քո կարոտին փափագ մնամ:
Մնամ հեռվում,քեզնից հեռու,
Թե Գողգոթադ էլ ուրանամ,
Թե գինուդ ջուր եմ խառնել,դու
Այնպես ներիր,  որ չիմանամ...

Категория: Պոեզիա | Добавил: Hasmik (2011-05-18)
Просмотров: 654 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: