ԳլխավորՊոեզիաՄանկականԱրձակԻմ մասինԿապ


Главная » Статьи » Պոեզիա


Պոեզիա

Ախր ես ինչպես վեր կենամ,գնամ...
                                          Հ.Սահյան


Ախր ես ինչպես վեր կենամ, գնամ,
Տուն իմ հայրենի, թողնեմ վիզդ ծուռ,
Ուրիշի տան մեջ հյուր էլ կմնամ,
Քո որբությունից կլինեմ տխուր:
Ախր ես ինչպես այլ երկիր գնամ,
Ինձ քո  մայրական գութով ես սնել,
Թե որ գնամ էլ, ես ինչպես մնամ,
Երբ որդիներիս դու ես օրորել:
Դու ինչքան էլ նեղ` պայծառ ես, մաքուր,
Դուռդ չես փակել հավատքիդ առաջ,
Օտարի կանչին ես ականջալուր,
Քեզ ուրանամ, թե կունենամ բաղարջ?:
Ախր ես ինչպես վեր կենամ գնամ,
Իմ որդիների Հայրենիքն ես սուրբ,
Քո տանիքի տակ սերդ ուրանամ,
Աղոթեմ օտար տաճարում Աստծուդ:
Ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ,
Սուտ է, թե օտար ազգն < Հրանտ  Դինք> է,
Հենց որ թույլ տեղդ նրանք իմանան,
Ատամ ցույց տալու սպառնալիք է:
Չէ, լավ է խոնարհ քո ծառան մնամ,
Քան թե օտարի տան մեջ պատվով հյուր,
Հայաստան, իմ տուն, իմ սուրբ անդաստան,
Խռովեցի քո անդորրը իզուր:


*****
Այս սափորն էլ ահա մյուսների նման
Իմ ձեռքի մեղավոր հպումով փշրեցի,
Ծաղիկը մեր սիրո ինձ նման էր այնքան,
Երբ մեռնողի աչքում ես ինձ նկատեցի:
Արտասվեցի,զուր էր պատիժն այս քեզ,
Մինչդեռ քո ցավին ես գլուխ խոնարհեցի,
Ավետիսն հարության ցանկության պես անկեզ
Գորդյան հանգույցով իմ կարոտին կապեցի:
Այս սափորն էլ նորից սիրով փշրեցի,
Արցունքիս կաթիլը կպավ զրնգոցին,
Հազար կյանք ունեի`մեկը ինձ պահեցի,
Էն էլ գիշերներս այրեց տալով բոցին:
Մանկան նման սերդ կրծքիս տակ խեղդեցի,
Նրա կյանքի ճիչը մարեց իմ շուրթերին,
Հարությունն իմ սիրո մեռնումով փրկեցի,
Թող որ մի նոր սիրով նայեմ քո աչքերին:


********
Երբ միայն քոնն է քո անունը,
Ես վախով եմ արտասանում,
Լույս է միտքս մատնահարում,
Երբ միայն քոնն է քո անունը:
Սիրո հուշը չի ծերանում,
Նոր չէ հոգու տխրությունը,
Երբ միայն քոնն է քո անունը,
Ես վախով եմ արտասանում:

**********
Ինձ տված ցավի տեղը չիմացար,
Ոչ էլ թալանիդ գինը իմացար,
Ինձ կենտ հիշեցիր ու զույգ մոռացար,
Քեզ ցավ տվողին էլ չցանկացար:


************
Երկինքը փորն է արել երկրային կիրքը,
Մութ տենչանքից է սրտի աչքը սևակնել,
Անձրևոտ է օրը, փշրված է միտքը,
Պջպջացող ջրերը իրար են կապվել:
Խառնվել են ամպերը`ոնց գառ ու մաքի,
Գարունն ինչ աչք է բացել` նայում է նրանց,
Օդը բուրմունքն է պահում համտեսած կաթի,
ճպճպում է մանկան պես բարուրի մեջ թաց:
Ծառի թրջված ճյուղերից բողբոջ է կաթում,
Օրվա գունատ դեմքն ունի խաբվածի հայացք,
Կաթիլները անձրևի լույս են հավաքում,
Ամպերի մեջ արևը որոնում է անցք...

******    **********

      

  Կ Լ Ե Ո Պ Ա Տ Ր Ա        

Քո կանացի փայլը խանդն իմ չի բորբոքել,
Չեմ ցանկացել սիրվել տիրանալու համար,
Իմ Երկնքում ծագող արևը դեռ փոքր է,
 Հոգուս անապատում ավազ է անհամար:
 Ծարավը իմ հույզի ծովն ուզում է քամի,
Իմանալով, որ կա քաղցր ջրի աղբյուր,
Օրհնանքը երկիր է ինձ համար Քանանի,
Թե աղբյուրն ինձ անգամ օձի պոզով տա ջուր:

Հավատալով ճամփա ընկած իմ երազին,
Գտել եմ արթնության պոետիկ սուրբ պահեր,
Երբ թագ ունի կինը, աչք կա ամեն մազին,
Ամեն մի այր մտքում գիտի թագավորել:

Աստիճանին փառքի արևն աչք է ծակում,
Սամումն անապատը երկինք պիտի տանի,
Հատիկով ավազի ժամանակ են չափում,
Անունն է, որ պիտի կյանքից վեր երկարի:

Կլեոպատրա, երբեք չեմ ձգվել քո գահին,
Չի պտղել արգանդն իմ սիրուց քո Կեսարի,
Բայց խանդով եմ դառնում քո իմացյալ մահին,
Փառքի ոչ մի աստճան նրան չի կործանի:

*****
Խաչված իմ տենչանքի երկնային ծարավին,
Մարմինը իմ քաղց է մի վերջին ընթրիքի,
Մի մազից են կախված նա ու իմ կույս հոգին,
Մոտիկ ու հեռու են` նման լույս ու մութի:
Սպասավոր օրվա անց ու դարձին սովոր
Միտքը իմ` ձեռքի հետ գնում է ու գալիս,
Հին լաթը ինչ անի կարկատանները նոր,
Հիշողությանը ինձ հաճախ եմ պահ տալիս:
Հավատացյալի պես հաղորդության կանգնում,
Համբերանքի ծով է սպասումը երկար,
Նշխարքի չափ հույսից աշխարհ է լիանում,
Կարոտից մեռնում եմ ապրելու չափ դժվար:
Ծաղկունքի պես ալպյան թեպետ սրտաբաց եմ,
Բայց առաջվա նման սիրուց չեմ խենթանում,
Տխրություն խաչյալի, որ չի թողնում թախծեմ,
Կյանքը ինձ լքում է` հեռուն չի մոտենում:
Աշխարհին ու ինձ էլ հիմա շատ եմ խղճում,
Ինձ հետ չի ծերանում բնազդն հոտառության,
Նա ազատ կամքի տեր`ես եմ նրա մտքում,
Հոգուս համար նեղ են պատերն իմ շինության:
Սա իմ մարմինը չէ` օրհնանքի պես մաշված`
Անմահությամբ վաղուց մեռած հրեշտակի,
Ժամանակը, որով մենք իրար ենք կապված,
Նմանվում է քիչ-քիչ կախվողի օղակի:

****
Ես իմ մոլորակը ունեմ`
մոտիկ քոնին,
Ինչպես էլ նրան նայեմ,
Նա էլ է հին...

****
Հոգուս թախիծը շռայլ է,
Ծնունդ ունի կարծես Լոռվա,
Այսօր երկինքը մռայլ է,
Փակ ծրար է միտքը օրվա:
Օրորվում են չկամությամբ
Աշնան քամուց ծառերը ծեր,
Անտեր քամին իր գժության
Տարերքի մեջ գժված է դեռ:
Փողոցն այսօր աղմկոտ է,
Սրտիս մոտ է ամեն հնչյուն,
Աշնան քամին մերկ, բոկոտն է,
Թռչկոտում է կորած փոշում:
Ով է Լոռվա ձորում ճչում,
Այսօր մի քիչ ալարկոտ եմ,
Քամին սուտ է երկինք փչում,
Իբրև արդեն մարդամոտ է:
Ամպամած է երկինքն այսօր,
Քամուն գաղտնիք պիտի չտար,
Աշնան գունեղ զգեստը նոր
Քամի թևած մտել էր պար:

*****
      Կանգ առ, երկրագունդ...
              Պ.Զեյթունցյան
Որովհետև արևից կախվածություն ունի
Երկրագունդը` պտտվում է արևի շուրջը,
Պահպանում է աչքի պես գտած լուսափունջը,
Որովհետև արևից կախվածություն ունի:
Կիրակին ծաղկում է հանուն տոնի`
Բուրվառի մեջ խնկի փչելով տաք շունչը,
Որովհետև արևից կախվածություն ունի,
Երկրագունդը պտտվում է արևի շուրջը:

******
Ասում են մոտ է վախճանն աշխարհի,
Չի փրկի նրան ոչ մի  Գողգոթա,
Խաչերը` ծածկված բլրով մեղքերի,
Անհույս թաղվածին հույսը ինչ կտա:
Կրքերն են մրրկում, եռում գինու պես,
Անիծյալ որդու իզուր վերադարձ,
Գառներ են օրհնյալ, թափվող արյան ծես,
Գինի չի դառնում ջուրն էլ վարարած:
Տանուլ են տալիս օրն իրենց վերջին,
Աչքաչափ ունի անցած ամեն օր,
Մեղքի հաշիվը`Աստծո խղճին,
Անհիշությունից աշխարհի մոլոր:
Աշխարհն`ասում են պիտի կործանվի,
Վաղվա օրվա չափ ունի ժամանակ,
Մնալու է հացն էլ առանց գինի,
Հիշողության մեջ նշխարքի չափ կյանք:

*****
Հայր, հեռացրու բաժակը ինձնից,
Նա ճառագայթն է արևիս բեկում,
Սիրտս մրսում է իր սառած մտքից,
Հայացքս անզոր իրեն եմ թեքում:
Քանի սիրուն եմ, Աստված,քեզ նման,
Գեղեցկանում եմ կրքից սիրվելու,
Հեռացրու ինձնից բաժակը միայն,
Չարությունն աչքիս քեզ չեմ ներելու:
Մորս մշուշված հայացքը ունի
Հայելիս, թե որ դեմքին եմ նայում,
Արծաթապաշտը ոչ մի մեղք չունի,
Երբ տարիքն է իր շապիկը հանում:
Տեր, հեռացրու բաժակը ինձնից,
Քեզ համար եմ, տես,ես գեղեցկանում,
Ինձ դու լավ գիտես,փուխր եմ էն գլխից,
Քո բաժակն էլ եմ շրթունքիս տանում:

*****
Տեղատարափ, տևատարափ անձրևի հետ
Չհորդեցին, չհեռացան ցավ ու թախիծ,
Պատը լացիս դեռ նայում է ինձ խև ու խեթ,
Սիրուս ծովը մեղքի լեռ է կքված կրծքիս:
Չհորդեցի, չպայթեցի երկնքի պես,
Կաթնաղբյուրի ջուր էր խմել արյունս տաք,
Ես հնազանդ եղա բախտիս, բայց էլի քեզ
Որոնեցի,իմ սերերի միակ զավակ:
Ես խենթորեն քեզ սիրեցի`սգալու չափ,
Կորուստներն իմ չհաշտվեցին գտածիս հետ,
Ուր փնտրեցի, չգտա ես չծեծված ափ,
Հնար լիներ, ժամանակը կտայի ետ:
Տեղատարափ, տևատարափ անձրև գարնան,
Քո ձեռքերով լվանում եմ վերքն իմ սրտի,
Նուրբ մատներդ իմ մատներից սառն են այնքան,
Որ թվում է մահացումիդ ժամն է էլի...

****
Ինչ լավ օր է ձմեռային,
Արևներ կան ձյուների մեջ,
Կապույտի մեջ եթերային
Խնկարկվում է երազ ու տենչ:
Օրը ասես հարսնվոր է,
Հագին` ճերմակ, մազը` արձակ,
Աչքիս բիբի պես կլոր է
Բաց երկինքը արևաթագ:
Շատ լավ օր է ձմեռային,
Երկինքն այսօր բացճակատ է,
Ծանրացել է ձյունը հողին,
Աստծո ձեռքում լի գավաթ է...

****
Ծաղկումով լիքն ես,ծառ,
Սրտանց ես բուրավետ,
Նորաբաց գարնան հետ
Ծաղկումով լիքն ես,ծառ:
Ծաղկումդ տաք ու վառ`
Յասաման`սիրո երգ,
Ծաղկումով լիքն ես,ծառ,
Սրտանց ես բուրավետ:
****
Անվարագույր պատուհանից
Երկինքն այնքան մոտ է թվում,
Լույսը բացվում է իմ տանից,
Լուսնոտի պես մութը քնում:
Թևում է վեր կապույտ ճամփով
Հայացքը իմ `ճերմակ թռչուն,
Գգվում է ինձ երկինքը մով,
Իմ կրծքի տակ ուրախ հնչում:
Ես փորձում եմ մտքիս ծայրով
Չափել երկնի խորությունը,
Արևի լույս ասղի սայրով
Ծակել թաքուն մերկությունը:
Աղոթքի պես ձգվում է վեր
Երկինքն`ու ետ իմն է մնում,
Երգս հիմա կառնի թևեր
Ու կճախրի մեր վերևում:

Категория: Պոեզիա | Добавил: Hasmik (2011-05-18)
Просмотров: 1185 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: